«Մարդիկ, սարերը, երկինքը արյուն-արցունք են թափում» Հյուսիսային Կորեայում
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում սկսվել է բռնապետ Կիմ Չեն Իրի հուղարկավորության երկօրյա արարողությունը: Տասնյակ հազարավոր զինվորներ գլուխ են խոնարհել Կիմի լուսանկարի առջև, որը տեղադրված էր փողոցներով դանդաղ ընթացող ավտոմեքենայի վրա:
Երկրի հաջորդ նախագահը՝ Կիմի երրորդ որդի Կիմ Չեն Ընը, քայլել է հոր դագաղը տանող ավտոմեքենայի կողքով և լաց եղել:
Ըստ երկրի պետական լրատվամիջոցների՝ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին սրտի կաթվածից 69 տարեկանում: Մարդիկ 10 օր շարունակ անցնում էին նրա ապակե դագաղի մոտով ու ողբում:
Երեք ժամ տևած թաղման կենտրոնում Կիմ Չեն Իրի հսկա լուսանկարը տանող լիմուզինն էր: Հենց մեքենան անցնում էր իրենց մոտով, մարդիկ ողբում էին, ցնցում իրենց մարմինները, գետին նետում իրենց, առաջ պարզում ձեռքերը: Զինվորները փորձում էին հետ պահել մարդկանց ու թույլ չտալ կտրել լիմուզինի ճանապարհը:
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում մի զինվոր ասել է. «Ձյունն անվերջ թափվում է, ինչպես արցունքներ: Ինչպե՞ս կարող է երկինքը լաց չլինել, երբ մենք կորցրել ենք մեր գեներալին, որը մեծ մարդ էր՝ երկնքից մեզ տրված: Մահը մեզ բաժանեց գեներալից: Մարդիկ, սարերը, երկինքը արյուն-արցունք են թափում: Սիրելի Գերագույն հրամանատար»:
Վերլուծաբաններն ասում են, որ բռնապետի մահվան առթիվ հյուսիսկորեացիների նման հիստերիան և ողբը անկեղծ չեն. մարդիկ այդպես են անում, որովհետև վախենում են: Ընդ որում՝ նրանք սկսում են ավելի ուժգին ողբալ, հենց իրենց նկարահանում են:
Իսկ BBC-ն գրում է, որ թափորի նման պոռթկումներն ու թաղման այսպիսի արարողությունը հստակ քաղաքական նպատակ ունեն, որն է վշտի միջոցով միավորել երկիրը և դրանով ավելի ապահով իրականացնել իշխանության փոխանցումը:
Կեմ Չեն Իրը հայտնի էր իր քաղաքական հակառակորդների համար համակենտրոնացման ճամբարներ ստեղծելով, մահապատիժներ իրականացնելով: Երկրի բնակչությունն աղքատ է: Այս երկրում բոլոր լրատվամիջոցները պետական են: Հյուսիսային Կորեան համարվում է աշխարհի ամենափակ երկրներից մեկը:
Կիմ Չեն Իրի հիշատակի արարողությունների ծրագիրը նախօրոք հայտնի չի եղել, և որևէ օտարերկրյա պատվիրակություն չի մասնակցել:
Օտարերկրյա դիտորդներն ուշադրությամբ հետևում են, թե երկօրյա հուղարկավորության ժամանակ ինչ հերթականությամբ են շարվում պաշտոնյաները, որպեսզի հասկանան, թե նրանցից ով կստանձնի բարձր պաշտոններ:
BBC-ն գրում է, որ Հյուսիսային Կորեայում գործող համակարգն այսօր ավելի թույլ է, քան երբևէ: Կիմ Չեմ Ընը, որը 30 տարեկան էլ չկա, փորձառու չէ, և միայն անցյալ տարի է հայտարարվել, որ նա է ստանձնելու երկրի ղեկը: Եթե նրան որևէ ընդդիմություն լինի զինվորականության մեջ, ապա Կիմ Չեն Ընի խաղաքարտը կդառնա ոչ թե այն, թե ինչ է ինքն արել, այն այն, թե ով է ինքը:
Հարավային Կորեայում մտահոգվում են, որ թուլացած Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կփորձի ինքն իրեն ուժեղացնել՝ հարավի դեմ ռազմական արկածախնդրության դիմելով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել