
Կոյուղաջրի սկանդալը՝ «Մաքուր Հայաստանում»․ վարչապետը հանձնարարում է, բայց չի պարտադրում
4 ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր Տարոն Մարգարյանին հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի աշխատանքները։ Վերջինս, սակայն, ընդունելով վարչապետի առաջարկությունը, փետրվարի 13-ին ավագանու աղմկահարույց նիստում փորձեց կանխել կեղտի և գարշահոտի մասին բարձրաձայնումը։
Երևանի ավագանու նիստի ծեծկռտուքը հնարավոր է, որ չլիներ, եթե արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հետևողականորեն կատարեին 2017թ-ի հոկտեմբերի 26-ին վարչապետի կողմից իրենց տրված հանձնարարականը, որը բաղկացած էր երկու մասից․
1) ձեռնարկել միջոցներ ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկելով համապատասխան պատասխանատվության,
2) մինչև 2017 թվականի դեկտեմբերի 26-ը մշակել և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել վերոհիշյալ դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված իրավական կարգավորման առաջարկություններ:
«Հետք»-ն ուսումնասիրել է 2017թ․-ին վարչապետի՝ թվով 264 հանձնարարականները, որոնցից 90-ում Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և պետական այլ կառույցների ղեկավարներին հանդես գալ առաջարկներով՝ այս կամ այն թերությունը վերացնելու ուղղությամբ։
Նույն պահանջով հանձնարարականներ վարչապետը հնչեցրել է աշխատատեղեր ստեղծելու, բիզնեսի և արդյունաբերության զարգացման և այլ թեմաներով։
Ստորև ծանոթացեք վարչապետ Կարեն Կարապետյանի 2017թ-ին տված բոլոր հանձնարարականներին՝ ըստ ոլորտների։ Մկնիկի սեղմումով կարող եք բացել յուրաքանչյուր ոլորտի յուրաքանչյուր հանձնարարական։ Ամբողջ պատկերին վերադառնալու համար՝ սեղմեք esc կոճակը։
Անցյալ տարվա մարտի 23-ը Կարեն Կարապետյանի համար ծանր աշխատանքային օր է եղել։ Նա այդ օրը տվել է ամենաշատ հանձնարարականները։ Դրանց կեսից ավելին կրկին պահանջել են, որ պետական պաշտոնյաները հանդես գան խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներով։ Այդ օրը կառավարության նիստում քննարկվել է «Սևան» ազգային պարկի՝ տնտեսական և զբոսաշրջային զարգացմանն ուղղված գործողությունների պլանը։
2017-ին Կարեն Կարապետյանի հանձնարարականների մեծ մասը վերաբերում է պետական կառավարմանը (40 հատ), բնապահպանությանը (34 հատ) և բիզնեսին (24 հատ)։
Պետական կառավարում․ այս հանձնարարականներով գործադիրի ղեկավարը փորձել է հեշտացնել պետական վարչարարությունը՝ հատկապես ներդրումների բնագավառում։ Ավելին՝ համայնքների կողմից մատուցվող որոշ ծառայություններ (աղբահանություն, լուսավորություն, առողջապահություն և այլն) վարչապետը հանձնարարել է փոխանցել մասնավոր սեկտորին։ Հանձնարարականներից մի խումբ էլ վերաբերել է պետական մարմինների կողմից հաշվետվությունների ժամանակին և համապարփակ կերպով հանրայնացնելուն։ Կարեն Կարապետյանը ժամանակ առ ժամանակ հանձնարարել է կատարել իր հանձնարարականները։
Բնապահպանություն․ այս ոլորտի հանձնարարականներում մեծ տեղ է զբաղեցնում «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված աղբահանման միջոցառումների կատարման պահանջը։ Առկա են նաև ապօրինի անտառահատումների կանխմանը, ՀԷԿ-երի բնապահպանական վնասի չափմանը և Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը վերացնելուն ուղղված հանձնարարականներ։
Բիզնես․ ոլորտի զարգացման նպատակով՝ վարչապետը հանձնարարել է Ռուսաստանի գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման ուղղությամբ: Բացի այդ՝ հանձնարարվել է աշխատանքներ իրականացնել Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով։ Բոլոր մարզպետներին հանձնարարվել է հանդես գալ համայնքներում ներդրումային ծրագրերի և զբոսաշրջության զարգացման առաջարկներով։ Միևնույն ժամանակ, պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվել է փոքր և միջին ձեռնարկություններում հարկային ստուգումներն իրականացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:
2017-ին ամենաշատը վարչապետից հանձնարարական է ստացել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը (45 հանձնարարական)։
![]() |
Ինֆոգրաֆիկան՝ Դավիթ Բանուչյանի
«Հետքը» հետևելու է վարչապետի հանձնարարականներին՝ առանձին-առանձին անդրադառնալով դրանց կատարման ընթացքին։ Մեր հաջորդ հրապարակումներում կներկայացնենք, թե արդյոք Կարեն Կարապետյանի՝ 2017թ-ին տրված հանձնարարականները կատարվել են սահմանված ժամկետներում և ցուցումներով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել