
Հայաստանի հավաքականը 91-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման փետրվար ամսվա ցուցակը, որում Հայաստանի ընտրանին հունվարի համեմատ մեկ հորիզոնականով նահանջել է ու հայտնվել 91-րդ տեղում: Ընդ որում՝ մեր հավաքականի վարկանիշային միավորները մնացել են նույնը՝ 383:
Համաշխարհային ցուցակի առաջին 17 հորիզոնականներում փոփոխություններ չկան: Պատճառը պարզ է. հունվարին ազգային թիմերը շատ քիչ հանդիպումներ են անցկացնում, հետեւաբար, տեղաշարժերն էլ քիչ են: Առաջատարը մնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը նորից Ուկրաինան է (35), հաջորդում են Ռուսաստանը (61), Ուզբեկստանը (72), Էստոնիան (87): Մյուսները հետ են մնում Հայաստանից:
Ազգերի լիգայում մեր հավաքականի առաջիկա մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան 74-րդն է (-1), Լիխտենշտայնն ու Ջիբրալթարն էլ պահպանել են համապատասխանաբար 182-րդ եւ 206-րդ հորիզոնականները:
Ինչպես հայտնի է, մարտի 24-ին Հայաստանի ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու Երեւանում էստոնացիների հետ: Վերը նշեցինք, որ բալթյան երկրի թիմը 87-րդն է այս պահին: Հունվարի համեմատ էստոնացիներն առաջադիմել են 1 տեղով: Իսկ մարտի 27-ին կրկին ընկերական խաղում մեր մրցակից Լիտվայի ազգային թիմը մնացել է 147-րդ տեղում:
Հայաստանի հարեւաններից լավագույն ցուցանիշն ունի Իրանը (33, +1), որին հաջորդում է Թուրքիան (38, +3), Վրաստանը 100-րդն է (+4), իսկ Ադրբեջանը՝ 119-րդը (-1):
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի մարտի 15-ին:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել