HY RU EN

Սեդա Ղուկասյան

Հրայր Թովմասյանը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։

Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Վերջինիս խոսքով՝ Թովմասյանին Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի Գևորգ Կոստանյանը։

«Վաղը խմբակցությունը կներկայացնի որոշումը՝ այդ պաշտոնում առաջադրել Գևորգ Կոստանյանի թեկնածությունը»,-ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարել են, ուստի նրա տեղը թափուր է։ Տեղեկացնենք, որ ըստ Սահմանադրության՝ ՍԴ անդամը չի կարող լինել լինել որևէ կուսակցության անդամ, ուստի սպասելի է, որ Թովմասյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում կներկայացնի։

«Հետքը» ՀՀԿ խոսնակից հետաքրքրվեց, թե արդյոք Թովմասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Շարմազանովն ասաց, որ երբ ժամանակը գա, կներկայացնի՝ հորդորելով չանհանգստանալ Սահմանադրության կատարման համար, քանի որ «և' ՀՀԿ-ն, և' Թովմասյանը Սահմանադրության պահանջները գիտեն»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հրայր Թովմասյանը դեռևս պատգամավորական մանդատից չի հրաժարվել, հրաժարվելու դեպքում ըստ ՀՀԿ համապետական ցուցակի, Թովմասյանին փոխարինելու է Տաճատ Վարդապետյանը: