HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահակաշվիլու նկատմամբ վստահությունն արդեն այնպիսին չէ, ինչպիսին վեց-ութ ամիս առաջ էր»

Խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիշվիլին այն գործիչներից է, որոնք ներկայիս նախագահ Միքայել Սահակաշվիլու հետ միասին որոշումներ էին կայացնում վրացական հեղափոխության օրերին, նրա հետ նույն դաշինքում մասնակցում էր 2003թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններին: Բերձենիշվիլու կուսակցությունը, որը ստեղծվել է 1978 թ. , խորհրդային իշխանությունների ժամանակ գործում էր ընդհատակում, դեմ էր անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտրությանը, հետագայում` նրա վարած քաղաքականությանը, սուր քննադատության էր ենթարկում Էդուարդ Շեւարդնաձեին նրա ղեկավարման բոլոր տարիների ընթացքում: Այսօր Դավիթ Բերձենիշվիլին ընդդիմանում է նաեւ Միքայել Սահակաշվիլուն: 

Ստացվում է, որ Դուք միշտ ընդդիմությու՞ն եք: 

Երկուսուկես տարի առաջ Միքայել Սահակաշվիլու հետ հանրապետականները ստեղծեցին «Ժողովրդավարական ճակատ-Ազգային շարժումը», միասին հաղթեցին Թբիլիսիի քաղխորհրդի ընտրություններում: Այժմ Սահակաշվիլու նկատմամբ մեր ընդդիմականության չափը պայմանավորվում է նրա ժողովրդավարականության մակարդակով: Սահակաշվիլին որոշակի խնդիրներ ունի ժողովրդավարության հետ: Այդ խնդիրներն ի հայտ եկան «Վրաստանն առանց Շեւարդնաձեի, Աջարիան առանց Աբաշիձեի» հարցը լուծելուց հետո: Ի դեպ, սա մեր` հանրապետականներիս, կարգախոսն էր: Հունիսի քսանին տեղի ունեցան Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրությունները, եւ այդ ժամանակ էլ սկսեցինք քննադատել Սահակաշվիլու «Ազգային շարժումը»: Աջարիայում ընտրություններն ընթացան բոլորովին էլ ոչ ժողովրդավարական չափանիշներով, բավական շատ էին ընտրախախտումները: Մեզ համար անթույլատրելի է Աջարիայի կարգավիճակի մասին ընդունված օրենքը, քանի որ այժմ փաստորեն ոչինչ չի մնացել այստեղի նախկին տեղական իշխանություններից:

Օրենքի համաձայն՝ Սահակաշվիլին իրավունք է ստացել Աջարիայի ընտրված խորհրդարանին առաջադրել վարչապետի իր թեկնածուին: Այսինքն՝ Վրաստանի նախագահն արեց այն, ինչ ուզում է հիմա անել Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան տարածաշրջանների հետ: Մենք տարաձայնություններ ունենք նաեւ օսեթական հարցում: Ամենեւին էլ հիացած չէինք այն պահվածքից, որ ունեցան վրացական նոր իշխանությունները օգոստոսին տեղի ունեցած բախումների ժամանակ: Կարծում եմ՝ Սահակաշվիլու իշխանությունը կուլ տվեց Ռուսաստանի խայծը: Բայց պետք է նաեւ գնահատել Սահակաշվիլուն, ի վերջո նա հասկացավ ինչն ինչոց է եւ թույլ չտվեց, որ վրաց-օսական վերջին բախումները վերածվեն լայնածավալ պատերազմի: Եվ սխալն է նրանը, եւ այդ սխալի ուղղումը` դարձյալ նրա ձեռքբերումն է: 

Վրաստանի նոր իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ունեն աբխազական կարգավորման նոր մոտեցումներ: Խոսքը կարգավորման այն տարբերակի մասին է, որը Դու՞ք էիք առաջարկում: 

Վրաստանում ոչ ոք, բացի հանրապետականներից եւ առանձին անկուսակցական փորձագետներից, աբխազական խնդրով լրջորեն չի զբաղվել: Եվ վրացական քաղաքական ողջ դաշտից աբխազները ծանոթ են միայն մեր ծրագրերին: Այնպես որ, շատերն էին կարծում, որ եթե Սահակաշվիլին հանրապետականների հետ մեկ դաշինքում է, եթե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերով պետական նախարար է նշանակել հանրապետական Գեորգի Խաինդրավային, ապա աբխազական հարցում հիմք կդառնան հենց մեր կոնցեպցիաներն ու մոտեցումները: Գոյություն ունի ծավալուն մի փաստաթուղթ, որը ստեղծել են վրաց փարձագետները, մեծ մասամբ հանրապետականների փորձագետները, որտեղ խոսքը կոնֆեդերատիվ տարրերով Վրաստանի ֆեդերալիզացիայի մասին է: Սահակաշվիլու իշխանությունը աբխազական խնդրի կարգավորման իր կոնցեպցիան չունի , բայց նաեւ մեր առաջարկած տարբերակները դեռեւս չեն համարվում վրացական նոր ղեկավարության տարբերակները: 

Կարծում եք, ընդհանրապես հնարավո՞ր է կոնֆեդերատիվ տարրերով ֆեդերացիան: 

Այո, հնարավոր է: Երեք-չորս տարի առաջ ես առաջարկեցի ընդհանուր վրացական պետության ստեղծման տարբերակը: Դրա հիմքում հորիզանական հարաբերություններ են, բայց ընդհանուր պետության շրջանակներում: 

Մոտավորապես նույն բանը, ինչ առաջարկում էին ղարաբաղյան հակամարտության կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդնե՞րը: 

Այո, ես գիտեմ ղարաբաղյան խնդրի կարգավորման այդ տարբերակի մասին, բայց մեր տարբերակն ավելի ճշգրիտ է մշակված: Այստեղ տարբեր իրավաբանական մեխանիզմներ կան: Մենք չենք կարող անտեսել եւ ասել, թե աբխազական հարցում կա միայն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայքարը: Սա ճիշտ է, բայց ամբողջ ճշմարտությունը չէ: Սա կոնֆլիկտ է նախեւառաջ վրացիների եւ աբխազների միջեւ: Փուլային կարգավորման բանալիները գտնվում են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում, այլ Թբիլիսիում եւ Սուխումում: Մենք չենք պատրաստվում մնալ վրաց-աբխազական խնդրի գերին: Այնպես որ, մինչեւ չլինի վրացական լուրջ հաջողություն ժողովրդավարական հասարակության ստեղծման, լիբերալ տնտեսության զարգացման, եվրոպական ժողովրդավարական ստանդարտների տարածման հարցերում, կարծում եմ, որ Աբխազիայի՝ Վրաստանին վերաինտեգրվելու ոչ մի հեռանկար չի լինի:

Բացի այն սխալից, որը թույլ տվեց Շեւարդնաձեն` պատերազմի գնալով Աբխազիայի դեմ, ուրիշ ի՞նչ սխալներ են ունեցել Վրաստանի նախկին իշխանությունները, որոնցից այեւս չի կարողանա խուսափել Սահակաշվիլին: 

Վրաց-աբխազական հարաբերություններում ոչ լավ ժառանգություն մնացել է դեռեւս Գամսախուրդիայից: Ստեղծվում էր թշնամու կերպար, վրացիներն ու աբխազները կողմնորոշման տարբեր ուղղություններ էին բռնել: Վրացինեը պատրաստվում էին դուրս գալ Խորհրդային Միությունից, կառուցել ազգային պետություն ` ոչ մի ռեալ բան չառաջարկելով աբխազներին: Նորանկախ Վրաստանում աբխազների տեղը որոշված չէր: Վրաց ուլտրաազգայնականների նման ոճը ոչ մի կերպ չէր գայթակղում աբխազներին, այդ պատճառով նրանք կողմնորոշվում էին դեպի Մոսկվան: Բայց ես մեղադրում եմ ոչ միայն եւ ոչ այնքան Գամսախուրդիային ու Շեւարդնաձեին: Վրացական հասարակությունն իր հերթին պատրաստ չէր : Մեղքն այն վրացիներինն է, որոնք հասկանում էին առճակատման կործանարարությունը, բայց նաեւ չկարողացան օգտագործել իրենց հեղինակությունը պատերազմը կասեցնելու համար: Շեւարդնաձեն կարծում էր, թե կկարողանա սանձահարել աբխազներին Ռուսաստանի օգնությամբ եւ այդպիսով թույլ տվեց իր ամենամեծ սխալը. նաեւ Ռուսաստանի ջանքերով առաջացած խնդիրը Շեւարդնաձեն պատրաստվում էր լուծել Ռուսաստանի իսկ միջոցով: Ի դեպ, ես երբեք բարձր կարծիք չեմ ունեցել նրա քաղաքական ինտելեկտի եւ ճկունության մասին:

Իսկ Սահակաշվիլի՞ն: 

Թբիլիսիում 2003 թվականի նոյեմբերյան եւ Աջարիայում 2004 թվականի մայիսյան իրադարձությունները ցույց տվեցին Սահակաշվիլու հսկայական դերը: Չեմ կարծում, թե նա սպառել է իր դրական ռեսուրսը: Վրաստանի առջեւ կանգնած է հարկային օրենսդրության եւ տնտեսության լիբերալացման խնդիրը: Կոռուպցիայի մակարդակն, իհարկե, իջել է, բայց այս բնագավառում համակարգված բարեփոխում դեռ չկա: Հավանաբար, Սահակաշվիլին համարում է, որ ժամանակակից Վրաստանին անհրաժեշտ է ուժեղ, կենտրոնացված իշխանություն: Ես նրա հետ համաձայն չեմ եւ կարծում եմ, որ այն, ինչ չհաջողվեց իրագործել Գամսախուրդիային եւ Շեւարդնաձեին, չի հաջողվի նաեւ Սահակաշվիլուն: Այժմ Սահակաշվիլին ունի շատ լուրջ խնդիր` մեծամասնություն խորհրդարանում, ընդամենը մի քանի ելույթ ունեցող պատգամավորներ եւ ձեռքերի երկար շարք, որ բարձրանում են քվեարկության ժամանակ ըստ հրամանի: 

Վրաստանում միանշանակ չի գնահատվում նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, ապա երկրի գանձապետարանի օգտին արված շոշափելի «փրկագնի» դիմաց ազատ արձակելու փաստերը: Ընդ որում` վճարումների չափը համապատասխանում է այն վնասին, որը նոր իշխանությունների տեսանկյունից նրանք հասցրել են պետությանը: 

Սա արդարադատության սահմաններից դուրս է: Սա մի առեւտուր է. կվճարես, չեմ նստեցնի, չես վճարի, կնստես: 

Բայց ակնհայտ է, որ նման միջոցները դուր են գալիս ժողովրդին:

Ժամանակին ժողովրդին շատ դուր էր գալիս Գամսախուրդիան, անկեղծորեն ընտրեց Գամսախուրդիային նախագահ: Բայց հետո այդ նույն ժողովուրդը նրա հետ չզոհվեց: 1992 թվականին ժողովրդին շատ էր դուր գալիս Շեւարդնաձեն: Այն, ինչ դուր է գալիս ժողովրդին, դեռ չի նշանակում, որ դա է ճիշտը: Բացի այդ, շատերը, ովքեր անկեղծորեն քվեարկել էին Սահակաշվիլու օգտին եւ հեղափոխության կորիզն էին, այժմ գոհ չեն այս ամենից: Սահակաշվիլին անկասկած Վրաստանի թիվ մեկ քաղաքական գործիչն է, բայց, այնուամենայնիվ, նրա նկատմամբ վստահությունը եւ նրա վարկանիշն այնպիսին չեն, ինչպիսին վեց-ութ ամիս առաջ էին: 

Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը շատերն անվանում են հեղափոխություն: Այս տերմինն, ի դեպ, հաճախ օգտագործում է նաեւ վրացական քաղաքական ներկայիս վերնախավը: Սակայն մի՞թե իշխանության փոփոխման հեղափոխական մեթոդը ժողովրդավարական չափանիշ է համարվում: 

Վրաստանում ազգային, ժողովրդական ցասումը գիտակցված էր: Ժողովուրդը պաշտպանեց իր ձայները, որ տվել էր մեզ 2003 թվականի նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ձայները տրվել էին ոչ թե ինչ-որ մի ուլտրաազգայնականի, կամ ուլտրապոպուլիստի: Եվ ոչ այն պատճառով, որ ի դեմս Սահակաշվիլու նրանք տեսնում էին իրենց նոր կուռքին: Այո, այդ մարդկանց մեջ կան նաեւ այդպիսիք: Բայց գլխավորն այն է, որ Վրաստանի ժողովրդավարական ողջ ներուժը, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները, մտավորականությունը երեք շաբաթների ընթացքում կանգնած էին այնտեղ: Նրանց համար Սահակաշվիլին երբեք կուռք չի դառնա: 

Կարծիք կա, որ հեղափոխության ընթացքում եւ հետհեղափոխական փուլում Արեւմուտքի հզոր աջակցության պատճառով այժմ Սահակաշվիլին ստիպված է «հատուցել» արեւմտյան դոլարների դիմաց: 

Ես չեմ կիսում նման կարծիքն այն պարզ պատճառով, որ իրադարձությունների կիզակետում էի եւ որոշումներ էի կայացնում Սահակաշվիլու հետ միասին: Մենք` «Ազգային շարժում» դաշինքը, շատ ավելի քիչ, երեւի տասն անգամ քիչ փող ունեինք, քան ուներ Բուրջանաձե-Ժողովրդավարներ դաշինքը: Նույնիսկ խորհրդարանական ընտրություններից հետո մենք չէինք զգում Արեւմուտքի առանձնակի աջակցությունը: Ես միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ եթե Բուրջանաձեն ավելի շատ ձայներ ստանա, արեւմտյան շատ կառույցներ միայն ուրախ կլինեն դրա համար: Բայց այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ «Ազգային շարժումը» ստացել է մոտ 27 % , իսկ Բուրջանաձե-Ժողովրդավարները` 9%-ից մի քիչ ավելի, այն բանից հետո, երբ ժողովուրդը հավատաց Սահակաշվիլուն, եւ ինքը` Բուրջանաձեն, աջակցեց Սահակաշվիլուն, արեւմտյան կառույցները դեմ չգնացին Սահակաշվիլուն:

Ինչ վերաբերում է այն հզոր ֆինանսական աջակցությանը (մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար), որի մասին որոշում կայացվեց անցած ամռանը, ապա դա նվեր չէ Վրաստանին: Որպեսզի վրացական տնտեսությունը կարողանա օգտվի այդ միլիարդից, անհրաժեշտ են որոշակի կոնցեպցիաներ, համապատասխան կառույցներ: Ընդհանրապես, անցած տարվա նոյեմբերյան եւ այս տարվա մայիսյան իրադարձությունները վկայում են մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճի մասին: Վրաստանն ինքնաբավ աշխարհաքաղաքական միավոր չէ, եւ բնական է, որ Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունն ընկալվում է որպես հետաքրքրություն ողջ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Եթե Սահակաշվիլին խելացիորեն ղեկավարի երկիրը, եթե պահպանի Վրաստանում ժողովրդավարական տարածության ընդլայնման, լիբերալ տնտեսության ձեւավորման նպատակաուղղվածությունը, ապա Արեւմուտքից ավելի մեծ աջակցություն կստանա: 

Դուք մի անգամ ասել եք, որ Ջավախքը սոցիալ-տնտեսական խնդիր է: Ձեր տեսանկյունից այս հարցում այեւս ուրիշ բաղկացուցիչ չկա՞: 

Ջավախքի խնդիրը բազմակողմանի է: Հայաստանի իշխանությունները եւ, որքան գիտեմ, հայ հասարակությունն իր ամբոջության մեջ ընդունում են, որ սա ներվրացական խնդիր է: Ես չգիտեմ՝ դեռեւս ուժի մե՞ջ է դաշնակցական գործիչների Միացյալ, այդ թվում՝ նաեւ Ջավախքի հետ Միացյալ Հայաստանի ծրագիրը: Բայց ուզում եմ ասել, որ դա ամենեւին էլ բարեկամական քայլ չէ Վրաստանի նկատմամբ: Այնուհանդերձ, մենք չենք կարծում, թե Հայաստանն ու հայ հասարակությունն ուզում են Վրաստանի քայքայումը: Ջավախքում կա տեղական ինքնակառավարման խնդիր: Ի դեպ, այս հարցում խնդիրներ ունենում է յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն կիսաժողովրդավարական, անցումային-ժողովրդավարական երկրում: Վրաստանը չի պատրաստվում Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում ստեղծել հայ ազգային ինքնավարություն: Բայց կա Ջավախքի քաղաքացիների պետական ընդհանուր կառույցներին ինտեգրման լուրջ խնդիրը:

Այդ պատճառով, քանի դեռ Սամցխե-Ջավախքում չեն լինի իշխանության տարածաշրջանային ընտրական մարմիններ, քանի դեռ Ախալքալաքում եւ Նինոծմինդայում չկան ռեալ տեղական մարմիններ, բնական է, որ լուրջ խնդիրները կպահպանվեն: Խնդրի մյուս մասը կոռուպցիան է, որը խանգարում էր այս տարածաշրջանից ապրանքները Վրաստանի այլ շրջանների սպառողներին հասցնելուն: Եվ խնդրի երրորդ մասը Ախալքալաքում ռուսական ռազմակայանն է: Ավանդաբար այն պաշտպան է համարվում, եւ շատերն այնտեղ ապրում եւ աշխատում են ռազմակայանի առկայության շնորհիվ: Չի՞ լինի այլեւս ռուսական ռազմակայանը, ուրեմն վրացական պետությունն իր քաղաքացիներին պետք է առաջարկի աշխատանքի այլընտրանք: Ես ծանոթ եմ այս տարածաշրջանին եւ վստահ եմ, որ æավախքում ոչ մի անջատողականություն չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter