HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի և մյուսների գործով «Իգլան» Էջմիածնի նախկին քաղաքապետին է պատկանել. պնդում է վերջինիս որդին

ԼՀՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր Վերաքննիչ դատարանում ցուցմունք տվեց վերջերս Վրաստանի իրավապահների կողմից Հայաստանին արտահանձնված Ռոբերտ Աղվանյանը:

Վերջինս Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդին է, և ըստ գործի նյութերի,  Բաբայանի և մյուսների գործով իրեղեն ապացույց ճանաչված «Իգլայի» խողովակը Հրաչյա Մայիլյանին հանձնած անձը: Իսկ Հրաչյա Մայիլյանն այն անձն է, ով «Իգլայի» խողովակը հանձնել է ԱԱԾ-ին:

Աղվանյանը դատարանում հայտարարեց, որ Վրաստանից ռազմամթերք չի բերվել Հայաստան, որ այն պատերազմի ժամանակ հայրն է ձեռք բերել, և ինքն իր տնից այն տվել է Հրաչյա Մայիլյանին:

«Վրաստանից զենիթահրթիռային համալիր Հայաստան չի բերվել, եթե նման բան լիներ, Վրաստանն ինձ չէր արտահանձնի»,- դատարանում հայտարարեց Ռոբերտ Աղվանյանը՝ նշելով, որ զենքը հայտնաբերել է տարիներ առաջ՝  իր տունը վաճառելու ժամանակ:

Նշենք, որ վերաքննիչ բողոք բերած Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են «Իգլա»-ն  ձեռք բերելու, կրելու և փոխադրելու մեջ: Սամվել Բաբայանն, ըստ նյութերի, եղել է վերը նշված արարքի պատվիրատուն, իսկ զենքը ձեռք բերելու ուղղությամբ գործողություններ են կատարել Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանը «Իգլա» ձեռք բերելու հարցով դիմել է Արմեն Պողոսյանին, վերջինս էլ իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով Ռոբերտ Աղվանյանի միջոցով զենիթահրթիռային համալիրը ձեռք է բերել, պահել իր ավտոտնակում:

Հրաչյա Մայիլյանի վերաբերյալ դեռևս 2013 թվականից քննվող գործ է եղել, և տարիներ անց քննություն իրականացնող մարմինը հանկարծ որոշել է գաղտնալսել նրան, որի արդյունքում բացահայտվել է «Իգլայի» պատմությունը: Այն բանից հետո, երբ Հրաչյա Մայիլյանին բերման են ենթարկել ԱԱԾ, վերջինս հայտնել է «Իգլայի» տեղը:

Այս պահին Մայիլյանի նկատմամբ «Իգլայի» գործով քրեական հետապնդում չի իրականացվում. այն դադարեցվել է, քանի որ, ըստ քննության տվյալների, վերջինս ինքնակամ հանձնել է զենքը:

Սամվել Բաբայանն ու գործով մյուս ամբաստանյալները, սակայն, չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, Բաբայանը պնդում է, որ ինքը «Իգլայի» պատմության մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ Սանասար Գաբրիելյանն իրեն ցույց է տվել դրա լուսանկարը, ավելին, ինքը, զենքին քաջ ծանոթ լինելով, տեսել է, որ դրանից մասեր են պակասում, այս մասին հայտնել է Գաբրիելյանին, ինչպես նաև զգուշացրել, որ եթե այն ձեռք բերի, կարող է խնդիրներ ունենալ, որից հետո հրաժարվել է այն ձեռք բերել: Այսպիսով, ըստ Սամվել Բաբայանի, ինքը ոչ թե  դրդել է ձեռք բերել զենքն, ինչպես ասված է իր մեղադրանքում, այլ դրդել է, որպեսզի Գաբրիելյանը դրանից հրաժարվի, ինչն էլ վերջինս արել է:

Այսօր դատարանում ցուցմունք տված Ռոբերտ Աղվանյանը նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին, ըստ որում՝ բացառապես որպես էջմիածինցի: Աղվանյանը հայտարարեց նաև, որ ինքն ամբաստանյալներից որևէ մեկի հետ զենք ձեռք բերելու հարցով չի առնչվել, որ ինքը նման հարցով առնչվել է Հրաչյա Մայիլյանի հետ, ըստ որում՝ զենքն, իր տեղեկություններով, եղել է ազգությամբ եզդի մեկի համար:

«Թուրքերի հերն անիծելու համար կարող էր պետք գալ»,- հայտարարեց Աղվանյանն ու նշեց, որ զենքը Մայիլյանին հանձնելիս ինքն իմացել է, որ այն Հայաստանից դուրս է տարվելու, հակառակ դեպքում չէր տա:

Ըստ Աղվանյանի ցուցմունքի՝ ինքը մինչև այսօր էլ հնարավորություն չի ունեցել Հրաչյա Մայիլյանին ասելու, որ «Իգլայի» խողովակն իրականում Վրաստանից չի բերվում, որ այն իր տանն է գտնվելիս եղել: Դատավոր Սևակ Համբարձումյանի հարցին, թե ինչո՞ւ է Աղվանյանը Մայիլյանին ասել, թե զենքը Վրաստանից է բերվում, Աղվանյանը պատասխանեց, որ դա գնային քաղաքականություն է, քանի որ այդ դեպքում զենքն ավելի թանկ կվաճառեր:

Աղվանյանը հայտնեց նաև, որ «Իգլայի» խողովակի համար Հրաչյա Մայիլյանն իրեն  պիտի 25 000 ԱՄՆ դոլար վճարեր, որից 4000-ը վճարել էր, իսկ գումարի մնացած մասը խոստացել վճարել ապրանքը վաճառելուց հետո:

Նշենք, որ ըստ Սամվել Բաբայանի և մյուսների գործի՝ «Իգլայի» արժեքը եղել է 50 000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ այս մասով ևս Աղվանյանի ցուցմունքը չի համընկնում գործի նյութերում առկա տվյալներին:

Դատարանն այսօր այս գործով անցավ դատական վիճաբանությունների փուլին, հաջորդ դատական նիստին ճառով հանդես կգան մեղադրող և պաշտպանական կողմի ներկայացուցիչները:

Նշենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է 2017 թվականի մարտի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Վերջինս սատարում էր խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՕՐՕ դաշինքին:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի նոյեմբերի 28-ի  դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 6, 3 և 2,5 տարվա ազատազրկման: Նույն դատավճռով դատապարտվել է նաև 4 այլ անձ, սակայն նրանց նկատմամբ սահմանվել է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Վերջիններս առաջին ատյանի դատավճիռը չեն բողոքարկել, իսկ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ և պահանջում են բեկանել դատական ակտն ու իրենց անպարտ ճանաչել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter