
Բուքմեյքերական ընկերությունները շրջանառության 35% աճ են գրանցել. ծառայությունների ոլորտը 2017-ին
2017 թվականին Հայաստանում տնտեսական աճի վրա զգալի ազդեցություն ունեցավ ծառայությունների ոլորտը։ Թեև տնտեսական աճի տարեկան արդյունքները դեռևս հրապարակված չեն, սակայն տարվա առաջին երեք եռամսյակների տվյալները վկայում են, որ ՀՆԱ-ի աճին ամենից շատ նպաստել են առևտուրն և ծառայությունները։
Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) նախորդ տարվանից հրապարակում է բավականին մանրամասն տվյալներ, թե ծառայությունների ենթաոլորտները ինչ վարքագիծ են դրսևորել տվյալ ժամանակահատվածում։
2017 թվականին (հունվար-դեկտեմբեր) ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 453 մլրդ դրամ, որը 2016 թվականի համեմատ աճել է 14.4%-ով։
Ծառայությունների ոլորտում շրջանառության ծավալներով առաջատարն են ֆինանսական ոլորտը (այդ թվում՝ ապահովագրությունը), մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը, որտեղ մեծ կշիռ ունի բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը, տեղեկատվության և կապի ոլորտը, ինչպես նաև տրանսպորտը։
Ֆինանսական և ապահովագրական ոլորտում նախորդ տարի 20.6% աճ է գրանցվել։ Ընդ որում՝ այն ապահովվել է բանկային գործունեության արդյունքում։ Իսկ ապահովագրության ոլորտում անկում է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտն ապահովել է ծառայությունների ընդհանուր ծավալը 20.8%-ը։
Հաջորդը, ինչպես նշեցինք, մշակույթ, զվարճությունների և հանգիստ ոլորտն է։ Այն արդեն մի քանի տարի է «հետաքրքրիր» ցուցանիշներ է արձանագրում։ Այս ոլորտի շրջանառությունը 2017 թվականին կազմել է մոտ 285 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ աճել է 22.3%-ով։ ծավալները հիմնականում ապահովվում է շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը։ Խոսքը խաղատների ու բուքմեյքերական ընկերությունների մասին է։
Մասնավորապես, նշված 285 մլրդ դրամից մոտ 276 մլրդ դրամն ապահովել են խաղատներն ու բուքմեյքերականները, որոնց հասույթը 2017 թվականին աճել է 22.5%-ով։ Ընդ որում՝ բուքմեյքերական ընկերությունները շրջանառությամբ էականերոն գերազանցում են խաղատներին։ 2017 թվականին խաղատնային գործունեության ծավալը կազմել է 66 մլրդ դրամ, ընդ որում ՝ այն նվազել է 4.9%-ով։ Նույն ընթացքում բուքմեյքերական ընկերությունները վիճակախաղերի (տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում) շնորհիվ ապահովել են մոտ 209 մլրդ դրամի ծավալը, որը 2016-ի համեմատ աճել է 34.9%-ով։
Ստացվում է, որ բուքմեյքերական ընկերությունների հասույթն աճել է «կատաղի» տեմպերով, ինչև, բնականաբար, զգալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ամբողջ ոլորտի աճի վրա։ Բուքմեյքերական ընկերություններին առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն անդրադառնալ։
Տեղեկատվության և կապի ոլորտի ծավալը 2017 թվականին կազմել է մոտ 244 մլրդ դրամ, աճը՝ 5.3%: Ընդ որում ՝ այստեղ կարևոր է նշել, որ ոլորտի աճը գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաներ ենթաոլորտի շնորհիվ, որի ծավալները աճել են 29.6%-ով ու հասել գրեթե 76 մլրդ դրամի։ Իսկ հեռահաղորդակցության ոլորտում անկումը շարունակվել է և տարվա կտրվածքով կազմել 4.9%:
Առհասարակ, ծառայությունների բոլոր խոշորացված ոլորտներում նախորդ տարի ծավալների աճ է գրանցվել։
Մարզերում ծառայությունների պահանջարկը փոքր է
Հետաքրիր է, որ ծառայությունների ծավալի (1 տրլն 453 մլրդ դրամ) 80.6%-ն ապահովել է Երևանը, իսկ մարզերի բաժին է հասել ընդհամենը 19.4%-ը։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսական գործընթացները Հայաստանում կենտրոնացված են մայրաքաղաքում, իսկ մարզերում տխուր պատկեր է։ Ընդ որում՝ 2016 թվականին ևս նշված բաշխվածությունը նույնն է եղել։
Մարզերում քիչ թե շատ զարգացած է ֆինանսական և ապահովագրական ոլորտը, այն էլ՝ հիմնականում բանկերի ու վարկային կազմակերպությունների գործունեությունն է։
Մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը ևս մարզերում համեմատաբար տեսանելի է։ Սա նաև առանց պաշտոնական վիճակագրության է տեսանելի, քանի որ մարզերում ևս օրեցօր ավելանում են բուքմեյքերական գրասենյակները, ինչպես նաև՝ խաղատները ևս գտնվում են մարզերում։
Տրանսպորտը ևս քիչ թե շատ աշխույժ է մարզերում։
Ծառայությունների ծավալով մարզերից ամենամեծ կշիռը բաժին է ընկնում Կոտայքին։
Այս մարզում են գտնվում խոշոր խաղատները։ Չի բացառվում, որ ծառայությունների ծավալի գերակշիռ մասը Կոտայքում ապահովում են հենց խաղատները։
Մեկնաբանել