
Էթիկայի հանձնաժողովը «խմբագրում» է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հայտարարագրերը
Օրեր առաջ թվով 6 հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել Արմեն Սարգսյանի թեկնածության Սահմանադրության պահանջներին համապատասխանության վերաբերյալ: Նշել էին, որ նախագահի թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը:
Որպես հիմնավորում նշված էր նաև այն, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է ՀԿ-ների հայտարարությանը: Իր պաշտոնական կայքէջում Հանձնաժողովը պարզաբանել է, թե «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին Հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչև սույն թվականի մարտի 30-ը): Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաև համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով): Դրա վերաբերյալ առկա է նաև պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում:
Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովը շրջանցել է ՀԿ-ների կողմից բարձրացված հարցը: Այն է՝ Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր: Այսօր էլ 2013թ. տարեկան հայտարարագիրը ներկայացված չէ, իսկ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և տարեկան հայտարարագրերը տարբեր են և չեն կարող նույնական լինել:
Բացի այդ, Արմեն Սարգսյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների 2013թ. հայտարարագիրը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտումով, մի քանի տարի անց՝ 2017թ. ապրիլի 20-ին:
«Հետքը» դեռևս 2016թ. սեպտեմբերին անդրադարձել էր, որ 2013թ. սեպտեմբերի 27-ին պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ոչ էլ՝ տարեկան: Մեր հրապարակումներից հետո է նա ներկայացրել հայտարարագրերը: Այդ ժամանակ Էթիկայի հանձնաժողովն ի պատասխան մեր գրության, հաստատել էր, որ պաշտոնյան չի ներկայացրել հայտարարագրեր: Հանձնաժողովի պարզաբանումից ստացվում է, որ Արմեն Սարգսյանը օրենքը չի ոտնահարել և չի ցուցաբերել վարքագծի նորմերի խախտում:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի չհայտարարագրած աշխատավարձին, ապա նշենք, որ այդ մասին անդրադարձել ենք դեռևս 2017թ. օգոստոսի 28-ի հրապարակումով: Այդ ժամանակ Էթիկայի հանձնաժողովը որևէ պարզաբանում չի տվել, որ դեսպանն անվճար է աշխատում: Չի նշել, որ «Դրա վերաբերյալ առկա է նաև պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում»: Մինչդեռ հայտարարագրի նշումներ բաժինն առանց հայտարարատու անձի համաձայնության հրապարակման ենթակա չէ, և քաղաքացին չի կարող տեսնել այդ նշումը:
Հիշեցնենք, որ հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին:
Էթիկայի հանձնաժողովը չի արձագանքել նաև բիզնես կապերին: Եթե Արմեն Սարգսյանը 0-ական եկամուտ է ներկայացրել, ստացվում է, որ թաքցրել է նաև բիզնեսից ստացած եկամուտները: Վերջին տարիներին մամուլը բազմիցս գրել է, որ նա բիզնես հետաքրքրություններ ունի տարբեր երկրներում:
Նա է «Highbury Group», «Knightsbridge Group» ընկերությունների հիմնադիրը: Վերջինիս խմբի մեջ մտնում են մեկ տասնյակից ավելի ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում և տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում և այլն:
Իսկ «Highbury Grօup»-ը «Ленинград» կոորպորացիան, որի գործունեության մի մասն էլ էներգետիկ ոլորտն է: Մեր տեղեկություններով այլ բիզնես ընկերություններ ևս ունի, որտեղ դեսպանը «թաքնվել» է այլ անձանց անվան տակ: Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ևս հայտարարագրերը ներկայացրել է տարիներ անց՝ 2017թ. ապրիլի 20-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել