HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մշակութային հանդես

Լույս է տեսել նոր հանդես: Անունը` ա: Խմբագիր չունի: Ունի ավելի շուտ համախոհների ակումբ հիշեցնող մի խումբ խմբագիրներ: Եթե չլիներ այս հանդեսը, դժվար կլիներ հաստատ ասել, կա՞ր նման հրատարակության անհրաժեշտություն, թե` ոչ: Բայց երբ այն արդեն կա, թվում է նաեւ կայացած անհրաժեշտություն, թեեւ հանդեսը ստեղծողներն ասում են, թե չսահմանգծված մի տարածք է` կարող է ընդլայնվել, կարող է անհետանալ: 

Ինչպե՞ս եղավ «ա» հանդեսի ծնունդը: Անհրաժեշտություն էր հասունացե՞լ, թե՞ սրանով ուզում եք ինչ-որ անհրաժեշտություն հասունացնել: 

Եթե առաջ նայենք «ա»-ն դեռ չի «ծնվել», առավել եւս ծնել: Հուսով ենք, որ տեղի ունեցածը ինչպես անհրաժեշտությունից, այնպես էլ պատահականությունից դուրս է: 

Մեր մշակույթի միջավայրում կան առանձին մարդիկ, ովքեր քաջատեղյակ են գեղագիտության համաշխարհային մտքին եւ դրա զարգացումներին: Սա համախմբելու փո՞րձ է, թե պարզապես ազատ տարածք, որտեղ ամեն ոք կարող է բերել իր իմացածն ու ընտրածը: Ի՞նչ սկզբունքով է կատարվում խմբագրական աշխատանքը: 

Խնդիրը` գուցե, ընկալելն է այն, ինչը միավորում, տարբերակում ու տարաբաժանում է` ընկալել մեր ընդունակությունների առավելագույն լարմամբ եւ համապատասխան տարածքի վերակայացմամբ: Սա նախապես չսահմանգծված մի տարածք է, որ կարող է ընդլայնվել կամ անհետանալ: Խմբագրությունը չունի հիերարխիկ կառուցվածք: Նյութերն ընտրվում են հերթական համարը ձեւակերպող հիմնական խնդրին համապատասխան` «խմբագիրների» որոշմամբ: 

«ա»-ի եւ փորձնական, եւ առաջին համարներում հանդիպում ենք Լեւոն Ներսիսյանին: Ո՞վ է նա, եւ ի՞նչ հետք է թողել հայ գեղագիտական ու փիլիսոփայական մտքի վրա: 

Սա փորձ է ամրագրելու ասելիք ունեցող մարդկանց խոսքը, առավել եւս բանավոր խոսքը` առանց գնահատականներ տալու: Հուսով ենք ինչպես Լեւոն Ներսիսյանի այնպես էլ ուրիշների աշխատանքը, որոնց կփորձենք հետեւել ամսագրի էջերում, կօգնի ձեւակերպել այսօր մեզ հուզող հարցադրումները: 

Հյոլդեռլին, Իոնեսկու, Մուզիլ, Բոդրիար, Քեյջ ... Փակ շրջան չէ՞: Այսինքն` հանդեսում կա մի բան, որը կարող է պետք գալ նրանց, ովքեր արդեն ծանոթ են: Մի խոսքով, ո՞վ է «ա»-ի ընթերցողը: 

Իհարկե, կարեւորը համատեքստն է, ուր հայտվում են ձեր նշած հեղինակները, կարեւոր է, թե ինչ առնչությամբ են նրանք ներկա: Սա հնարավորություն է վերանայել եւ ավելի մոտենալ նրան, ինչը ծանոթ է թվում եւ ծանոթանալ, եթե առաջին անգամ ես առնչվում: Համարը չի սահմանափակվում հեղինակների ձեր նշած ցանկով: Վերը խոսվեց Ներսիսյանի ժառանգության մասին, կարելի է ավելացնել մեր օրերում գործողների անունները` սկսած Լեւոն Աբրահամյանից, Ղուկաս Չուբարյանից, Ժիժեկից ու Դերիդայից մինչեւ Սուսաննա Գյուլամիրյան, Նաիրա Հարությունյան, Ժիրայր Շալյան եւ անուններ, որոնք առաջին անգամ են տպագրվում: Ընթերցողը կորոշվի հարցադրումների տարողունակությունից, դիապազոնից: 

Փորձնական համարից պարզ էր, որ «ա»-ն մշակութային լուրջ փաստ է: Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ փաստը: Չե՞ք կարծում, որ տեղեկատվության այս հոսքը կարող է խաթարել մեր մշակույթի ինքնաբավությունը` չեմ տեսել, չեմ լսել, թե ինչ կա աշխարհում: 

Շնորհակալություն: Նման բնույթի ամսագրից շատ ավելին է ակնկալվում, քան կարող ենք ենթադրել, առավել եւս առաջարկել: 

Նման գործ ձեռնարկելը խիզախություն չէ՞: Ո՞վ պետք է գնի այն, ի՞նչ միջոցներով պիտի գոյատեւի: Տնտեսապես արդարացվա՞ծ է հանդեսի հրատարակչական շքեղությունը: 

Տպագրության նորմալ որակը հրատարակչի սիրալիր կամեցողությունից է, իսկ մեր արկածախնդրության արդյունքի համար` ոչ մի երաշխիք: 

Եւ վերջին հարցը: Ի՞նչ սպասենք հաջորդ համարից: 

Աշխատում ենք...որ լինի: Ձեր հոգածությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter