
Ռուսական խաղեր՝ հայկական երկնքում
Ռուսական փոխադրողներին, կարծես, ոչ մի կերպ հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ Հայաստանում կան ավիաընկերություններ, որոնք թռիչքներ են կատարում դեպի ՌԴ քաղաքներ: Ռուսական օպերատորները ձգտում են մոնոպոլիա հաստատել այն ուղղություններում, որոնցում մրցակցություն կա հայկական որեւէ ընկերության կողմից:
Ինչպես հայտնի է, հայկական փոխադրողներից «Արմենիան» իր կանոնավոր թռիչքները սկսեց հենց ռուսաստանյան ուղղություններով: 2016-ի հուլիսի 18-ից մինչ օրս «Արմենիան» Երեւանից թռչում է դեպի Միներալնիե Վոդի, իսկ նույն տարվա դեկտեմբերի 16-ից՝ Վորոնեժ: 2016-ի օգոստոսի 1-ից ընկերությունը սկսեց թռչել նաեւ Մոսկվա («Վնուկովո»), բայց արդեն հոկտեմբերին չվերթները դադարեցվեցին: Ըստ էության, հայկական փոխադրողն ուղղակի չդիմացավ մրցակցությանը: Այդ ժամանակ միանգամից ռուսական 7 փոխադրող մեծ հաճախականությամբ կատարում էր Մոսկվա-Երեւան չվերթ:
Այդուհանդերձ, տարօրինակ է, որ Վորոնեժի ուղղության վրա (ներկայում՝ շաբաթական 2 չվերթ) «Արմենիան» մրցակից չունի, իսկ ահա Մին. Վոդին ու Երեւանն այս պահին իրար է կապում նաեւ «Սարատովյան ավիաուղիները», որը շաբաթական իրականացնում է 1 չվերթ, իսկ «Արմենիան»՝ 2:
Այն, որ ռուսական փոխադրողները համերաշխորեն մաս-մաս են արել իրենց տարբեր քաղաքներից դեպի Հայաստան ուղղությունները, նախկինում պատմել ենք:
Հայկական մյուս օպերատորը՝ Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիան», մեկնարկից ի վեր բոլոր չվերթները դեպի Ռուսաստան էր կատարում: 2017-ի ապրիլից ընկերությունը սկսեց թռչել Կրասնոդար, Սամարա եւ Դոնի Ռոստով (աշնանը Ռոստովի թռիչքները դադարեցվեցին, դրանք փոխարինվեցին Երեւանից Մոսկվա չվերթով): Հունիսին էլ օպերատորը սկսեց Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո»), իսկ նոյեմբերից՝ Երեւան-Մոսկվա («Վնուկովո») թռիչքները: «Տարոն-Ավիայի» միակ մրցակիցը դեռ 2016-ի դեկտեմբերից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրի թռչող բյուջետային «Պոբեդան» էր: Այսինքն՝ մինչեւ 2017-ի տարեվերջ, Գյումրին Կրասնոդարի ու Սամարայի հետ կապում էր միայն հայկական ընկերությունը:
Երկու օր առաջ ՔԱԳՎ-ն հայտարարեց, որ «Պոբեդա» ավիաընկերությունը, որը «Աէրոֆլոտի» դուստրն է, ամառային աերոնավիգացիոն սեզոնին, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 18-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը, իրականացնելու է Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթ: Բացի դրանից՝ մայիսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը ռուսական լոուքոստերը կիրականացնի նաեւ Դոնի Ռոստով-Գյումրի թռիչքներ:
Թվում է, թե տարօրինակ ոչ մի բան չկա, հայկական ընկերությունները, ավելի կոնկրետ՝ «Տարոն-Ավիան», Գյումրուց Սանկտ Պետերբուրգ չի թռչում, Դոնի Ռոստովից էլ օպերատորը հրաժարվել է դեռ անցյալ տարվա աշնանը: Հիշեցնենք, որ դրանից հետո ռուսական «Ural Airlines»-ը հայտարարեց, թե բացում է Ռոստով-Գյումրի չվերթ: Այդուհանդերձ, այս պահին Գյումրու օդային կապը միայն Մոսկվայի հետ է, այն էլ «Պոբեդայի» միջոցով:
Գրել ենք, որ «Տարոն-Ավիան» մինչեւ մարտի վերջ չի թռչելու: Ակնհայտ է, որ ավիափոխադրողը դժվարությունների է բախվել, որոնց մեջ, ըստ էության, մեծ դեր է խաղացել «Պոբեդայի» ներկայությունը: Վերջինս, ի տարբերություն հայկական ընկերության, չվերթներ է կատարում ամեն օր, ինչը մեծ նշանակություն ունի:
Վերադառնալով նոր բացվող չվերթներին՝ նշենք, որ եթե ՔԱԳՎ-ն հայտնում է, որ դրանցից յուրաքանչյուրը լինելու է շաբաթական 2 անգամ, ապա «Ռոսավիացիայի» թույլտվությունների մեջ նշվում է 3-ական թռիչքների մասին: Ռուսական գերատեսչությունը «Պոբեդային» Սանկտ Պետերբուրգ-Գյումրի չվերթ բացելու թույլտվություն տվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ Դոնի Ռոստով-Գյումրի ուղղության համար՝ հունվարին: Դժվար է ասել, թե որն է տարբերության պատճառը՝ կա՛մ ընկերությունն ինքն է հայկական գերատեսչությանն այդքան ներկայացրել, կա՛մ էլ ՔԱԳՎ-ն 3-ի փոխարեն համաձայնել է 2-ական չվերթի, բայց շեշտենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չվերթներն ազատականացված են՝ սահմանափակումներ չկան:
Այսպիսով՝ եթե գարնանը «Տարոն-Ավիան» վերականգնի իր չվերթների նախկին ցանցը, առնվազն մեկ ռուսական մրցակից կունենա Գյումրի-Մոսկվա, Երեւան-Մոսկվա, Գյումրի-Դոնի Ռոստով ուղղություններում: Բայց սա էլ ամենը չէ. ամենահետաքրքիրն այն է, որ հունվարին «Պոբեդան» «Ռոսավիացիայից» թույլտվություն է ստացել Գյումրի թռչել ոչ միայն Դոնի Ռոստովից, այլեւ Կրասնոդարից (կրկին շաբաթական 3 չվերթ): Այս մասին ՔԱԳՎ-ն հայտարարություն չի արել, այսինքն՝ հայկական կողմին նմանատիպ խնդրանքով ռուսական օպերատորը կա՛մ չի դիմել, կա՛մ դիմել է, բայց չի ստացել, ինչը քիչ հավանական է:
Ամբողջ խնդիրն այն է, թե ռուսական բյուջետային ընկերությանն ինչն է դրդում նոր չվերթներ բացել հենց այն քաղաքներից, որտեղ ժամանել է հայկական օպերատորը: Զուտ բիզնե՞սը. այդ դեպքում կարելի է նշել բազմաթիվ հայաշատ քաղաքներ ՌԴ-ում (Սոչիից մինչեւ Սիբիր), որտեղից ուղեւորահոսքի պակաս հաստատ չի զգացվի, սակայն «Պոբեդան» մատը դրել է հենց «Տարոն-Ավիայի» ընտրած ուղղությունների վրա:
Վերը նշվածը փաստում է, որ հայկական ավիափոխադրողները ռուսական ուղղություններում առաջիկայում հանդիպելու են շատ ավելի ուժեղ, գուցե ճիշտ է ասել ավելի կոշտ մրցակցության, քան եղել է մինչ օրս:
Մեկնաբանել