HY RU EN

Հրանտ Գալստյան

Դպրոցներ, որտեղ մեկ դասարանից էլ քիչ աշակերտ է սովորում

Մեկ ամիս առաջ կառավարությունը որոշեց լուծարել Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղի հիմնական դպրոցը, որտեղ 2 աշակերտ էր սովորում: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ «բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը», իսկ դպրոցը լուծարելու դեպքում «ակնկալվում է ապահովել կրթության որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում»: Հայաստանում ևս 32 դպրոց կա, որոնք մինչև 10 աշակերտ ունեն և նույնպես կարող են լուծարվել:

Այս մասին են վկայում կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տվյալները, որոնք «Հետք»-ը ստուգել է դպրոցների տնօրենների և մարզպետարանների կրթության վարչությունների հետ:

Այդ դպրոցները հիմնականում Երևանից հեռու գտնվող մարզերում են, կեսը՝ սահմանամերձ համարվող բնակավայրերում (նշենք, որ կառավարության որոշումով սահմանամերձ են համարվում նաև այն բնակավայրերը, որոնք սահմանակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը): Դրանց մեծ մասը գյուղեր են՝ միջինում 150 բնակչով:

Ընդ որում, շատ համայնքներում դպրոցների տնօրենները փաստում են, որ վերջին տարիներին նվազել է գյուղացիների, այդ թվում՝ աշակերտների թիվը:

Շիրակի մարզի Ալվար գյուղում, օրինակ, 2016թ-ին 12 աշակերտ է եղել, այժմ՝ միայն 4: Դպրոցի տնօրեն Ռուբիկ Համբարյանը, որն Ալվար գյուղը բնութագրում է որպես «Ամասիայի Սիբիրը», ասում է, որ աշակերտների թիվը նվազել է մի քանի ընտանիքի տեղափոխվելու պատճառով, հիմնականում՝ դեպի Ռուսաստան:

Քիչ աշակերտներ ունենալու պատճառով այս տարի լուծարվել է նաև Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դպրոցը: ԿՏԱԿ-ի տվյալով՝ Զովաշենում 9 աշակերտ էր սովորում: Լուծարվելուց հետո Զովաշենի դպրոցը միացել է հարևան Հատիսի միջնակարգ դպրոցին:

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի միջնակարգ դպրոցը / schoolsite.am

Սյունիքի մարզի սահմանամերձ Տաշտուն գյուղում այս տարի ոչ մի աշակերտ չի եղել: Դպրոցը ժամանակավորապես չի գործում, իսկ այնտեղ աշխատող 2 ուսուցիչները, ինչպես ասում է  Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Մերի Գանդալյանը, աշխատում են հարևան գյուղերի դպրոցներում:

«Աշակերտ չունենալու պատճառով ներկայումս քննարկումներ են ընթանում՝ դպրոցի լուծարային գործընթացը սկսելու վերաբերյալ»,- «Հետք»-ին տեղեկացրել են Սյունիքի մարզպետարանից:

Սյունիքի մարզի Տորունիք գյուղի հիմնական դպրոցը / schoolsite.am

Սյունիքը քիչ աշակերտներ ունեցող դպրոցների թվով առաջին մարզն է: Ամեն 7-րդ դպրոցում 10-ից քիչ աշակերտ է սովորում, իսկ ամեն 2-րդում՝ 50-ից քիչ:

Այս դպրոցներում կրթությունը կազմակերպելու հարցը մտահոգում է նաև հարևան Վայոց ձորի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներին: «Դա մեր ցավն է»,- ասում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Վերջինիս խոսքով՝ այժմ նախարարության հետ քննարկում են ուսուցիչներին վերապատրաստելու հարցը, որի արդյունքում նախատեսվում է, որ ուսուցիչները կդասավանդեն «հնարավորինս մոտ» այլ առարկաներ ևս. օրինակ՝ հայոց լեզվի ուսուցիչը վերապատրաստումից հետո կդասավանդի նաև հայոց պատմություն, մաթեմատիկա դասավանդող ուսուցիչը՝ ֆիզիկա, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ կենսաբանություն: «Հակառակ դեպքում ստացվում է՝ ուսուցիչների թիվը իսկապես մեծ է աշակերտների թվից»,- ասում է նա:

Կրթության վարչության պետի այս համեմատությունը ճիշտ է մի շարք դպրոցների համար: Ալվարի դպրոցում, օրինակ, երկու անգամ շատ ուսուցիչ կա, քան աշակերտ (համապատասխանաբար՝ 8 և 4), իսկ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի դպրոցում 1 աշակերտ կա, 4 ուսուցիչ: Արփիար Ղազարյանը հավելում է, որ տարբերությունն ավելի է մեծանում, երբ ներառում են նաև սպասարկման անձնակազմին (պահակ, մաքրությամբ զբաղվող):

Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի դպրոցը / schoolsite.am

Ամփոփելով՝ նշենք, որ մինչև 10 աշակերտ ունեցող այս 32 դպրոցներում միասին 194 աշակերտ է սովորում: Համեմատության համար՝ Երևանի 1 դպրոց հաճախող աշակերտների միջին թիվը, կրկին ԿՏԱԿ-ի տվյալով, 445 է:

Գլխավոր լուսանկարում՝ Սյունիքի մարզի Արևիս գյուղի դպրոցը / schoolsite.am