HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սպառողներն ահազանգում են՝ որդեր, միջատներ և բորբոս սննդամթերքի մեջ

Երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Էլեն Գրիգորյանը, իր էջում գրառում էր կատարել, որտեղ շնորհակալություն էր հայտնել Lutik ապրանքանիշին՝ իր ընթրիքին «միսն» ապահովելու համար։

Մարինացված ոչ քաղցր վարունգների մեջ սպառողը հայտնաբերել էր սպիտակ որդեր։ 

«Հետք»-ի հետ զրույցում Էլեն Գրիգորյանը պատմեց, որ գնումը կատարել է Երևանի Մարգարյան 23/6  հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետից՝ գրառումը կատարելուց մոտ մեկ ժամ առաջ։

Որդեր հայտնաբերելուց հետո նա փորձել է զանգահարել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գիծ, բայց երեկոյան ժամին պատասխանող չի եղել։

Ապրանքի մակնշումից երևում է, որ խոսքը 2017թ. հոկտեմբերի 27-ին արտադրված մարինացված վարունգի խմբաքանակի մասին է։ Դրա պիտանելիության ժամկետը 3 տարի է։ Այսինքն ապրանքը ժամկետանց չէ։ Այդ միջավայրում որդեր չեն կարող առաջանալ. դրանք, հավանաբար, եղել են ի սկզբանե:

Ըստ մակնշման՝ մթերքն արտադրված է Հնդկաստանում, արտադրող՝ «Բնազրում Ագրո էքսպորտս» ՍՊԸ։ Այն ունի EAC համապատասխանության նշան, և արտադրված է «Եվրովիժն» (ԱՄՆ) ստանդարտներով։

Մենք փորձեցինք նշված հեռախոսահամարներով կապ հաստատել «Կայզեր» սուպերմարկետի հետ, սակայն պատախանող չկա։

Պարզվում է, որ նմանատիպ դեպքերը շուկայում եզակի չեն. մեր ընթերցողներից մի քանիսը ևս պատմել են խանութներից գնած անորակ սննդի մասին:

Սյուզաննան երեկ հայտնել էր, որ ցեց է գտել «Արոր» ընկերության «Թեփ»-ի միջից. 

«Այսօր եմ խանութից գնել ու բացել թեփը: Նախ զարմացրեց փառ հիշեցնող զանգվածը, հետո իհարկե նկատեցի մեջը գտնվող ցեցերին»:

Սյուզաննան նաև նշում է, որ փաթեթավորումը վակումային էր և վնասված չէր:

Վուսանիկ անունով ֆեյսբուքյան օգտատերը պատմել էր, որ Դավթաշենում գտնվող «Սուփրա» խանութից գնել է ժամկետի մեջ եղած բորբոսնած լավաշ:

«Գնել եմ այսօր, փետրվարի 17-ի ցերեկը... առաջին անգամ գնեցի, որ փորձենք»:

Լավաշի արտադրողն է ՝ «Լուսի Սար» ՍՊԸ-ն: Ապրանքի մակնշումը թերի է. չկա տեղեկություն սննդամթերքի բաղադրիչների, կալորիականության, պահման պայմանների վերաբերյալ:

Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է:

Ընթերցողներից Ռուզաննան «Հետք»-ին էր տրամադրել նախորդ տարվա աշնանը Նոր Նորքի զանգվածում գտնվող «Երևան Սիթի» խանութից գնած սպիտակաձավարի լուսանկարները, որի մեջ միջատներ էին եղել: Սպիտակաձավարը եղել էր ժամկետի մեջ:

««Երևան սիթի»-ի արտադրության սպիտակաձավարի(մաննի) միջից տառականներ եմ գտել: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ, ուղղակի հույս չունեի, որ որևէ մի կազմակերպություն կգնա այս դեպքի հետքերով, դրա համար չեմ դիմել ոչ մի տեղ: Երբ վերջում լվացարանի մեջ թափ տվեցի տուփը, ևս երկու տառական ընկան միջից...»:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք տեղյակ են մարինացված վարունգի մեջ եղած խախտման դեպքի մասին և արդեն հարցն ուսումնասիրվում է:

Մնացածի մասով նշեց, որ հաճախ է լինում, որ քաղաքացիներն իրենց ահազանգում են, և դեպք չի լինում, որ չարձագանքեն, իսկ իրենց թեժ գիծը (010 20 60 40 ) շուրջօրյա է:

Բոլոր ահազանգերին իրենք անպայման ընթացք են տալիս. «Եթե կա տվյալ, եթե կա դեպք, մենք դրանք անպայման գրանցում ենք, գործողություն անում և հետադարձ կապով ասում, որ այսինչ բանն արել ենք»,- ասաց Ն. Առաքելյանը: Նա նշեց, որ սոցիալական հարթակներում եղած դեպքերին ևս արձագանքում են և խոստացավ, որ ընթացք կտան նաև նշված դեպքերին:


Եթե դուք բողոքներ ունեք սննդամթերքի որակի, անվտանգության վերաբերյալ կամ նկատել եք սննդամթերքի արտադրման, պահման պայմանների, մակնշման կամ այլ նորմերի խախտում, կարող եք գրել նաև մեր՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ գրառում թողնել «Հետք»-ի՝ «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում:

Հ.Գ.  Էլեն Գրիգորյանի համաձայնությամբ՝ մարինացված վարունգներն այսօր կներկայացվեն լաբորատորիա՝ փորձաքննության:

Լուսանկարները տրամադրել են «Հետք»-ի ընթերցողները

Մեկնաբանություններ (4)

Հակառեժիմ
Մեր ամեն ինչը հարամել են՝ օդ, ջուր, հաց, իրավունքներ, կրթություն, մշակույթ, առողջություն.... ցանկը դուք շարունակեք, էլ ուժ չմնաց էս գաղջ մթնոլորտում
Anna
2017թ աշնանը Բաղրամյան ալյուրի 5կգ պարկում ոջիլ կար։ Ապրանքը ժամկետի մեջ էր։ Խանութին հայտնեցի, պատասխանը՝ բողոքիր արտադրողին։
art khachev
its nice to be an investigative journalist in Armenia, you sit home, on a couch, browse facebook pages, find people telling abt their grievances about Armenia and then copy and paste, without investigating further whose fault was, was it the consumer's fault, the store's fault, the warehouse's or the producer's? RUSSIA USED FACEBOOK TO TILT THE US ELECTIONS TOWARDS TRUMP, SO FACEBOOK IS NOT AN OBJECTIVE SOURCE OF INFORMATION. I HOPE THAT AT LEAST THE JOURNALISTS UNDERSTAND THAT.
Անուշ հարությունյան
Ստուգել ենք, ՍԱՊԾ թեժ գծին բաց թողնված հեռախոսազանգ չկա: Հնարավոր է՝ տեխնիկական ինչ որ խնդիր է եղել: 010 206040 հեռախոսահամարը հասանելի է միշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter