HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ին Հայաստանում Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոսի ընկերությունը 3 միլիոն դոլարի ծառայություն է մատուցել

Հայաստանում Ֆիլիպինների Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանին պատկանող «Էյէմփիջի գրուպ» ՍՊ ընկերությունը 2017 թվականին պետական բյուջեից ստացել է ավելի քան 1 միլիարդ 461 միլիոն դրամ՝ չորս պայմանագիր կնքելով։

«Էյէմփիջի գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Հիմնադրման տարուց դրա բաժնեմասերը պատկանել են Ալբերտ Թառոյանին և «Արտիգրաֆիկա պագանի» ընկերությանը, սակայն 2003-ից դրա միակ սեփականատերը դարձել է հյուպատոսը։

Պետական մարմինների համար այս ընկերությունը նոր չէ։ Միայն նախորդ տարի չէ, որ այն պետբյուջեից խոշոր չափի գումար է ստացել՝ որևէ ծառայություն մատուցելու համար։ 2016թ.-ին և 2017թ.-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի հաշվին 5 ամենախոշոր պայմանագրեր կնքած ընկերությունների ցանկում հայտնվել է  «Էյէմփիջի գրուպ» ընկերությունը:

2017-ին պետական եկամուտների կոմիտեի հետ կնքած պայմանագրով ընկերությունը պետական բյուջեից ստացել է 1 միլիարդ 411 միլիոն դրամ։

Կատարել է` «Ալկոհոլային խմիչք» և «Ծխախոտ» տեսակի ներմուծվող և տեղական արտադրանքի վրա «2018» թվագրությամբ և ստանդարտներին համապատասխանող ակցիզային դրոշմանիշերի տպագրություն։ Մասնավորապես՝ 295 միլիոն հատ ծխախոտի ակցիզային դրոշմանիշ և 37 միլիոն ալկոհոլի ակցիզ է տպագրել: ՊԵԿ-ը պայմանագրով նախատեսված գումարի հիմնական մասը հատկացրել է ծխախոտի ակցիզի տպագրությանը։

Նմանօրինակ պայմանագիր էլ կնքել է 2016-ին։ Պետբյուջեից ստացել է 1 միլիարդ 891 միլիոն դրամ՝ ներմուծվող և տեղական ալկոհոլային խմիչքների (45 մլն հատ), ծխախոտի (259 մլն հատ) և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների (500 մլն հատ) պոլիմերային թաղանթի հիմքով «2017» թվագրությամբ և օրենքով սահմանված ստանդարտներով դրոշմապիտակներ տպագրելու համար։

Ընկերությունը 2008թ.-ին կառավարության կողմից արժանացել է հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի (անձնագրեր, վիզաներ, ակցիզային դրոշմանիշեր և այլն) տպագրության գործունեության լիցենզիայի։ Այդ շրջանակներում խոշոր գործարք է կնքել արտաքին գործերի նախարարության հետ։ ԱԳՆ-ի հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 34 500 000 դրամ և մատակարարել է 49 998 հատ պաշտպանված ձևաթղթեր, որոնք պետք է պատված լինեին կարմիր տեսանելի մանրաթելով և ուլտրամանուշակագույն լույսն արտացոլող կարմիր և կապույտ մանրաթելերով։

Բացի այդ, տպագրել է Հայաստան վերադարձի 30 799  վկայական և 84 900 հատ Հայաստան մուտք գործելու վիզա։

Ընկերությունը նաև պետությանը մատակարարել է տեխնիկական զննության կտրոններ։ Տեխզննման կտրոնի մատակարարման երկու պայմանագիր է կնքել ֆինանսների նախարարության հետ։ Առաջին՝ 2017 թվականի ապրիլի 4-ին կնքված պայմանագրով, ֆինանսների նախարարությանը մատակարարել է ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության 300 000 կտրոն՝ յուրաքանչյուրը 42 դրամով։ Մասնավորապես՝ տպագրել է 150 000 հատ կապույտ գույնի «2018 թվական նշագրում»-ով կտրոն, 100 000 հազար հատ կանաչ գույնի «2019 թվական նշագրում»-ով կտրոն և 50 000 հատ նարնջագույն «2020 թվական նշագրում»-ով կտրոն։

Այս պայմանագրից հետո՝ նոյեմբերի 29-ին, ֆինանսների նախարարությունը «Էյէմփիջի գրուպ»-ի հետ կնքել է ևս մեկ պայմանագիր՝ 2 520 000 դրամ արժեքով, որով ևս ընկերությունը նախարարությանը մատակարարել է 60 000 հատ կապույտ գույնի «2018 թվական նշագրում»-ով տեխզննման կտրոն։

Բարձրաստիճան պաշտոնյաները չեն խուսափել հյուպատոսի բիզնեսը գովազդելուց։ 2016 թվականի հունիսի 18-ին կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ներկայիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այցելել են «ԷՅ ԷՄ-ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» (AM-PG GROUP) ընկերություն, Ալբերտ Թառոյանի ուղեկցությամբ շրջել ձեռնարկությունում, ծանոթացել գործունեության ուղղություններին, արտադրության գործընթացին և զարգացման ծրագրերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter