HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Բաբայանի հիշատակին

Ո՞վ գիտի, ի՞նչ է սկսվում, երբ ավարտվում է մարդու երկրային կյանքը: Ո՞վ գիտի, ի՞նչ մարմին է գտնում հոգին ու ի՞նչ ներկայությամբ շարունակվում: Մենք` ապրողներս, սեւեռված ենք այս կյանքի վրա: Մեզ համար սրանից այն կողմ վիշտ է ու տագնապ: Բայց այս կյանքն էլ, որ քարտեզով, ժամանակով ու մնացած չափումներով լենուբոլ է թվում ամենքիս, իրականում շատ ու շատ պուճուր է, իրապես ահագին վաղանցուկ: 

Գրիգոր Բաբայանը, ով հավանաբար ծանոթ չէ ձեզ, այս տարածության ու այս ժամանակի մեջ անհետացել է ոչ թե հոկտեմբերի 14-ին, երբ ավանդել է հոգին ու առանձնացել երկրային այս կյանքից, այլ չի եղել, քանզի չի գտնվում նրա տեղը: Ամենքս մեր տեղն ունենք` մի քիչ մեծ, մի քիչ փոքր, մի քիչ լուսավոր ու մի քիչ մութ: Իր տեղը չկար: Չգիտեմ` ցավոք, թե բարեբախտաբար: Երեւի բարեբախտաբար, որովհետեւ այդ տեղն իրենով պիտի նշանավորվեր եւ ոչ թե ինքն այդ տեղով: 

Պուճուր տարածության հեղձուկը պիտի չհանդուրժեր բազում շնորհներով լեցուն մի մեծ հոգու: Ինքն էլ չգիտեր, որ անհանդուրժելին է, կարծում էր տեղն է նեղ: Եւ գուցե դրա համար զենք առավ ձեռն ու գնաց կռվելու, որ օդ բացվի մի քիչ, որ հավելյալ տարածք լինի` իր շնորհները տեղակայելու: «Սահմանք քաջաց զէն իւրեանց»-ը վաղ անցյալում էր մնացել ու չկար ստույգ տեղեկություն, թե զենքով սահմաններ ընդլայնած քաջերը փառավորվե՞լ էին մարդկային երջանկությամբ կամ գտանե±լ տեղն իւրեանց: 

Բարեբախտություն էր, երեւի, որ տեղ չուներ նա, քանզի տեղն իմանալով պիտի մատնեին ... անհուսության: 

Այդժամ ի՞նչ պիտի անեինք մենք, որ կարիք ունենք մխիթարության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter