HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Թունավոր արտադրամաս Գառնիում

«Երբ գյուղ հասանք, տեսանք, որ կեղտաջրերը հոսում էին գյուղի փողոցներով, անտանելի գարշահոտություն էր: Քիչ է ասել, թե հակասանիտարական վիճակ էր տիրում...»,-պատմում է Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետ Դերենիկ Մխիթարյանը: Գարշահոտություն «բուրողը» հեթանոսական արվեստի իր չորսհազարամյա պատմությամբ հայտնի Գառնին է: Հիսուն տարվա վաղեմություն ունեցող կոյուղագիծը խցանվում էր եւ մարդկանց առողջության համար խիստ վտանգավոր թունավոր նյութերը արտանետում մթնոլորտ: Կոտայքի մարզպետարանի պատասխանատուները ՀՀ ազգային անվտանգության ծառայության ահազանգով գնացել էին տեղում ստուգելու գյուղի կաշվի վերամշակման արտադրամասի գործունեությունը: 

Գառնիում կաշվի վերամշակման արտադրությունը «Սազովար» ՍՊԸ-ն հիմնել է 90-ականների սկզբին` վաթսունականներին կառուցված անասնագոմում: ՍՊԸ-ի տերերն են Սամվել Հարությունյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Զորիկ Գրիգորյանը: Նրանց վկայությամբ՝ շինությունը ձեռք են բերել թալանված վիճակում: Մեր այցելության պահին էլ «արտադրամասը» լքյալ տարածքի տպավորություն էր թողնում. գետնի վրա մորթիների կույտ էր, չորքոտանի կենդանիներ, ինչ-որ հաստոցներ: 

 Արտադրամասում մեզ ուղեկցում էր սեփականատերերից մեկի ազգականը` Գառնիկ Եղիազարյանը: Նա նշեց, որ հումքը գյուղ ներմուծում են շուկայական գներով (1կգ-ն 500 դրամով): Գնում են հիմնականում դրսի անհատ ձեռներեցներից, իսկ պատրաստի արտադրանքն իրացնում են Երեւանում: 

Ըստ Կոտայքի մարզպետարանի աշխատակից Դ. Մխիթարյանի՝ «Այդպիսի հումքը պետք է գյուղից դուրս մշակվի»: «Սազովար» ՍՊԸ-ի հաշվապահ Ատոմ Մարտիրոսյանը խոստովանեց. «Բնակիչները երբեմն բողոքում են հոտից»: Պատճառն այն է, որ թունաքիմիկատներով կաշվի մշակումից առաջացած կեղտաջրերը, գյուղի կոյուղու խցանվելու պատճառով, արտահոսում են բանուկ փողոցներ, լցվում առուները: Հաշվապահը նշեց, որ խցանված կոյուղին իրենք են բացում: Չի բացառվում, որ խցանման ընթացքում խիստ թունավոր նյութերը կեղտաջրերի միջոցով խառնվում են խմելու ջրագծին: Թունավոր կեղտաջրերի ներթափանցումը մշակովի հողատարածքներ՝ անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ, դառնալ տասնյակ հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ: Այդ տխուր հեռանկարից անհանգստացած՝ գյուղացիները 1999թ.-ին գրավոր դիմել են գյուղապետին: Գյուղապետը հաստատեց, որ այդպիսի ահազանգ ստացվել է, եւ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել կոյուղագիծը խմելու ջրագծից առանձնացնելու ուղղությամբ: Դա եղել է հինգ տարի առաջ, իսկ հիմնախնդիրն այսօր էլ շարունակում է գառնեցու կողքին ապրել: 

Բնապահպանության նախարարության Աբովյանի տեսչության պետ Մկրտիչ Վանոյանը նշեց, որ իրենք այդ ընկերությունում ստուգումները կսկսեն հոկտեմբերին եւ կհրապարակեն դրանց արդյունքները: Իսկ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը պարզաբանեց. «Նախկինում նման արտադրություն կազմակերպելու համար մեր տեսչության դրական եզրակացությունից հետո միայն տրվում էր հատուկ լիցենզիա: Մի քանի տարի է, ինչ նախկին կարգն այլեւս չի գործում՝ «արտադրողների համար ավելորդ խոչընդոտներ չստեղծելու» պատճառաբանությամբ: Սակայն, այժմ էլ գործում է մի պարտադիր պայման. գործունեություն ծավալող սուբյեկտները, լիցենզիա ստանալուց հետո, պարտադիր պետք է իրազեկեն տեսչությանը, ապա հաշվառման վերցվեն մեր կողմից: Ավելի հաճախ սուբյեկտները թաքցնում են լիցենզիա ստանալու փաստը, գործունեություն ծավալում գաղտնի, ընդհատակյա: Գառնիում գործող արտադրամասի մասին ընդհանրապես տեղյակ չենք, չենք լսել, գրավոր ահազանգ էլ չենք ստացել»: 

 Արտադրության կազմակերպիչները հաջողությամբ խուսանավել են «ամեն ինչ բարդացնող» պետական մարմինների վերահսկողությունից: 

 Որոշ փաստաթղթեր, իհարկե, ունեին, այդ մասին հավաստեց հաշվապահը, սակայն ցույց չտվեց՝ պատճառաբանելով. «Տնօրենի մոտ են: Նա էլ այստեղ չէ»: 

 Մենք պարզեցինք, որ «Սազովարը» ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից ստացել է գյուղի խմելու ջրամատակարարման ցանցից ջուր օգտագործելու, ինչպես նաեւ՝ կոյուղու կոլեկտոր կեղտաջրերի թափվելու թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տեղեկանք: Ի դեպ, գյուղի կոյուղին թափվում է տեղացիների եւ զբոսաշրջիկների սիրելի Գառնու ձորը: 

Գառնիի կաշվի վերամշակման արտադրամասը աշխատում է հին սարքավորումներով: Գործի կազմակերպիչներին չի հաջողվել վարկեր ստանալ եւ արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաներով զինել: «Սազովարը» վճարում է բոլոր հարկատեսակները, այդ թվում՝ 18.000 դրամ բնապահպանական տուրք:

 Իսկ ինչպե՞ս է վարվում մարդկանց եւ բնության հետ: 

 «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը նշեց, որ կաշվի վերամշակման ընթացքում օգտագործվում են վտանգավոր նյութեր. «Օգտագործվում են վեց վալենտանոց քրոմի միացություններ, թթուներ»: 

 Նախկինում նման արտադրություն կազմակերպելու համար պատվիրվում էր նախագիծ, որում պարտադիր պետք է լիներ մաքրող սարքավորումների մասը: Նախագիծն ուսումնասիրում էր սանիտարական տեղային կառույցը, որը հետագայում, ըստ այդ նախագծի, իրականացնում էր վերահսկողություն, շինարարության ավարտից հետո էլ մասնակցում ընդունման գործընթացին: Այժմ այս ընթացակարգը չի գործում: 

 Արդյոք տարիներ առաջ, երբ «Սազովարը» սկսել է իր գործունեւությունը, իրականացվե՞լ է վերահսկողություն, տրվե՞լ է թույլտվություն: 

 ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ, հակահամաճարակային տեսչության Աբովյանի տեղային կառույցի ղեկավար տիկին Ա. Մելիքյանը մեր հարցմանը պատասխանեց. «Արտադրամասերը վաղուց են աշխատում, ես չեմ կարող ասել՝ ունե՞ն թույլտվություն, թե՞ ոչ»: Պարզվել է, որ տարիներ առաջ Կոտայքի մարզպետարանի բնապահպանության բաժնի կողմից Գառնի գյուղում գործող կաշվի վերամշակման արտադրությունում ստուգում անցկացվել է: Ստուգման ընթացքում արձանագրվել էր, որ արտադրությունը չի համապատասխանում սանիտարական, բնապահպանական նորմերին եւ պահանջներին, չկան մաքրման սարքավորումներ, արտահոսքերը թափվում են մաղի վերածված կոյուղի, այնտեղից էլ՝ Գառնու ձորը:

 Այս ստուգումից հետո մի քանի օր արտադրամասերը չեն գործել, իսկ սեփականատերերը ստուգողներին խոստացել են սեպտիկ հորեր փորել՝ կեղտաջրերը մաքրելու համար: Մեզ այդպես էլ ցույց չտվեցին այդ հորերը, չնայած հավաստիացնում էին, որ դրանք կան: 

 «Վեցվալենտանոց քրոմով աշխատելիս` արտադրությունում պարտադիր պետք է լինի տեղային նախնական մաքրման կայան՝ համապատասխան սարքավորումներով: Մաքրող կայանը պետք է կառուցված լինի բնապահպանության, առողջապահության նախարարությունների, համապատասխան ծառայությունների կողմից հավանության արժանացած նախագծով: Այդպիսի կայանում պետք է «որսվեն» վտանգավոր թունավոր նյութերը արտահոսքերից, ապա «ուտիլիզացվեն»: Եթե ուտիլիզացված նյութերն իրենց քիմիական բաղադրությամբ վտանգավոր են շրջակա միջավայրի համար, ապա դրանք վերամշակման պետք է ենթարկվեն, որից հետո տեղափոխվեն այլ վայր (որի թույլտվությունը տրվում է բնապահպանության, սանծառայության պատասխանատուների կողմից)»,-ավելացրեց Սրբուհի Հարությունյանը: 

 Փաստորեն, «Սազովար» ՍՊԸ-ի կաշվի վերամշակման արտադրությունը չի համապատասխանում ոչ մի նորմի: «Եթե նույնիսկ կան սեպտիկ հորեր, միեւնույն է՝ դրանք ականներ են ոչ միայն տվյալ գյուղի, այլեւ` հանրապետության ողջ բնակչության համար: Հիգիենիկ, հակահամաճարակային գործող նորմերով «ներծծող հորերի» գործածությունն արգելված է, որովհետեւ դրանց միջոցով կյանքի համար խիստ վտանգավոր քիմիական նյութերը խառնվում են ընդերքի ստորջրյա հոսքերին, թափանցում գյուղատնտեսական մշակովի հողատարածքներ, արոտավայրեր: 

 Երկրակեղեւից իջնելով խորքային շերտեր՝ դրանք Գառնիից կարող են հասնել Արարատյան դաշտավայր, նույնիսկ` ավելի հեռու»,-զգուշացնում է «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» նախագահ Սրբուհի Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter