
Շնողցիները պահանջում են անվավեր ճանաչել «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ կեղծ գործարքներով ձեռք բերած Շնողի անտառները
Լարիսա Փարեմուզյան
Քրիստինե Աղալարյան
«Հայաստանում անտառները վաճառքի ենթակա չեն, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն տարբեր տարիների կեղծ փաստաթղթերով, սեփականության իրավունքով հա-ը 250 000-340 000 դրամով Շնողի գյուղապետարանից գնել է տասնյակ հա անտառներ: Պահանջում ենք այդ կեղծ գործարքները համարել անվավեր»,- օրերս ԱԺ-ից գրավոր պահանջել են 200 շնողցիներ:
Շնողցիները պնդում են, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վ. Մեջլումյանը Շնողում մի քանի տասնյակ հեկտար անտառների սեփականատեր է դարձել:
Շնողի գյուղապետարանը վաճառել է նաև շնողցի Լյովա Ալիխանյանի սեփական այգիներին հարող անտառային տարածքները: Լ. Ալիխանյանը պարզել է, որ Շնողի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հողերից «անօգտագործելի գյուղատնտեսական նշանակության այլ հողեր» ձևակերպմամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն, գործարքի մեջ մտնելով Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի հետ, գյուղապետարանից ապօրինի գնել է 35,5 հա սովխոզային անտառներ:
Lյովա Ալիխանյանը ցույց է տալիս «Թեղուտ» ՓԲԸ-ին օտարված անտառածածկ տարածքները
Լ. Ալիխանյանը «Հետք»-ին ներկայացրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ապօրինի ձեռք բերած այդ հողատեսքերի 24 կոդեր և փաստացի չափագրումները, որոնք իրականում անտառներ են:
«Ուրեմն էս թթի ծառ է, այս ծառի հետևն անտառ է: Այդ անտառը 300-049 կոդի տակ է, 5 հա 714 մետր անօգտագործելի տարածք է: Էդ անտառը «Թեղուտ ՓԲԸ-ն աճուրդ–վաճառքով է գնել: Ձեզ ցուցակով ներկայացված 35հա 506 մետր տարածքը ամբողջությամբ գնել է: Օրենքով Շնողի գյուղապետարանի և Թեղուտ ՓԲԸ-ի միջև առուվաճառք է գնացել: «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն և քարտեզ է դրվել»,- բացատրեց Լ. Ալիխանյանը:
Վերջինիս ասելով` «ԱԺ-ին ուղղված դիմումում Վալերի Մեջլումյանի սեփականաշնորհած անտառների մակերեսը չեն գրել, որ դատախազությունն ու քննչական մարմինները չգան ու ասեն էսքանն է: Մենք նրա սեփականացրած 35,5 հա-ը գիտեք, բա ինչքան էլ կլինի, որ մենք չգիտենք»,-բացատրում է Լ.Ալիխանյանը:
Դիմացը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի գործարանն է, իսկ լանջին՝ վաճառված անտառաին տարածքները
Անտառային տարածքների այդ գնումները Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի հետ կազմակերպել է «Թեղուտ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Ռուբեն Պապոյանը: Վերջինս, որպես «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն 2008թ.-ի մայիսի 8-ին գրավոր դիմել է Շնող համայնքի ղեկավար Հայկազ Քոչինյանին, որտեղ նշել է. «Համաձայն «Հայաստանի Հանրապետություն» թերթի հայտարարության ս/թ մայիսի 12-ին Շնողի գյուղապետարանում պետք է կայանա համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք: Ցանկանում եմ մասնակցել աճուրդ վաճառքին»,- հայտնել է Ռ. Պապոյանը:
Գույքի աճուրդով մասնավորեցման մասին 12.01.2008թ.-ի N 2 արձանագրությամբ Ռ. Պապոյանը 310-001 ծածկագրով գյուղապետարանից գնել է 6 հա 878 մետր 4-րդ կարգի արոտ: Գյուղապետարանը 6,878 հա այս արոտավայրը աճուրդային վաճառքի է հանվել Շնողի ավագանու 13.11.2007թ.-ի որոշմամբ: Աճուրդում 1 հա-ի համար սահմանվել է 200 հազար դրամ մեկնարկային գին: Աճուրդում առաջարկվել է 1 հա-ի համար առավելագույնը 225 հազար դրամ: Մինչդեռ Լյովա Ամիրխանյանից հողերը գնել են 40-50 դրամ` քմ-ի համար:
Շնողի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը, իր 2008թ.-ի մայիսի 13-ի N 7 որոշմամբ, հիմք ընդունելով Շնող համայնքի թիվ 2 աճուրդի արձանագրությունը, որոշել է «Թեղուտ» ՓԲԸ-ին վաճառել համայնքի սեփականություն հանդիսացող արոտ՝ մեկ հա-ի արժեքը՝ 225 հազար դրամ, 310-001 ծածկագրով 6 հա 878 մ մակերեսով: Վաճառքի գինը, համաձայն աճուրդի, սահմանվել է 1 մլն 547 հազար 550 դրամ:
Googl Earth-ի քարտեզի միջոցով տեսանելի են՝ ձախից «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքի տարածքը, մեջտեղում՝ գործարանը, աջից՝ պոչամբարը: Լանջերին երևում են անտառային տարածքները:
Թե ինչու է Շնողի գյուղապետարանից սովխոզային անտառներ գնել արոտի անվան տակ, Ռուբեն Պապոյանը հեռախոսով մեզ պատասխանեց. «Դա «Թեղուտ» ՓԲԸ-ն է, Ռուբեն Պապոյանը չէ: Եվ այդ հողերի հարցով պետք է դիմեք «Թեղուտ» ՓԲԸ-ին»:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառապետության նախկին անտառապետերից մեկը, ով նաև անտառային մասնագետ է, մեր նկարահանած տարածքները դիտելուց հետո հաստատեց, որ դրանք անտառային տարածքներ են: «Դուքանաձորի շրջանում անտառային տարածքների քարտեզագրման ժամանակ էլ որոշ տարածքների համընկնումներ չեն եղել, քարտեզը չի զրոյականացվել»,- ավելացրեց նա:
Զիլիզայի անտառտնտեսության անտառկուլտուրայի ինժեներ Հովիկ Սահակյանը, ով 2013-2017 թվականներին եղել է Շնողի համայնքի ղեկավար, աշխատել է նաև Լալվարի անտառտնտեսության տնօրեն, հայտնեց, որ խորհրդային տարիներին եղել է պետական և սովխոզային անտառներ: Շնողն ուներ 5000 հա կոլխոզային անտառ: 1992 թվականին կոլխոզային և սովխոզային անտառները փոխադրվել են պետական անտառների ֆոնդին: Ըստ երևույթին, ձորի փեշերին փռված անտառները դուրս են մնացել «Հայանտառի» ֆոնդից: Հ. Սահակյանն ասում է, որ այդ տարածքներում բնական ձևով աճած ծառեր են, այն, ինչ անտառում կա: Այդ շերտն անտառածածկ է եղել, աճել են կաղնի, հաճարենի, բոխի, թխկի, բարդի, լորենի և այլ ծառատեսակներ: Բայց այդ, տարածքը որպես անտառ, անտառային տնտեսության բալանսում չի եղել:
Թե ինչպես է այդ անտառների հողերի կատեգորիան փոխվել, Հ. Սահակյանը դժվարացավ ասել։
«Փոխել են, որ ցույց չտան, որ անտառ է: Բայց մի մասը, որ ձեռք չեն տվել, պահպանվում է: Մինչև մեղվանոցը, մեղվանոցից հետո շերտեր կան, դրանք խեղաթյուրելով վաճառվել են: Դուքանաձոր կոչվածը, որտեղ հանքերի կենտրոն է, լիքը նման տարածքներ կար, դրանք սովխոզինն էր, անտառտնտեսությունը դրա հետ գործ չուներ, բայց փաստացի անտառ էր»,- հայտնեց Հ. Սահակյանը:
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչական շենքը
ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից փորձեցինք ստանալ «Թեղուտ» ՓԲԸ-ի հանքավայրի կադաստրային քարտեզը: Սակայն մեզնից 210 հազար դրամ պահանջեցին` նշված քարտեզը տրամադրելու համար` հղում կատարելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն հաշվարկվում է վճարման չափը:
Ո՞ւր է անհետացել Թեղուտի 30 հա անտառը![]() |
«Լալվարի» անտառտնտեսության Շնողի անտառապետությունում ունենք 6948 հա անտառ: Մինչև 1992թ.-ը, այո, եղել են սովխոզային անտառներ, որոնք 1992թ.-ին տրվել են «Հայանտառ»-ին: Դրանք մեր քարտեզագրման մեջ երևում են: Մեր քարտեզից անգամ 1 հա տարածք «Թեղուտ» ՓԲԸ-ին չի տրված: Քարտեզում Թեղուտ ՓԲԸ-ի պոչամբարի մոտ երևում են մեր անտառային տարածքները, երևում են նաև համայնքային տարածքներ, որտեղ անտառներ կան: Մենք ներքին կարգով հսկում ենք այդ անտառները: Հնարավոր է` հենց դրանք են վաճառվել «Թեղուտ» ՓԲԸ-ին»,- ասում է «Լալվարի» անտառտնտեսության գլխավոր անտառապետ Արտեմ Անթանեսյանը: Հիշեցնենք, որ անտառների մոնիտորինգով զբաղվող միջազգային Global Forest Watch-ի արբանյակային տվյալների վերլուծությամբ ևս անհամապատասխանություն կար: Համադրելով հայաստանյան կառույցների և Global Forest Watch-ի տվյալները՝ ավելի քան 30 հա հատված անտառ ուղղակի արտացոլված չէր հայաստանյան պաշտոնական վիճակագրության մեջ: |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել