Խլում են նույնիսկ կույրերից
«Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1936 թ.: Այսօր նրա անդամների թիվը հասնում է 5 հազարի: Միավորումն իր գործունեության ընթացքում միայն Երեանում իր անդամների համար կառուցել է 21 բնակելի շենք: Շենքեր կառուցվել են նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: 1947-1958թթ. ընթացքում Երեւանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումներով Երեւանի կենտրոնում` Իսահակյան փողոցում, հատկացվել են հողատարածքներ` կույրերի տուն-կոմբինատ եւ բնակելի շենքեր կառուցելու համար: Միավորմանը հատկացվում է 4800քմ տարածք, որը հաշմանդամների կազմակերպության ուժերով կառուցապատվում է, բարեկարգվում:
«Միավորումը հողատարածքը երկաթբետոնյա ցանկապատով սահմանազատել է, որի ներսում 1960թ-ից հետո կատարել է ծառատունկ, կառուցել ջրավազան, ավտոտնակներ` միավորմանը սպասարկող ավտոմեքենաների համար»,- պատմվում է ՀՀ Նախագահին հասցեագրված` Հայաստանի կույերի միավորման նամակում:
2000 թվականին կույրերի համար կառուցված Իսահակյան 18Ա շենքում բնակություն է հաստատում Անահիտ Պապյանի ընտանիքը: Տիկին Պապյանի անունը լայն հասարակությանը հայտնի չէ, փոխարենը` շատերը գիտեն նրա ամուսնուն` ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Սոս Քոչարյանին` ծագումով Լոռու մարզից: Հարեւանների հետ շփումներից խուսափող ընտանիքը 2002-ին միավորման վարչական շենքին հարող տարածքում ( Իսահակյան փողոց, թիվ 18 ) նախաձեռնում է ավտոտնակի ապօրինի շինարարություն, ինչը միավորման ջանքերով սկզբում կանխվում է: Անահիտ Պապյանը 2002-ի հոկտեմբերին դիմում է քաղաքապետարան` Հայաստանի կույրերի միավորմանը մշտական օգտագործման հանձնված հողատարածքից ավտոտնակի շինարարության հողահատկացում անելու համար: Այս մասին տեղեկանալով` միավորումն էլ իր հերթին է դիմում Երեւանի քաղաքապետարան` խնդրելով թույլատրել իրենց հողատարածքում բրայլյան տպագրության հրատարակչության շենք կառուցել, այլ կերպ՝ փորձում է կանխել հողի զավթումը:
Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 29.10.2002թ. 1966-Ա որոշմամբ Ա. Պապյանին Իսահակյան 18 շենքի բակային տարածքից, 10 տարի ժամկետով, հատկացվում է 20քմ հողատարածք: Այսպիսով, Անահիտ Պապյանին, ավելի ճիշտ` նրա հզոր «տանիքին», հաջողվում է շրջանցել կույր հաշմանդամների՝ ՀՀ օրենքներով ամրագրված սեփականության իրավունքը: Կոպտորեն ոտնահարվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, որում ասվում է. «Կազմակերպության հիմնադիրների եւ անդամների` սեփականության իրավունքով կազմակերպությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը կազմակերպության սեփականությունն է: Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրներին եւ անդամներին»:
Կույրերի միավորման հողատարածքի չափերը հստակ նշված էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի 1998թ-ին տրված վկայականում, այդ մասին քաղաքապետարանում չիմանալ չէին կարող: Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, թե քաղաքապետի «որոշումը» թյուրիմացության հետեւանք է, ի՞նչ պատասխան կամ հիմնավորում կարելի է գտնել այն բանից հետո, երբ քաղաքապետարանի` 08.10.2002թ. հ.2/5653 հանձնարարականին ի պատասխան` «Կենտրոն» համայնքի թաղապետ Գ. Բեգլարյանը քաղաքապետին պաշտոնապես տեղեկացնում է. «... Ձեր կողմից տրված որոշման համաձայն` Իսահակյան փողոցի թիվ 18Ա շենքի բնակիչ Ա. Պապյանին տրամադրված հողամասը գտնվում է Կույրերի միավորման անշարժ գույքի գրանցման վկայականում նշված /հ. 028793 առ 27.10.98թ./ հողատարածքի սահմաններում ... Առաջարկում եմ վերանայել Ձեր կողմից կայացված որոշումը՝ պարտադրելով Անահիտ Պապյանին քանդել ինքնակամ շինությունը... »: Ապօրինի շինությունը չքանդվեց, այն այսօր էլ «զարդարում է» Հայաստանի կույրերի միավորման վարչական շենքի ( Իսահակյան-18 ) բակային ճակատը:
Դրվագ երկրորդ
Ճիշտ ընտրված մարտավարությունը տալիս է ցանկալի արդյունքը. Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2003թ-ի մայիսի 5-ի որոշմամբ՝ Կույրերի միավորումից խլվում է հերթական տարածքը, այս անգամ` 380քմ: Այն երեխաների խաղհրապարակի տարածքն է: Աճուրդում խորհրդանշանական 1մլն դրամ վճարելուց հետո այն հատկացվում է Վանաձորի բնակչուհի Ռուֆինա Մեխակունուն: Թե ով է այս տարածքի իրական տերը, առայժմ հայտնի չէ: Գործարքի «կնքահայրերը» եւ՛ պատմության սկզբում, եւ՛ վերջում հոգացել էին, որպեսզի տուժող կողմերը` Կույրերի միավորումը եւ Իսահակյան 18Ա, 16Ա շենքերի բնակիչները, միասնաբար հանդես չգան. շրջանառության մեջ էին դրվել լուրեր այն մասին, որ իբր միավորման բոլոր անդամներին պատկանող հողատարածքը կազմակերպության ղեկավարությունն առասպելական գումարներով վաճառել է օտարներին եւ անմեղ է ձեւանում:
Որոշ ժամանակ անց, իհարկե, ամեն ինչ պարզվում է: Հայաստանի կույրերի միավորման Իսահակյան 18Ա, 16Ա շենքերի բնակիչները, չվհատվելով մեկ տարի առաջ կրած պարտությունից, այս անգամ արդեն հասարակական կազմակերպության հետ միասին ( առանձին հայցադիմումներով ) դիմում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Միավորման ղեկավարության համառ ջանքերի շնորհիվ պետական արխիվից հանվում են Երքաղխորհրդի գործկոմի` 1947-1958թթ. որոշումները, որոնք անառարկելիորեն ապացուցում են զավթված հողատարածքի իրական տերերի պահանջի իրավացիությունը: Սակայն դատարանն «ապացուցեց» հակառակը: Կրկին փաստվեց, որ մեր «անկախ» դատարաններում «վճիռներն» ընդունվում են ոչ թե գործի ավարտից հետո, այլ` դատական նիստը սկսվելուց շատ առաջ, ուստի նախագահող դատավոր Ժորա Վարդանյանը դատավարության ընթացքում ոչ թե հետամուտ եղավ ճշմարտության բացահայտմանը, այլ պարզապես հրապարակեց վճիռը. «...պահանջը համարել անհիմն ու մերժել»:
Հայաստանի կույրերի միավորումը եւ Իսահակյան 18Ա եւ 16Ա շենքերի բնակիչները, ի զարմանս Լոռու մարզից իջեցված զավթիչ դեսանտի, չեն վհատվել ու մտադիր չեն զենքերը վայր դնել: Պայքարի մասնակիցների կռվանները ոչ թե նվազել, այլ հավելվել են: Ե՛վ միավորման ղեկավարությունը, եւ՛ բնակիչներն այսօր արդեն գիտեն, թե իրենց դեմ ինչպես է նյութվել հողազավթում-դավադրությունը, գիտեն պատմության մասնակիցներին եւ մանրամասները, գիտեն հողազավթիչների եւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության՝ ծագումով լոռեցի պատասխանատու աշխատակցի սերտ կապերի մասին:
«Ամբողջ աշխարհում օգնում են կույրերին, իսկ Հայաստանում ոչ միայն չեն օգնում, չեն սատարում, այլեւ խլում են նրանց գույքը: Մենք պայքարելու ենք մեր իրավունքներ համար, ինչ ուզում է լինի»,-ասում է Կույրերի միավորման նախագահ Աբել Հակոբյանը:
Մ. Զաքարյանց
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել