HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր աղբավայր Նուբարաշենում անտառի փոխարեն կամ փողեր մսխելու վարպետության դաս կառավարությունից․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Նուբարաշենում կառուցվելիք նոր աղբավայրի մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Սակայն ԵՄ ստանդարտներից կարևորը, այն է՝ աղբի տեսակավորում և վերամշակում, նոր աղբավայրում չի նախատեսվում: Սա նշված է ծրագրի նկարագրությունում:

Ավելին, ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռևս 2006-2008 թ.-ներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք սակայն չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայումս տարածքը պետք է մաքրվի և ծառայի որպես աղբավայր: Ընդ որում, աղբավայրը կառուցվելու է 29 հեկտար տարածքում 28 տարվա շահագործման նպատակով: Այսինքն 28 տարի անց հավանաբար կարիք կլինի լրացուցիչ 30 հեկտար և լրացուցիչ վարկեր փնտրելու՝ նոր աղբավայր կառուցելու համար, եթե իհարկե աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չիրականացվի: Դե իսկ եվրոպական կառույցներն էլ, առավել կանաչ և կայուն ծրագիր ֆինանսավորելու փոխարեն, գումարներ են ներդնում նման անարդյունավետ կառավարում ունեցող երկրում: Ծրագրի մանրամասներից պատմում է իրավապաշտպան-բնապահպան Սոֆյա Մանուկյանը: Իսկ առավել մանրամասն այս թեմայով կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածներում (այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ)»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter