HY RU EN

Սեդա Ղուկասյան

Տնտեսական զարգացման նախարարությունն առաջարկում է կանխարգելել որոշ ապրանքների ներկրումը Թուրքիայից

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անուղղակիորեն առաջարկում է արգելել մի շարք ապրանքների ներմուծումը Թուրքիայից՝ հիմնավորելով, որ «կառավարության կողմից գործուն քայլեր են կատարվում` ուղղված ներմուծման փոխարինման խթանմանը»։ Այս մասին օրենսդրական նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ E-draft.am կայքում։ 

Նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի նախագծում։ Նախագծում նշվում է, որ տարբեր երկրներից, հիմնականում` Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում մեծ ծավալներով կաշվետեսակներ, որտեղ նկատվում են նաև աճի միտումներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից մեծ ծավալով արտահանվում են խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ:

«Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է կաշեգործության համար անհրաժեշտ հումքը, որը վերամշակվում և կրկին ներմուծվում է: Մինչդեռ հումքային բազայի հնարավորությունները դեռևս չեն օգտագործվում իրենց ամբողջ հզորությամբ։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սկզբնական հումքի արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում, կաշվի և կոշիկի  արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով, և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով»,- գրված է նախագծում։

Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել Հայաստանում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով և զարգացնելով առկա հնարավորությունները:

Առաջարկվում է արգելել արտահանել մի շարք խոշոր եղջերավոր կենդանիների անմշակ մորթը, որպեսզի տեղական հումքը մշակվի, ինչից հետո էլ այլ երկրներից (նախագծում նշված է Թուրքիան), կարիք չի լինի նման ապրանքատեսակների ներկրում ապահովել։

Հիշեցնենք, որ օրենքում փոփոխություններ կատարելու համար այն պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քվեարկվի խորհրդարանում։

Լուսանկարը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության