HY RU EN

Սեդա Ղուկասյան

Ղարաբաղյան շարժման սկիզբը․ Ազատության հրապարակում մեկնարկեց շարժման 30- ամյակին նվիրված ցուցադրությունը

Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հրավիրել էր Ղարաբաղյան  շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված հավաք, որտեղ ներկայացվեցին նաև շարժման տարիների լուսանկարներից ու կարգախոսներից։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հանդիպման սկզբում շեշտեց, որ հանդիպումը քաղաքականացված չէ, պարզապես ուզում են տոնել շարժման հոբելյանական տարին։

Արամ Մանուկյանը

«Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ ազատական շարժումների, առաջինն էր ոչ միայն իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, հումանիզմով, երկարակեցությամբ ու արդյունքով։ Մեր նման տարբեր երկրներում շատ եղան նման հզոր շարժումներ, բայց ամենաարդյունավետն ու ամենաքիչ կորուստներովը Ղարաբաղյան շարժումն էր»,-ասաց Արամ Մանուկյանը։

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ Ղարաբաղյան շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը «Ղարաբաղ կոմիտեն էր», որն էլ երկար ժամանակ ղեկավարել է շարժումը․

«Այն ուներ վստահության այնքան պահուստ, որ երեք տարին հերիքեց, որ այս հրապարակում ասեղ գցելու տեղ չլիներ, վստահության ողջ ծավալը հերիքեց Ղարաբաղյան ազատագրական շարժման ժամանակ, պետություն կառուցելու ժամանակ, ընտրությունների ժամանակ։ Դա էր մեր հաջողության գաղտնիքը, Ղարաբաղ կոմիտեի կազմակերպված լինելու արժեքը»,-նկատեց նա։

1991-1998 թվականներին խորհրդարանը ղեկավարած Բաբկեն Արարքցյանը ներկաներին շնորհավորեց շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն երեք հաջողություն է արձանագրել։ Որպես առաջին հաղթանակ Արարքցյանը Հայաստանի անկախությունն ու Երրորդ Հանրապետության հռչակումը նշեց, ապա Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս բերվելն ու դե ֆակտո անկախությունը, իսկ վերջում՝ բոլշևիկյան բռնապետության տապալումը։ 

Բաբկեն Արարքցյանը

«Երբ եկա Ազատության  հրապարակ, դիտում էի այդ ցուցադրությունը, մոտենում էին մարդիկ ու հարցնում՝ ի՞նչ  եք մտածում այսօրվա իրավիճակի մասին: Քանի որ այսօր տոն է, պետք է ուրախանանք ու ծիծաղենք։ Այդ հարցին կպատասխանեմ անեկդոտով՝ մեկը գալիս է բժշկի մոտ ու գանգատվում, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են, բժիշկը հետազոտում է և ասում՝  ձեր մատն է կոտրված, հասկանո՞ւմ եք, ձեր մատն է կոտրված»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ Ազատության հրապարակի ցուցադրությունը կշարունակվի փետրվարի 21-ին ու 22-ին։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի