
Գյումրիում կստեղծվի լոգիստիկ ազատ տնտեսական գոտի
Գյումրու քաղաքապետարանում այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ 2017թ-ի սեպտեմբերի 8-ից ՀՀ-ում գրանցված «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Մաղաքյանը: Ընկերությունը հետաքրքրված է Գյումրիում կառուցելու, շահագործելու եւ զարգացնելու օդային ուղիներով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի: Մոտ 10 հազար աշխատատեղ եւ 330 հա տարածքի կառուցապատում՝ ահա թե ինչ է խոստանում «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ընկերությունը գյումրեցիներին:
Հուշագրի ստորագրմանը ներկա էր Իսրայել-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվի Կան-Տորը: Վերջինս նշեց, որ Գյումրին ընտրվել է՝ նախ եւ առաջ հաշվի առնելով գործող օդանավակայանի առկայությունը, որտեղից հնարավոր է թռիչքներ իրականացնել եվրասիական երկրներ:
Ցվի Կան-Տորը
«Նորաստեղծ լոգիստիկ ազատ տնտեսական գոտում հարկային արտոնություններով կգործեն մի շարք բրենդային ընկերություններ՝ տեղում ապրանքատնտեսական ծառություններ մատուցելու նպատակով,-նշեց Ցվի Կան-Տորը,- մենք ընտրել ենք Գյումրին` որպես տարանցիկ գոտի, որտեղից փաթեթավորված ապրանքը օդային ուղիներով հասնելու է եվրասիական երկրներ: Մեր նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի այն ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային առեւտրի ոլորտում են գործում, ինչպիսիք են Amazon-ը, eBay-ը, որոնք զբաղվում են բեռների օդային փոխադրումով, իրականացնում են նաեւ դեղերի փաթեթավորում, կենցաղային, էլեկտրոնային սարքավորումների հավաքում, այս գործառույթները նպատակ կա կազմակերպելու Գյումրիում»:
Ծրագրի իրականացման համար քաղաքապետարանը տրամադրել է Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմում գտնվող անօգտագործելի տարածքները, որոնք նախ պետք է մաքրվեն 90-ականներից մնացած անավարտ շենքերի հիմքերից: Մաքրման աշխատանքներն իրականացնելու է «ԼՈՋԻՍՏԻՔ ԷՖ ԹԻ ԶԻ» ընկերությունը: Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին պարտավորվում է իրականացնել օդանավակայանից մինչեւ Մարմաշենի խճուղի 14 կմ ճանապարհի բարեկարգման աշխատանքները:
Իսրայել-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ցվի Կան-Տորի փոխանցմամբ՝ ծրագրի մեկնարկային փուլում հրավիրելու են մասնագետներ արտերկրից, որոնք աշխատելու են ազատ առեւտրի գոտում եւ իրականացնելու են տեղի աշխատուժի վերապատրաստում: Ընկերությունը նախատեսում է արտադրական պրոցեսի մի մասը կազմակերպել Գյումրիում, որպեսզի կարողանա օգտվել հարկային արտոնություններից:
Մեկնաբանել