HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանվածի հարազատների այցը Հայաստան

2004թ. մայիսի 17-ին Երեւանում սպանվեց ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդը: Դանակահարված Ջոշուային գտել են իր տան` Սայաթ-Նովա պողոտայի թիվ 24 շենքի բակում: Ոստիկանությունը հանցագործությունը որակել է «կանխամտածված սպանություն»: 

33-ամյա Ջոշուան ԱՄՆ պետքարտուղարության անգլերեն լեզվի ծրագրի շրջանակներում դասախոսում էր Երեւանի Բրյուսովի անվան համալսարանում: 

Մինչ օրս նրա սպանությունը բացահայտված չէ, նախաքննությունը շարունակվում է: Գործի մանրամասներին տեղեկանալու համար Հայաստան են եկել Ջոշուայի մայրը` Մաքսին Հագլանդ-Բլումերը եւ երկու եղբայրները` Ջոնը եւ Ջեյմսը : 

Հոկտեմբերի 15-ին նրանք այցելեցին «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության գրասենյակ: 

«Մենք դժգոհ ենք Հայաստանի եւ ԱՄՆ կառավարություններից: Արդեն հինգ ամիս է անցել դեպքից, բայց դեռ ոչինչ պարզ չէ մեզ համար, մենք ուզում ենք իմանալ Ջոշուայի սպանության պատճառը»,-հանդիպման ժամանակ ասաց նրա մայրը: Ջոշուայի հարազատները պատմեցին, որ իրենք հանդիպել են ոստիկանության, դատախազության աշխատակիցների հետ, որոնք միաբերան կրկնել են, որ սա իրենց համար առաջնային եւ կարեւոր գործ է, քանի որ սպանվել է օտարերկրացի: 

«Մենք այստեղ ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվել Ջոշուայի հետ: Խնդրում ենք բոլորին, ով կարող է որեւէ ինֆորմացիա հաղորդել Ջոշուայի սպանության մասին, չվախենալ եւ հայտնել»,-ասում է Ջոնը` Ջոշուայի եղբայրը: 

Հետաքննող լրագրողները Ջոշուայի հարազատներին տեղեկացրին, որ իրենք էլ են սկսել լրագրողական հետաքննություն, սակայն առայսօր որեւէ հրապարակում չի եղել: Զրույցի արդյունքում որոշվեց թերթի միջոցով դիմել մարդկանց՝ օժանդակելու մեր լրագրողական հետաքննությանը: 

Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր տեղեկություններ ունեն Ջոշուայի սպանության վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ուզում դիմել իրավապահ մարմիններին: Կարող եք դիմել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպություն հետեւյալ հեռախոսահամարներով` (3741) 563149, (3741) 523571 եւ էլեկտրոնային փոստով` [email protected] , [email protected] : 

Ինֆորմացիայի աղբյուրի գաղտնիությունը երաշխավորում ենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter