HY RU EN

Սեդա Ղուկասյան

«Օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացրեք». վարչապետի հանձնարարականները

Կառավարության փետրվարի 22-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր հարկային օրենսդրությանը։

Վարչապետի խոսքով 2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016-ի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիարդ դրամով․

«Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ՝ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերով։ Նշվածի կապակցությամբ ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ»,- ասաց Կարապետյանը։ Վերջինիս խոսքով՝ արձանագրված խնդիրների լուծումները գտնվում են մի շարք գործադիր մարմինների իրավասության տիրույթում։

«Հանձնարարում եմ ՊԵԿ նախագահին յոթօրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավոր առաջարկություններ։ Կառավարության աշխատակազմի ղեկավարին տասնօրյա ժամկետում մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, արտոնությունների կիրառման հստակեցման առաջարկություններ։ Բոլոր լուծումները, որ այդ խումբը ներկայացնելու է, առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշտացնելն է», -հայտարարեց նա։

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր վարչական գործերով ներկայացվող բողոքներին։ Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի նոյեմբերի իննին անդրադարձ է կատարվել վարչական դատարանների բեռնաթափման խնդրին։

«Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից՝ չնայած նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա, և դատաքննության արդյունքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ»,- նկատեց վարչապետը։

Կարապետյանի խոսքով՝ նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա, ուստի հանձնարարեց Ոստիկանության պետին և առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարաններում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել է ապացույցների հավաքագրման, մեկնաբանման թերություններ։

Երրորդ հանձնարարականը վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը։

«Ես կարծում եմ՝ սա միայն առողջապահությանը չի վերաբերվում, համենայն դեպս հիմա այս ոլորտը կարգավորենք և քայլ առ քայլ գնանք։ Նոր առողջապահական կենտրոնների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, այդ թվում ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը»,-ասաց նա։

Կարապետյանը հանձնարարեց Առողջապահության նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին համատեղ ուսումնասիրել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշների համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։