
Կառավարությունը մինչ 360 միլիոն դրամ սուբսիդիա կտրամադրի դիզվառելիքի գնման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց գյուղատնտեսության նախարարությանը 360 միլիոն դրամ հատկացնել՝ մինչև 6 միլիոն լիտր դիզելային վառելիք գնելու համար: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Որպես սուբսիդիա՝ մատակարարին կտրամադրվի մինչև 360 միլիոն դրամ՝ 1 լիտր դիզվառելիքի համար մինչև 60 դրամ:
Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ մարզպետարաններից ստացված տեղեկատվությամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար դիզելային վառելիքի պահանջարկը կազմում է մինչև 6 միլիոն լիտր:
Գյուղատնտեսության նախարարության որոշմամբ՝ սուբսիդավորման համար հատկացված գումարը կտրամադրի նախարարության կողմից իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով:
Ձեռք բերված դիզվառելիքը հատկացվելու է մարզերի հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին ու կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին` շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:
Նախարարության հաղորդմամբ՝ դիզվառելիքը հատկացվում է՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով:
Մեկնաբանել