
Օպերատորին իրավունք վերապահվեց բացահայտել «911» և «1-02» դիմած քաղաքացիների գտնվելու վայրը և անձնական տվյալները
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացավ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «911» և «1-02» ծառայությունների ահազանգերի տեղորոշման համակարգ ներդնել։
Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախարարի խոսքով՝ փոփոխությամբ առաջարկվում է օպերատորին իրավունք վերապահել բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները՝ հաճախորդի տեղորոշում և անձնական տվյալներ։
«Ահազանգողի տեղորոշման վայրի ներդրումը հանդիսանում է կարևոր գործընթաց, որի շնորհիվ կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը», - ասաց նախարարը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ ԱԻՆ-ի 911 ծառայությունն իր գործունեության տարիների ընթացքում սպասարկել է 6 մլն-ից ավելի ահազանգ: Չնայած ահազանգերի գերակշիռ մեծամասնությունը կրել է կենցաղային բնույթ, սակայն գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն։
Մեկնաբանել