HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլոկչեյնը, դրա կիրառությունն ու ազդեցությունը

Մանե Գևորգյան

Բլոկչեյն եզրույթը կիրառվել և նկարագրվել է մի խումբ հետազոտողների կողմից դեռ 1991 թվականին։ Մեծ հաշվով՝ ցանկացած տեղեկություն ապահով պահելու համար նախատեսված այս մեխանիզմը՝ բլոկերի շղթան, ավելի հայտնի և կիրառելի դարձավ, երբ Սատոշի Նակամոտոն ներմուծեց բիթքոին թվային արժույթը։ Այդ պատճառով էլ առհասարակ բլոկչեյն տեխնոլոգիան ասոցացվում է կրիպտոարժույթի կամ ֆինտեխի հետ։ Այնուամենայնիվ, բլոկչեյնն ավելին է, քան կրիպտոարժույթները պահպանելու «տարածք»։ Ժամանակի ընթացքում այն գրավեց մարդկանց ուշադրությունը և սկսեց օգտագործվել բժշկական գրառումների, էլեկտրոնային նոտարային համակարգերի, հարկեր հավաքելու և այլ գործընթացների համար։

Բլոկչեյնի կառուցվածքի հնարավոր գործընթացների, կիրառելիության և ունեցած ազդեցության մասին զրուցել ենք Hex Division-ի  ղեկավար Հովհաննես Կուլողլյանի և Blockchain R&D Hub-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանի հետ։

Հովհաննես Կուլողլյանը ներկայացնում է՝ ինչ է բլոկչեյնը, դրա նշանակությունն ու կիրառությունը։

Ի՞նչ է բլոկչեյնը

Բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի քանի հատկություններով և չափազանց հետաքրքիր կառուցվածքով:

Երբ խոսում ենք կրիպտոարժույթների մասին, բլոկչեյնը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման հաշվապահական գիրք, որը թափանցիկ է և հասանելի է իր բոլոր օգտատերերին։ Բլոկչեյնի մյուս կարևոր առանձնահատկությունը հետևյալն է՝ երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։ Բլոկչեյնը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև հղում նախորդ բլոկին:

Հղումների համար օգտագործվում են այսպես կոչված հեշեր, որոնք կարելի է դիտարկել որպես տվյալների նույնականացման միջոց, մատնահետք։ Հեշը շատ կարևոր է հնարավոր փոփոխություններին հետևելու համար, քանի որ ելակետային տվյալներում չնչին փոփոխությունն անգամ բերում է այդ տվյալների հեշի փոփոխության: Քանի որ յուրաքանչյուր բլոկ ունի իր հեշը, ու բոլոր բլոկերի մեջ տեղադրվում է նախորդ բլոկի հեշը, ապա որևէ բլոկի մեջ մեկ բիտի արժեքն անգամ փոխելու դեպքում տվյալների ամբողջականությունը պահպանելու համար ստիպված կլինենք վերահաշվարկել և փոփոխել բոլոր հաջորդող բլոկերի հեշերը, ինչը կապված է ահռելի ծախսերի հետ։ Այս մեխանիզմը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը բլոկչեյնում:

Թե ինչ տվյալներ են պահվում բլոկում, կախված է բլոկչեյնի տեսակից։ Օրինակ՝ բիթքոինի բլոկչեյնը պարունակում է տվյալներ ու մանրամասներ կատարվող գործարքների, փոխանցումների, գումարը ուղարկողի և ստացողի մասին։ Բիթքոինի օգտատերերը համակարգում ներկայացված են ոչ թե իրենց անձնական տվյալներով՝ անուն, ազգանուն, այլ իրենց թվային դրամապանակներով, որոնք նույնականացվում են վերագրված չկրկնվող համարներով: Բոլոր դրամամապանակների պարունակությունը հատնի է, սակայն մասնակցի անձի մասին տվյալներ համակարգում չեն պահվում: Այսպիսով՝ բլոկչեյնը թույլ է տալիս կատարել անանուն գործարքներ: Օգտատերերն ունեն գաղտնի անձնական բանալիներ, որոնց միջոցով վավերացնում են իրենց գործարքները։ Փոխանցում կատարելու համար պետք է մուտքագրել գաղտնի բանալին ու նշել այն դրամապանակը, որի հետ գործարք է իրականացվում։

Ի՞նչ խնդիր է լուծում բլոկչեյնը

Բլոկչեյնը միաժամանակ լուծում է մի քանի խնդիր՝ վստահության, անվտանգության և թափանցիկության։ Բլոկչեյնի ճիշտ կիրառությունը բերում է ժամանակի ու գումարի խնայողության։

Այն թույլ է տալիս երկու կամ ավելի մարդկանց միջև ստեղծել վստահություն ու հարկ եղած դեպքումմարդուն պատասխանատվության ենթարկելու հստակ ու բավարար հիմք։

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ցանկացած գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է երրորդ անձի ներգրավում՝ հետագայում հնարավոր վեճերը լուծելու և նախնական պայմանավորվածությունը փաստելու համար։ Միջնորդների վառ օրինակ են նոտարները։ Այս միջնորդ օղակները հաճախ ունեն մեծ իշխանություն, ու եթե կողմերը սկսում են չվստահել նրանց, ապա համակարգը լուրջ խնդիրներ է ունենում։ Բլոկչեյնի շնորհիվ հնարավոր է գործարքները վերահսկելու գործառույթն իրականացնել առանց միջնորդների և, ըստ էության, ապակենտրոնացնել բիզնես պրոցեսների ղեկավարումը։

Բլոկչեյնը ապահովում է ներմուծված տվյալների անվտանգությունը։
Ցանկացած անձ, ով միանում է ցանցին, ձեռք է բերում բլոկչեյնի իր կրկնօրինակը և ինքնուրույն ստուգում տվյալների ամբողջականությունը։ Չկա կենտրոնացված մոդել, որտեղ համակարգի օգտատերերը ստիպված են վստահել տվյալները տրամադրող կենտրոնին կամ սերվերին։ Տվյալների ամբողջականությունը ապահովվում է այսպես կոչված կոնսենսուսի պրոցեսի միջոցով: Տարբեր բլոկչեյներում իրականացված են տարբեր կոնսենսուսի ալգորիթմներ, սակայն երկու ամենատարածված մոտեցումներն են “Proof of work”-ը ևProof of stake”-ը: Կոնսենսուսի միջոցով սինխրոնիզացվում է տվյալների բազան ու բոլորի համար դառնում նույնը։ Բլոկչեյնի խնդիրն է կազմակերպել կոնսեսուսն այնպես, որ, օրինակ, հարյուրավոր մարդիկ համաձայնության գան բլոկչեյնի պարունակության շուրջ ու բոլորի մոտ լինի նույն օրինակը։ Այս սկզբունքների շնորհիվ բլոկչեյնը չունի մի խոցելի կետ, որը վնասելու դեպքում կտուժեն բոլոր մասնակիցները: Վնասելու համար պետք է հասանելիություն ունենալ բոլոր մասնակից կողմերի համակարգիչներին ու նույն փոփոխությունը կատարել բոլորի մոտ։ Օրինակ՝ բիթքոինի տվյալների բազայի մեջ գրված են առաջին օրվանից մինչև այս պահը տեղի ունեցած բոլոր փոխանցումները. և այս հաշվապահական գրքի մեջ որևէ փոփոխություն կատարելու համար նույն փոփոխությունը պետք է կատարել հազարավոր համակարգիչների մեջ։

Այդ է պատճառը, որ բլոկչեյնում կարելի է պահել տեղեկություն, օրինակ, սեփականության իրավունքի մասին։ Եթե համաձայն բլոկչեյնում ներմուծված տվյալների որևէ իր պատկանում է որևէ անձի, կամ փոխանցվում է երկրորդ կողմին, ապա հնարավոր չէ այդ տեղեկությունը փոխել, ու մի օր չի կարող պարզվել, որ դու տվյալ իրի սեփականատերը չես։

Բլոկչեյնը կարող է կիրառվել նաև, օրինակ, ընտրությունների դեպքում։ Ընտրությունների ժամանակ կա կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը պատասխանատու է ընտրությունների ամբողջ ընթացքի համար և կատարում է բոլոր հաշվարկները: Նաև կան հետաքրքրված կողմեր, կուսակցություններ, որոնք ունենում են ներկայացուցիչներ՝ դիտորդներ՝ հնարավոր խախտումները արձանագրելու համար։ Անկախ վերահսկման մեթոդներից՝ հաշվարկներ կատարող մարդը կարող է սխալվել կամ խախտումներ անել, կարող են լինել լցոնումներ և այլ հանգամանքներ, որոնք կոտրում են վստահությունը։ Եթե քվեարկությունը լինի բլոկչեյն համակարգի միջոցով, բոլոր մասնակից կողմերը կունենան բլոկչեյնի իրենց օրինակը և վստահ կլինեն, որ ձայները գրանցելու ժամանակ խարդախություններ չեն լինի։

Պետական ապարատի դեպքում բլոկչեյնի շնորհիվ հնարավոր է շատ գործընթացներ ավտոմատացնել։ Դեռ վաղ է ասել, որ մոտ ապագայում այս համակարգը կարող է փոխարինել այսօրվա բանկային տեխնոլոգիաներին, բայց կարող է բազմաթիվ գործընթացներ հեշտացնել։ Օրինակ՝ բանկում օրական հազարավոր գործարքներ ձեռքով հաստատելու գործընթացը կարելի է ավտոմատացնել՝ խնայելով ինչպես ժամանակ, այնպես էլ գումար։ Այս համակարգի միջոցով ավտոմատացվում է միջնորդ կողմի աշխատանքը։

Ի՞նչ է մայնինգը կամ Proof of work-ը

Նոր բլոկ ավելացնելու գործընթացը հայտնի է որպես մայնինգ: Ներկայումս մայնինգի համար ամենատարածված ալգորիթմն անվանում են Proof of work կամ «Աշխատանքի ապացույց»։

Այս մեթոդը ծախսատար է, քանի որ պահանջում է համակարգչային հզորության օգտագործում, սակայն իրենց աշխատանքի համար մայներները պարգևատրում են ստանում։ Համակարգում ստեղծվող գործարքները ստուգվում են, հավաքվում բլոկերի մեջ, հաստատվում և ապա նոր ավելացվում բլոկչեյնի մեջ ու համարվում կատարված։ Մայներների աշխատանքը հենց այդ բլոկերը ստեղծելն է: Այլ կերպ ասած՝ մայներները պարգևատրվում են գործարքները հաստատելու համար։ Բլոկչեյնի դեպքում ոչ թե ունենք մեկ կենտրոնական օպերատոր` օրինակ բանկ, այլ բոլոր մասնակից կողմերը իրենց հերթին կարող են լինել «բանկ»։ Բոլորը կարող են մասնակցել կատարված գործարքի հաստատմանը։

Փորձենք հասկանալ Proof of work-ը՝ դիտարկելով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ գործողությունների պարզեցված հերթականությունը։

Օրինակ՝ Ալիսան Բոբին 100 բիթքոին է փոխանցում։ Բոբը բոլորին տեղեկացնում է, որ Ալիսան պատրաստվում է իրեն գումար փոխանցել։ Բոլորը բացում են բլոկչեյնի իրենց օրինակն ու ստուգում՝ Ալիսան ունի՞ այդքան գումար Բոբին փոխանցելու համար։ Որպեսզի գործարքը կատարվի մասնակիցների բավարար քանակ պետք է հաստատի, որ այո, Ալիսան ունի անհրաժեշտ գումար։ Բայց, քանի որ գործ ունենք ոչ թե իրական մարդկանց հետ, այլ թվային դրամապանակների, ապա Ալիսան կարող է ստեղծել կեղծ դրամապանակներ ու դրանց անունից հաստատել իր դրամապանակի պարունակությունը։ Նման հավանական խարդախությունը կանխելու համար առաջացել է proof of work-ը, որի գործառույթը հետևյալն է՝ գործարքի հաստատումը կախված է ոչ թե հաստատողների քանակից, այլ ներգրավված համակարգչային հզորությունից։ Այսինքն՝ հաստատելու համար անհրաժեշտ է շատ գումար ծախսել, ու այդ գործընթացը պետք է լինի բավականին բարդ։

Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են հաստատել տվյալ բլոկը, պետք է լուծեն բարդ խնդիր՝ կախված բլոկի պարունակությունից: Խնդիրը լուծելու միակ ձևը գուշակելն է, այլ կերպ ասած՝ հնարավոր պատասխանները պետք է հերթով տեղադրել ու ստուգել՝ արդյոք պատասխանը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Խնդիրը լուծելը ժամանակատար է և անհայտ է՝ ով առաջինը կգտնի պատասխանը։ Արդեն գտած պատասխանը հեշտությամբ հնարավոր է ստուգել ու եթե պարզվում է, որ ճիշտ է, ապա այդ բլոկը համարվում է հաստատված ու մայները ստանում է դրամական պարգև, ու հենց այդպես էլ առաջանում և շրջանառության մեջ է մտնում բիթքոինը։

Մեկ բլոկը հաստատելու համար նախատեսված պարգևատրութունն այս պահին 12.5 բիթքոին է` մոտ 120.000 դոլար։ Մայնինգի պարգևատրումը ի սկբանե 50 բիթքոին է եղել, բայց չորս տարին մեկ գումարը կիսվում է։ Նախատեսվում է, որ արդեն երկու տարի հետո կլինի 625 և կնվազի այնքան մինչև դառնա բիթքոինի ամենափոքր միավորից` սատոշիից փոքր: Սակայն բիթքոինի պրոտոկոլը թույլ է տալիս գործարքների համար որոշակի գումար գանձել, որպեսզի մայներները հետաքրքրված լինեն շարունակելու իրենց աշխատանքը։

Հնարավո՞ր է արդյոք գործարքների ժամանակ «խաբել» համակարգին՝ փոխացնումներ կատարելու տեսանկյունից

Պատկերացնենք՝ Ալիսան ինչ-որ ծառայության դիմաց Բոբին պետք է գումար փոխանցի և ցանկանում է խարդախություն անել։ Ալիսան մեկ անգամ գործարք է կատարում և ցույց է տալիս, որ գումար է փոխանցել Բոբին։ Հետո Ալիսան նոր գործարք է անում և այդ նույն գումարը փոխանցում է իր մեկ այլ թվային դրամապանակի և մայնինգի միջոցով հաստատում այս երկրորդ փոխանցումը պարունակող բլոկը: Այժմ մենք ունենք երկու տարբեր բլոկեր, որոնք ներկայացնում են դեպքերի զարգացման երկու տարբեր վարկածներ: Այսպիսով՝ ստեղծվում է երկու իրականություն՝ մի դեպքում գումարը փոխանցվել է Բոբին, իսկ մյուս դեպքում Ալիսայի մեկ այլ դրամապանակի: Բոբը սկզբում համոզվում է, որ գումարը իրեն է փոխանցվել, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ գումարը նաև փոխանցվել է Ալիսային:  Քանի որ բլոկչեյնում որպես ճշմարտություն ընդունվում է ամենաերկար կամ ամենաշատ բլոկեր պարունակող բլոկչեյնը, ապա գումարը ոչ թե Բոբին, այլ իրեն փոխանցելու համար Ալիսան պետք է իր թվային դրամապանակին գումարը փոխանցելուց հետո ևս մի քանի բլոկ հաստատի, ինչի համար համակարգչային մեծ հզորություն է անհրաժեշտ։ Այսինքն՝ այս սահմանափակումը բերում է նրան, որ Ալիսան նմանատիպ խարդախություն անելու համար պետք է ունենա մասնակցող ամբողջ համակարգչային հզորության առնվազն 51%-ը:

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեք հնարավոր չէ կանխատեսել՝ ով առաջինը կհաստատի բլոկը։ Որպեսզի մեծանա Ալիսայի՝ բլոկը հաստատելու, այսինքն՝ իրականության իր վարկածը պնդելու հնարավորությունը, նա պետք է ունենա ամբողջ համակարգիչների հզորության 51%-ը։ Այդ 51% ը պետք է համաձայնի ինչ-որ խարդախություն անել ու սխալ բլոկ հաստատել։ Այդ ամբողջ հզորությունն ունենալը շատ թանկ արժե, և նույնիսկ ունենալու դեպքում խարդախության գնալը անիմաստ է, քանի որ այն արագ կբացահայտվի: Բացահայտումը կբերի տվյալ կրիպտոարժույթի արժեզրկման, ամբողջ համակարգի հեղինակությունը կընկնի, ու մասնակից կողմերը, կորցնելով վստահությունը, արագորեն կհեռանան համակարգից ու նոր արժույթ կստեղծեն։ Նմանատիպ փորձ մեկ անգամ արվել է՝ հասկանալու համար համակարգի աշխատանքը։ Դրանից հետո համակարգչային այդ մեծ հզորությունը բաժանվել է մի քանի մասի՝ համակարգում բալանսը պահելու նպատակով:

Ի՞նչ է սմարտ կոնտրակտը (Smart contract)

Smart contract-ները նախատեսված են բլոկչեյնում պահվող տվյալների հետ աշխատանքը ավտոմատացնելու համար։

Այսինքն՝ բլոկչեյնում հնարավոր է ներմուծել ոչ միայն տեղեկություն` կատարվող գործարքների մասին, այլև որոշակի ծրագրեր, որոնք իրենցից հրամանների հերթականություն են ենթադրում։ Ծրագրերը նույնպես հաստատվում են մայնինգով ու դառնում թվային դրամապանակի տեսակ, որն ունի հասցե։ Ի տարբերություն մարդկանց թվային դրամապանակների՝ այն ավտոնոմ է։ Այնուհետև այդ դրամապանակին փոխանցում կատարելիս դրամապանակը կատարում է իր մեջ ներմուծված ծրագրի հրամանները: Օրինակ՝ կարելի է գրել սմարտ կոնտրակտ, որը գումար ստանալու դեպքում այդ գումարի մի մասը փոխանցի մի դրամապանակի, իսկ մյուս մասը` որևէ այլ դրամապանակի։ Սմարտ կոնտրակտները հնարավորություն են տալիս ավտոմատացնել գործարքները բլոկչեյնում։

Blockchain R&D Hub-ի համահիմնադիր Արման Ալեքսանյանը ներկայացնում է բլոկչեյնի՝ որպես մեխանիզմի, համակարգի, տարբեր կիրառելիություններն ու ազդեցությունը։

Blockchain R&D Hub-ը հիմնադրվել է 2016 թվականին, իսկ թիմը ՏՏ ոլորտում է արդեն ավելի քան 20 տարի։ Վերջին 3 տարին հիմնականում զբաղվում է բլոկչեյն տեխնոլոգիաներով և իրականացնում նախագծեր տարբեր ոլորտներում, որոնցից անհրաժեշտ է ընդգծել նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված PUBLIQ-ը։ Վերջինիս հիմքում բլոկչեյն տեխնոլոգիան է, ինչն էլ շատ լավ օրինակ է՝ ինչպես կարող է բլոկչեյնն օգտագործվել տարբեր ոլորտներում՝ մասնավորապես մեդիա դաշտում։ PUBLIQ-ը կոնտենտ տարածելու հարթակ է, որը թույլ է տալիս իրականացնել ցանկացած նախագիծ, որի հիմքում կոնտենտն է՝ անկախ այն ստեղծողից։ Այն ապահովում է նյութերի հեղինակների և օգտատերերի շահերն ու իրավունքները՝ ստեղծելով ապակենտրոնացված, ազատ մեդիա էկոհամակարգ։  

Բլոկչեյնի ազդեցությունը տնտեսության վրա. ո՞ր ոլորտների զարգացմանը կարող է նպաստել

Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիական հիմքերից մեկը հենց բլոկչեյնն է, ու եթե արհեստական բանականությունը (AI) զգալի առաջընթաց է ապահովում հիմնականում արտադրողականության բարձրացման հարցում, ապա բլոկչեյնը նոր հեղափոխական հնարավորություններ է ընձեռում կառավարման և օպերացիոն գործընթացների կազմակերպման հարցերում։

Չնայած բլոկչեյնը լայն տարածում ստացավ նախորդ տարվա սկզբում, արդեն իսկ կան բազմաթիվ կայացած նախագծեր շատ ոլորտներում՝ սկսած ֆինտեխից, էներգետիկայից, մեդիա ոլորտից և այլն, իսկ էքսպերիմենտալ կամ նախատիպերի փուլում կան բազմաթիվ ուշագրավ լուծումներ գրեթե ցանկացած ոլորտում։

Բլոկչեյնի դրական ազդեցությունը դժվար է թերագնահաատել, բայց ինչպես ցանկացած այլ հեղափոխական զարգացում, իհարկե, կլինեն նաև որոշակի կարճաժամկետ բացասական հետևանքներ։ Հնարավոր է՝ շատ կարճ ժամանակում որոշ ոլորտներ ստիպված լինեն վերաձևավորվել ու, հաշվի առնելով, որ բլոկչեյնի հիմնական առանձնահատկություններից է միջնորդի բացառումը, հետևաբար որոշ՝ մեզ համար արդեն սովորական դարձած գործընթացներ, առհասարակ կկորցնեն իրենց իմաստը։ 

Որո՞նք  են բլոկչեյնի առավելությունները

Բլոկչեյնը կարևոր է, օրինակ, անձնական տվյալների պահպանման հարցում։ Բազմաթիվ գործարքներ կատարելիս անհրաժեշտություն է լինում տրամադրել անձնական տվյալներ, բայց պարզ չէ՝ դրանք որտեղ են պահպանվում և ինչպես են օգտագործվում։ Այս հարցը բլոկչեյնի միջոցով կարելի է լուծել և՛ անվտանգության, և՛ օպտիմացման տեսանկյունից։  

Ենթադրենք բանկն իր հաճախորդներից տվյալներ է հավաքագրում և փորձում դրանք անընդհատ թարմացնել, ու դրան զուգահեռ նույն բանն են անում մյուս բանկերը կամ ապահովագրական ընկերությունները` նույն մարդու համար։ Այս գործընթացները ենթադրում են ժամանակային և գումարային ռեսուրսներ, մինչդեռ այդ ամբողջ տեղեկությունը կարելի է ներմուծել բլոկչեյն և պահել այնտեղ։

Բլոկչեյնն ունի կարևոր նշանակություն կառավարման ուղղահայաց մեթոդը հորիզոնական դարձնելու մեջ։ Որքան ուղղահայաց է կառավարումը, այնքան ոչ արդյունավետ և ռիսկային է, որքան հորիզոնական է, այնքան դինամիկ է զարգանում։

Օրինակ՝ դիտարկենք երկրի կառավարումը։ Եթե ժամանակին կային թագավորներ ու կառավարումը կենտրոնացված էր, ապա շատ փոփոխությունների արդյունքում կառավարումը հիմնականում ապակենտրոնացվեց և մի շարք երկրներում կա Ազգային ժողով, նախագահ, տարածքային կառավարման մարմիններ։ Սա մի մեթոդ է, որի շնորհիվ հնարավոր է քչացնել սխալ որոշումներ կայացնելու կամ կոռուպցիա գրանցելու ռիսկերը։

Հե՞շտ է անցում կատարելը բլոկչեյն տեխնոլոգիաներին

Մի քիչ դժվար է այս ամենը կապել ֆիզիկական աշխարհի հետ, որովհետև ներկայում հաճախ դժվար է հասկանալ ապագայի տեխնոլոգիաները, բայց քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում՝ անկախ շոշափելիությունից, պետք է պատկերացնել հնարավոր կիրառությունները։ Հիմա շատ բաներ ապրանքից վերածվում են ծառայության, այդ իսկ պատճառով կարևորում եմ ոչ թե բիթքոինի գնի բարձրացումը կամ անկումը, այլ հենց բլոկչեյնը։

Շուկայում ամենամեծ տարածումն ունեն կրիպտոարժույթները։ Կրիպտոարժույթի շուկան մոտ 500 մլրդ դոլար է, որի հիսուն տոկոսից ավելին զբաղեցնում են առաջին չորս-հինգ կրիպտոարժույթները։ Ամենատարածվածը Bitcoin-ն է, հաջորդը Ethereum-ը։ Վերջերս լուրջ առաջընթաց ապրեց Ripple-ը։ Խոշորներից է նաև Bitcoin Cash-ը։

Յուրաքանչյուրն էլ ունի իր առանձնահատկությունները՝ թե՛ տեխնոլոգիական, և թե՛ ֆունկցիոնալ իմաստով, ու չնայած տարածման նման անհավանական տեմպերի, գրեթե բոլորն էլ գտնվում են ակտիվ զարգացման և ձևավորման փուլում։

Այս փոփոխությունները շատ հեռու չեն՝ մի օր կարթնանանք ու կհասկանանք, որ կրիպտոարժույթն ավելի հարմար է, քան թղթադրամը։ Չէ՞ որ թուղթն էլ արժեք չի ներկայացնում, ընդամենը պայմանավորվածություն է։ Կրիպտոարժույթի դեպքում պետք է քննարկել ոչ միայն բլոկչեյնը, այլև մի շարք ֆինանսական հարցեր։

Շատ կարևոր է ընդհանուր պաշտոնական դիրքորոոշում ունենալ, ինչի համար նախ պետք է ճանաչել կրիպտոարժույթի ստատուսը։

Աշխարհում ի՞նչ փոփոխություններ են կատարվել կապված բլոկչեյնի հետ․ ո՞ր երկրներն էին ավելի բաց, ու համակարգային ի՞նչ փոփոխություններ են եղել

Արդեն վաղուց բլոկչեյնը շատ երկրների ուշադրության կենտրոնում է, ու քանի որ բլոկչեյն տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված լուծումները նոր գաղափարներ են, հիմնական հարցը այստեղ կարգավորումն է, օրենսդրական դաշտ ստեղծելը և ընդհանրապես համապատասխան զարգացումները խթանող միջավայր ձևավորելը։

Չկա մի տեղ, որտեղ հստակ որոշել և ակտիվ աշխատում են։ Կան պարզապես երկրներ, որոնք ավելի բաց են առաջընթացին, կան, որ ավելի փակ են։ Օրինակ՝ Շվեյցարիան համարվում է առաջատարներից այդ հարցում, մասնավորապես՝ Զուգ քաղաքը համարվում է բլոկչեյն տեխնոլոգիաների կենտրոններից մեկը աշխարհում։ Blockchain R&D Hub-ի կողմից իրականացվող մի քանի խոշոր նախագծեր հենց այնտեղից են։ Ճապոնիան նույնպես ձևավորում է շատ բարենպաստ միջավայր, և այնտեղից ևս ունենք բազմաթիվ գործընկերներ։ Իսկ, օրինակ, Չինաստանում շատ զարգացած էր մայնինգը, սակայն որոշեցին քաղաքացիներին արգելել մասնակցել և կազմակերպել ICO, ապա նախազգուշացրին մայնինգով չզբաղվելու մասին։ Այս ամենը միայն այն բանի համար, որ հասկանան ընդհանուր դիրքորոշումը՝ նախքան որևէ գործունեություն ծավալելը։

Ամփոփելով երկու հարցազրույցները՝ բլոկչեյնը Հայաստանում

Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման հարցում մեծ ներդրում ունի Blockchain R&D Hub-ը, որը մի քանի տարի շարունակ իրականացնում է հետազոտական և կրթական ծրագրեր ու կազմակերպում թեմատիկ միջոցառումներ։

Blockchain Hackathon-ը Երևանում

Դրան զուգահեռ 2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի ստարտափ ակադեմիայում անցկացվեց YLedger-ի կազմակերպած բլոկչեյնի մեկամսյա դասընթաց: YLedger-ը 4 կազմակերպությունների՝ Hex Division-ի, Concent-ի, Codics-ի և Catalyst Foundation-ի համատեղ նախաձեռնությունն է։ Դասընթացները շարունակական են լինելու և նախատեսված են Հայաստանում բլոկչեյնով հետաքրքրվող ծրագրավորողների համար։ Հունվարի 27-ին Հայաստանի ստարտափ ակադեմիայի, YLedger նախաձեռնության և Zap ընկերության համագործակցությամբ տեղի ունեցավ Yerevan Blockchain Hackathon-ը, որի մասնակից թիմերին տրվել էր առաջադրանք մի քանի ժամում կատարելու համար, իսկ հաղթողներին սպասվում էին դրամական պարգևներ։ Zap ընկերությունը որոշեց համագործակցել ստարտափ ակադեմիայի հետ, որովհետև վերջինս ստարտափների կենտրոն է, որտեղ նաև անցկացվում են դասընթացներ բլոկչեյնի, իսկ շուտով նաև մեքենայական ուսուցման վերաբերյալ։ Այսինքն՝ կան պատրաստի հիմքեր նոր համագործակցություններ սկսելու համար։ Zap ընկերության բիզնես զարգացման բաժնի ղեկավար Փիթեր Միկելսենը փաստեց, որ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ այս ոլորտում, և ցանկանում են ամեն ինչ անել այդ ներուժը ճիշտ օգատգործելու համար։ Այդ օրն ակադեմիայում էր Նյու Յորք-ի Bitcoin Center-ի տնօրեն, ժյուրիի անդամ Նիք Սփանոսը։ Նա ծանոթացավ մասնակից թիմերի կատարած աշխատանքներին և առաջարկեց օգնել խորհուրդներով ու հետևել դրանց զարգացումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter