
Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է պոլիտեխնիկական համալսարան:
Հանրապետության նախագահը կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի և համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական և հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում:
Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների և համապատասխան ծրագրային ապահովումը մշակող անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով:
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության մասնագետներից մեկը` հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաև ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման և աջակցության գործը:
Կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության և պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում։
Մեկնաբանել