HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատությունն էլ շոկոլադ չի

Հարցազրույց «Բնագիր» հանդեսի համախմբագիր, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանի հետ

Օրերս լույս է տեսել «Բնագիր» ժամանակակից հայ գրականության ժողովածուի իներորդ համարը: Հանդեսի խմբագիրները բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանն ու բանաստեղծ, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանն են: Նրանք էլ հանդեսի բովանդակային ցանկի ստորին մասում զգուշացնում են. «Որոշ ստեղծագործություններում օգտագործված է բառապաշար, որին մինչեւ 18 տարեկանները սովորաբար ծանոթանում են փողոցում»: Գուցե սա է պատճառը, որ տարիներն անցնում են, բայց «Բնագրի» նկատմամբ կանխակալ վերաբերմունքը չի վերանում: Հանդեսի գրեթե բոլոր համարների շնորհանդեսների ժամանակ լրագրողները մոտենում ու հարցեր են տալիս ինչ-որ բացասական վերաբերմունքի մասին: 

Բացասական ինչ-որ վերաբերմունք ուղեկցում է այն բոլոր երեւույթներին, որոնք տարբերվում են հաստատված, ընդունված պատկերացումներից: Դրականը ավանդականն է, հաստատված կարգը, որին ընտելացել, հարմարվել են: Դրա խախտումը մարդուն շփոթեցնում է, շփոթմունքին ոմանք դրական են արձագանքում, մյուսները` բացասական: Մեր իրականության մեջ էլ «Բնագիրը» որոշ շփոթմունք առաջացրեց, հետագայում ավելի ու ավելի շատերը կընտելանան: Դա բնական պրոցես է, հետո շատ «բնագրեր» կհայտնվեն Հայաստանում, ինչպես շատ ուրիշ երկրներում է եղել:

Գռեհկաբանությունն ու ազատությունը, ազատությունն ու դրա իմիտացիան /կամ ինքնանպատակությունը/ շփոթված չե՞ն հանդեսի էջերում: Ասում են, թե շատերը հանդեսի համարները տուն չեն տանում, որ երեխաների կամ ծնողների ձեռքը չընկնի: 

Շատերը «Բնագրից» բացի ուրիշ բաներ էլ տուն չեն տանում` իրենց սեքսուալ արկածները, բժշկական կոնսուլտացիաները, ղումարը, ընկերոջ գաղտնիքները, սիրախաղերը, աշխատանքային ինտրիգները, կուսակցական վեճերը ... Բայց չէ՞ որ հենց դրանցից է կազմված մեր կյանքը: 

Հիմա անդրադառնամ ազատությունն ու գռեհկաբանությունը իրարից զատելու` հաճախ հնչող պահանջին: Նման պահանջ կամ ցանկություն կարող է ծնվել միայն այն երկրում եւ այն հասարակության մեջ, որտեղ իշխում է տոտալիտար մտածողությունը, իսկ ազատությունն ընկալվում է իբրեւ մի դեղ, որի չարաշահումը պացիենտին կվնասի, հետեւաբար հարկավոր է, որ հավասարակշռված խելոքները որոշեն, թե ինչ ոլորտներում ու ինչ դոզայով ազատություններ ՙբաց թողնեն՚ հասարակության մեջ, որ տաքգլուխ կամ անհավասարակշիռ մարդիկ հանկարծ ույու չվնասեն իրար: Էդպես մամաները երեխայի ձեռքից առնում են քաղցրը, որ ատամները չփչանան: Բայց «Բնագիրը» ոչ մեկի մաման չի, ու ազատությունն էլ շոկոլադ չի: 

Իսկ ի՞նչ է նշանակում գռեհկաբանություն: Եթե մեր երկրում չկա հասարակական կարծիքն ուսումնասիրող որեւէ լուրջ հաստատություն, ո՞վ է պնդելու, թե ի՞նչն է գռեհիկ ընկալվում: Ինձ համար, օրինակ, գռեհիկ են այսպիսի տեքստերը. «Աշնանային քամին տերեւներ նվիրեց նրան` ի հատուցումն կրած տառապանքների», կամ` «Այսօր հրաշք է պետք ինձ ու նաեւ ձեզ, հրաշք` արթնացող զանգերի ձայնով, բարդիների ու քամու զրույցի շշուկով..»: Մի ուրիշի համար կարող է գռեհիկ հնչել չափազանց պերճախոսությունը, սենտիմենտալ զեղումները, կեղծ խորհրդավորությունը եւ այլն: 

Ռոլան Բարթը (ֆրանսիական նոր քննադատության ամենանշանավոր դեմքերից մեկն) ասում է, որ բարոյախոսությունից ու գեղագիտությունից բխող տաբուների ամբողջականությունը, արգելքների համակարգը կոչվում է ճաշակ: Ճաշակը, իրականում, խոսքի արգելք է: Ճաշակը բարոյախոսության ու գեղագիտության ընդհանուր ծառան է, որը շփոթում են չափի հետ: (Սովորաբար ես անուններ չեմ վկայակոչում, բայց հեղինակությունները ազդում են ոմանց վրա, չնայած շատերին էլ խրտնեցնում են): Տարբեր ժամանակներում, տարբեր միջավայրերում փոփոխվում են գռեհկաբանության մասին պատկերացումները, ուրեմն ամսագիրը հրատարակելիս գերադասելի է առաջնորդվել որոշ սկզբունքներով, քան ճաշակով: 

Ինքնանպատակ ազատությո՞ւն- մեր երկրում չի կարող ազատությունը ինքնանպատակ լինել, այն տարրական անհրաժեշտություն է բոլոր ոլորտներում, պարզապես միշտ չէ, որ գիտակցված են նպատակները: Եթե ազատ արտահայտվելու բազմաթիվ տարբեր հնարավորություններ լինեն (ասենք, մի քանի հատ «Բնագիր»), այլեւս որեւէ երիտասարդ ինքնանպատակ ազատության (այսինքն` ազատություն ազատության համար) խնդիր չի ունենա, նա ուղղակի կապրի ու կգրի ազատորեն: 

Կարծիք կա, որ երկու հայհոյաբառ եւ մի զույգ բաց նկարագրություն գրելով «Բնագրի» էջերում կարելի է գրող դառնալ: Այսինքն` կարեւորը ստեղծագործության որակը չէ, այլ` ազատագրվելու միտումը: 

«Բնագիրը» ֆաբրիկա զվյոզդ չի ու գրող չի արտադրում, գրող դառնալու լիցենզիա չի տալիս: Բայց ինձ զարմացնում է` ինչի ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, թե մեկը կարող է երկու ծաղկի անուն ու հայրենի բնաշխարհի մի զույգ նկարագրություն գրելով գրող դառնալ, ինչպես որ դարձել են հարյուրավոր մարդիկ` որպես գրողության հավաստիք ստանալով գրողների միության անդամատոմս, բայց հայհոյաբառ կարդալիս վռազ անհրաժեշտություն է առաջանում ստուգել` իսկակա՞ն գրող է հեղինակը, հանկարծ սխալմունք չլինի՞: Այդ ո՞ր վերին ատյանում են դաբրո տալու, թե ով է գրող դարձել, ով` չէ: Երբեմն նույնիսկ ասում են` որ էսպես շարունակի, գրող կդառնա, կամ` մեկ ա, սրանից գրող դուրս չի գա: Ոմանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իներցիայով նման ատյանի դաբրոյին են սպասում: Եթե մեկը հավանում է ոչ նորմատիվ կամ հայհոյախոս լեզվով մի գործ, նրա համար հեղինակը գրող է, մյուսը հավանում է բուսաբանական բառերով լեցուն ուրիշ մի գործ, նրա համար էլ դրա հեղինակն է գրող: Մեկի հաստատումը մեխանիկորեն չի բացասում մյուսին, ինչպես թվում է ոմանց: 

Տպավորություն կա, որ «Բնագիրը» գրում ու կարդում են նույն մարդիկ, որ բնագրերը պտտվում են փակ շրջանում: Այդպե՞ս է: 

 Ոչ, քանի որ «Բնագրի» ինտերնետային սայթը պիկ ժամանակ (նոր համար հայտնվելուց) օրական 500 մարդ է մտնում: 

Համարից համար կայանալով հանդեսն այնուամենայնիվ պահպանում է «սամիզդատ» հրատարակչական տեսքը: Դա ընդհանուր գաղափարի մաս է կազմում, թե՞ պոլիգրաֆիական ստանդարտներ ապահովելու ֆինանսական դժվարություններ կան: 

 Ֆինանսական դժվարություններ շատ կան, բայց դրանից չէ, որ նախընտրում ենք նման համեստ ձեւավորումը (ձեւավորված է միայն կազմը եւ առաջին մեկ կամ երկու էջը, որտեղ հեղինակների լուսանկարներն են ու տեքստերից հատվածներ, մնացած էջերը միայն տեքստերն են): Քանի որ «Բնագիրը» ոչ թե թերթելու համար ենք հրատարակում, այլ ընթերցելու, ձևավորմամբ չենք ծանրաբեռնում: Հետևաբար առաջանում է սամիզդատի տպավորություն, որովհետև սամիզդատն էլ էր միայն ընթերցելու համար: Ինչ վերաբերում է կայանալուն, «Բնագիրը» առաջին համարից էլ կայացած էր, քանի որ մարմնավորում էր այն սկզբունքները, որ դրսեւորվել են միչեւ այսօր, մինչեւ 9-րդ համարը: Գուցե կայացել է «Բնագիրն».ընկալող լսարա՞նը: 

Մինչեւ «Բնագրի» լույսընծայումը, կարելի է ասել, գրականության նոր մարդկանց համար արտահայտվելու տեղ չկար: Հիմա այդ տեղը կա, բայց կարծես շատ չեն հետաքրքիր նոր անունները: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը: 

- Վերջին` 9-րդ համարում ինը նոր անուն կար, որոնք ոչ մի հայկական գրական հանդեսում մինչև հիմա չէին հրատարակվել կամ ընդհանրապես չէին հրատարակվել: Մյուսներից մի քանիսը «Բնագրի» հայտնաբերած ու արդեն մեր մշտական հեղինակներն են: Կարծում եք` քի՞չ է: Իսկ հետաքրքիր անունների մասին տարբեր կարծիքներ կան: 

«Բնագիրը» նաեւ էլեկտրոնային հանդես է: Ի՞նչ լսարան ունի, ի՞նչ արձագանքներ կան: Կարի՞ք կա «Բնագրի» գրականությունը ներկայացնել նաեւ այլ լեզուներով, կա՞ այդ պահանջը: 

-Արձագանքները կարող եք կարդալ www.bnagir.am սայթում, գրեթե օր չի լինում, որ մի նոր կարծիք չգրվի այնտեղ: Կարծիքները շատ ծայրահեղ են լինում` գովեստներից ու ոգևորված արձագանքներից մինչև անձական վիրավորանքներ: Երբեմն հայտնվում են շատ հետաքրքիր տեսակետներ ու վերլուծություններ: Այլ լեզուներով ներկայացնելու պահանջը, կարծում եմ, մենք պիտի ստեղծենք ու կարող ենք ստեղծել, բայց դրա համար ֆինանսներ են պետք, որ չունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter