HY RU EN

«ԵՊՀ Ռեստարտ»-ի նպատակն է` ունենալ ԵՊՀ, որը կրթական, լուսավոր մի կետ կլինի

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» շարժումը, որի նպատակն է բարձրաձայնել և լուծել բուհերի առանցքային խնդիրները` կրթության որակից մինչև սանիտարահիգիենիկ պայմաններ: Փետրվարի 9-ին «ԵՊՀ Ռեստարտ»-ի անդամները զուգարանի թղթի բարեգործական հավաք էին կազմակերպել ԵՊՀ գրադարանի բակում։ Ակցիան միջոց էր` ուսանողների բողոքն արտահայտելու, քանի որ նրանց պնդմամբ՝ համալսարանը չի ապահովում ուսման վարձավճարներին համապատասխան ծառայություններ։ Շարժման նպատակների շուրջ զրուցել ենք նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանի հետ:

ԵՊՀ-ի ղեկավարությունը խոստացել էր, որ նախորդ շաբաթվա վերջում զուգարանի թղթերի և դրանց կախիչների հարցը կլուծվի, սակայն հիմա էլ ֆակուլտետների զուգարաններում վիճակը նույնն է։ Արդյո ՞ք այս հարցին նորից եք անդրադառնալու, թե՞այն փակված է:

Հարցը փակված չէ: Միանշանակ, մենք, բացի զուգարանի թղթերը, մնացած ամեն պակաս բան` լսարանի կախիչներ, օդափոխիչներ, վարագույրներ, բոլորը ներկայացրել ենք ռեկտորատ, տնտեսական պատասխանատուին: Անուն, ազգանունը չեմ հիշում, բայց ինքը մեզ խոստացավ, որ մինչև շաբաթվա վերջ կտեղադրվեն: Տղաներից մեկը տեսել է, որ առևտուր արել, բերում են, դրա համար հիմա միանգամից չենք ուզում ասել` ասեցիք, չարեցիք: Սպասենք մեկ-երկու օր: Հարցը օրակարգային է, այն դուրս չի գալու: Այսինքն` որևէ հարց, որ սկզբից բարձրաձայնել ենք, մինչև լուծում չստանա, չենք փակելու: 

Փետրվարի 15-ին «ԵՊՀ Ռեստարտ»-ի իրականացրած հարցման արդյունքները` կրթության որակի, դասավանդման մեթոդների, բուֆետի, գրադարանի ու այլ հարցերի վերաբերյալ, ներկայացրել եք ԵՊՀ ռեկտորին, ռեկտորի աշխատակազմի ղեկավարին, ՈԻԽ նախագահին: Կա՞ն արձագանքներ:

Արձագանք չենք ստացել: Իրենց ուղղակի որպես ինֆորմացիա տվել ենք, որ ըստ մեր արած հարցումների` էս խնդիրները կան: Պատասխան չկա:

ՈւԽ-ի հետ որևէ համագործակցություն կա՞:

Եթե կա խնդիր, խնդրի լուծմանը նպաստող ինչ-որ առաջարկ լինի` մենք ցանկացածի հետ պատրաստ ենք համագործակցել: Բայց էս պահին համագործակցություն չկա: Մենք ենք փորձում լուծում գտնել: Բայց եթե էնպես լինի, որ ստանանք առաջարկություն, բաց ենք բոլորի առաջ: Էնպես չի, որ ՈւԽ-ն բացարձակ չի աշխատում: Գրադարանի, բուֆետների հարցը բարձրացրել էին: Էստեղ խնդիրը համակարգային է: Բոլորս պիտի աշխատենք, որովհետև բոլորիս նպատակը նույնն է` ունենալ ԵՊՀ, որը կրթական, լուսավոր մի կետ կլինի, որտեղ մարդը կմտնի ու կրթություն կստանա` ապահովված լինելով նաև տարրական պայմաններով: 

Այս պահին քանի՞ուսանող է միացել Ձեր նախաձեռնությանը:

Հիմա աշխատանքային խումբը 20-30 հոգի է: Կատարել ենք աշխատանքների հստակ բաժանում: Մի խումբն այս հարցերով է զբաղվում, մի խումբը` այլ:

ԵՊՀ-ն ունի մոտ 19 հազար ուսանողՈ՞րն է ցածր ներգրավվածության պատճառը

Անտարբերությունը ցանկացած բանում էլ կա: Դա հասարակության խնդիրն է, էնպես չի, որ միայն համալսարանում է էդպես: Ինչ-որ պրոցեսներ, թեկուզ քաղաքական, որ տեղի են ունենում երկրում, բնակչության մի 90%-ը ընդգրկված չի կամ հետաքրքրված չի դրանով: Ու բոլորը չի, որ պիտի տեղեկացված լինեն էդքան, հաշվետվություններ կարդան: Պիտի լինի ու փաստացի կա էդ խումբը, որ աշխատում է, բացերը հայտնաբերում: Մենք թշնամի չենք, էնպես չի, որ եկանք ու ուզում ենք ԵՊՀ-ի անունը պախարակենք: Որ մենք հետաքրքրված ենք, խնդիրները բարձրաձայնում ենք, չի նշանակում, թե ԵՊՀ-ի դեմ ենք: Բարձրացնում ենք հարցեր, որ ստանան լուծումներ: Նպատակը արդար է, պարզ, ուսանողական: 

Հնարավո՞ր է, որ նախաձեռնությունը զուգարանի թղթի ակցիայով սկսելը անլուրջ վերաբերմունք է ձևավորել, ու շատ ուսանողներ դրա պատճառով չեն միանում Ձեր շարժմանը:

Նայած, թե որ տեսանկյունից ու ում համար է անլուրջ: Կոնկրետ ինձ համար դա անլուրջ չի: Ես «չորս տարով վարձակալել եմ էս շենքը, վճարում եմ դրա համար», չէ ՞,  ու պիտի պահանջեմ տարրական, հասարակ պայմաններ: Դրա առաջին ու ցայտուն օրինակը զուգարանի թուղթն էր, ու էդպես եկանք ընդհանուր եզրակացության, որ պիտի սկսենք էս խնդրից: Եթե կա հստակ գումար, որ դուրս է գրվում, կան աշխատողներ, որ պիտի անեն էդ գործը... Ամոթ է, որ բարձրաձայնում ենք զուգարանի թղթի հարցը, բայց ամոթ է ոչ թե, որ բարձրաձայնում ենք, այլ որ այն չկա, ու մենք ստիպված ենք բարձրաձայնել:  

Առաջիկայում ի՞նչ ակցիաներ եք նախատեսում:

Բավականին լայն ճակատով սկսել ենք: Այլընտրանքային գրադարան ենք ուզում ստեղծել: Գրքերն արդեն կան, ցանկն ենք կազմում ու ֆորմատը, թե ոնց պիտի աշխատենք: Հիմա դեռ սաղմնային փուլում է, ամեն ինչ որոշված չի: Դասախոսությունների շարք ենք սկսում` էս փակ պատերից դուրս` ինչ-որ ազատ, խենթ, ուսանողական միջավայր ստեղծելու համար: Փետրվարի 22-ին Չարենցի արձանի մոտ առաջին դասախոսությունն էր` «Կրթական համակարգի խնդիրները ԵՊՀ-ում» թեմայով: Ու սա շարունակական է լինելու:  

Ձեր մանիֆեստը վերաբերում է ոչ միայն ԵՊՀ-ին, այլև մյուս համալսարաններին: Ինչ համագործակցություն կա այլ բուհերի հետ

Անհատներ կան, որ հետաքրքրվել են, Ճարտարագիտական, Տնտեսագիտական համալսարանից եկել, մասնակցել են մեր քննարկումներին, բայց կոնկրետ ձևավորված խմբեր չկան, որ աշխատեն, տեղի խնդիրները բարձրաձայնեն: Որպեսզի չսահմանափակվենք միայն ԵՊՀ-ով, մանիֆեստում նշել ենք նաև մյուս բուհերին, բայց կոնկրետ էս պահին ինչ-որ լուրջ համագործակցություն չկա:  

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում պատմություններ եք ներկայացնում ուսանողական շարժումների մասին, որոնք ռասիստական խնդիրներ են լուծել կամ նպաստել են բռնապետական ռեժիմների կործանմանը: Արդյո՞ք մտածում եք հետագայում համալսարանի շրջանակներից դուրս գալու և երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու մասին:

Օրինակ` ես, իհարկե կուզեի, որ լիներ բնապահպանական կամ այլ խնդիր, ու ուսանողությունը գնար էդ խնդիրները լուծելու: Յուրաքանչյուրն էլ իր ներսում ունի էդ ռոմանտիկ ցանկությունները, բայց կոնկրետ խնդիրն էս պահին ԵՊՀ-ի կրթական ոլորտը, էս վիճակը հնարավորինս դեպի դրականը փոխելն է:

Լուսանկարը` Գարիկ Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Հարցազրույցը` Աստղիկ Քեշիշյանի

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս