
Բջջային շուկայի հասույթը 2017-ին մոտ 24%-ով նվազել է
2017 թվականին Հայաստանում կապի ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 145.6 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ) տեղեկանում ենք, որ 2016 թվականի համեմատ կապի հասույթը նվազել է 4.1%-ով։ Պատճառը, ինչպես բազմիցս գրել ենք, բջջային շուկան է։
Կապի հասույթի առյուծի բաժինը գոյանում է հեռահաղորդակցության ոլորտից։ 2017-ին միայն հեռահաղորդակցության հասույթը կազմել է մոտ 136 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4.9%-ով։
Հեռահաղորդակցության հասույթն էլ, իր հերթին, հիմնականում ապահովում են բջջային և ինտերնետ հասանելիության շուկաները։ Ամբողջ նախորդ տարվա ընթացքում բջջային շուկայում անկումը շարունակվեց, իսկ ինտերնետի շուկայում զգալի աճ է նկատվում։
2017 թվականին բջջային շուկայի հասույթը կազմել է 61.8 մլրդ դրամ, անկումը՝ 23.7%:
Բջջային հեռախոսակապի դերը նվազել է OTT (անգլ. Over the Top) ծառայությունների տարածման հետեւանքով։ Դրանց ամենահայտնի օրինակներից են Skype-ը, Viber-ը, Messenger-ը, WhatsApp-ը և այլն։
Ինտերնետ հասանելիության հասույթը նույն ընթացքում կազմել է 45.1 մլրդ դրամ, աճը՝ 40%:
Լարային հեռախոսակապի հասույթն էլ նվազել է 17.2%-ով։
Ավելի վաղ, «Հետք»-ի հարցերին ի պատասխան՝ Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների ներկայացուցիչները պատմել էին, թե ինչպես են պատրաստվում կանխել ոլորտի անկումը։ Սակայն, ոլորտի տարեկան մոտ 24% անկումը ցույց է տալիս, որ առայժմ նրանց չի հաջողվել տեսանելի արդյունքների հասնել։
Մեկնաբանել