
Նոր հակահրդեհային մեքենա «Ջրվեժ» անտառապարկին
Փետրվարի 23-ին «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3- րդ փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառապարկին նվիրաբերել է բարձրակարգ հակահրդեհային տեխնիկա։
Միջոցառմանը ներկա են եղել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, «Բնության համաշխարհային հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանը և «Ջրվեժ» անտառապարկի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։
Հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել ամենաբարդ տեղանքներն ու կարող է կիրառվել նաև փրկարարական նպատակներով: Մեքենան կարելի է օգտագործել նաև ոռոգման նպատակներով հատկապես այն տարածքներում, որտեղ ոռոգման համակարգը բացակայում է։
Անտառապարկի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել է նաև համապատասխան համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կօգնեն անտառապարկի պահպանության աշխատանքներին։
Ամռանը բռնկված հրդեհներից հետո սա արդեն երկրորդ անգամն է, ինչ «Բնության համաշխարհային հիմնադրամն» աջակցում է պահպանվող տարածքներին հակահրդեհային տեխնիկայի հարցում։
Անցյալ տարվա հոկտեմբեր ամսին WWF-Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել և թարմացվել է «Խոսրովի անտառ պետական արգելոցի» հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել է հակահրդեհային այլ սարքավորումներ։
Մեկնաբանել