
Ն․ Փաշինյան «Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում»
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով խորհրդարանում հրավիրված 2008 թվականի Մարտի 1-2 իրադարձություների վերաբերյալ հանրային լսումները, հայտարարեց, որ ամբողջ օրվա ընթացքում ցավակցության խոսքեր հնչեցին զոհերի հարազատներին, այդ թվում` իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։
«Ես այդ վերաբերմունքն անկեղծ չեմ համարում, քանի որ զոհերը, բացի Համլետ Թադևոսյանից և Տիգրան Աբգարյանից, ներկայացված են որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ։ Եվ պատկերացնու՞մ եք` նախաքննությունից տասը տարի անց Գլխավոր դատախազության ներկայացուցչին ասում են՝ լավ, էդ տղերքը զինվա՞ծ են եղել, թե՞ չէ, ասում է՝ դա նախաքննության գաղտնիք է։ Ա´յ ձեր ցավը տանեմ, էս ի՞նչ ցավակցության խոսքեր են, Դուք, ներողություն արտահայտությանս, ձեռ եք առնում մեզ բոլորիս»,-ասաց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև նախկին գլլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, որ 2008 թվականի Մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարվել սահմանային լարվածության համար։
«Հրամանը ձեռքիս տակ է, այդ հրամանում ընդամենը մի բան է արվում՝ ստեղծվում է Երևան քաղաքի կայազորի պետի վարչակազմ, ամբողջ գործողությունները, որ այս հրամանով կարգավորվում է, Երևան քաղաքից այն կողմ չի անցնում, Դուք ինչի՞ մասին եք խոսում»,-ասաց Փաշինյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ փորձ է արվում պատասխանատվության բաժինն ավելի շատ գցել Ռոբերտ Քոչարյանի վրա․ «Ձեռքի հետ փորձ է արվում, որ Ռորբերտ Քոչարյանը քըխ ա, բոբո, Սերժ Սարգսյանը ոնց որ թե առանձնապես չէր ուզում։ Չհասկացանք, Սերժ Սարգսյանը կարո՞ղ ա ժէկի պետ էր, վարչապետն էր և իշխող ուժի ղեկավարը, Սերժ Սարգսյանն ուզում էր ինչ-որ բան կանգնեցնել, չէ՞ր կարողանում, ո´չ, Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն։ Ռոբերտ Քոչարյանն իր համար չէր արյուն հեղում, Սերժ Սարգսյանի համար էր հեղում, և եթե այդ արյունը չէր ուզում, մինչև հիմա Բաղրամյանում 26-ում նստած այդ արյունը չվայելեր՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին, քաղբանտարկյալներին ձեռ առնելով»։
Առավել մանրամասն՝ տեսանյութով։
Մեկնաբանել