HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15 միլիոն դրամ` գյուտի օգտագործման դիմաց

Չորս տարի առաջ Լոռու մարզի Ստեփանավանի շրջանում Վանաձորի «Շինարար» կոոպերատիվը կառուցեց «Ամրակից-1» հիդրոէլեկտրակայանը: 

 Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան Դավիդյանը վկայում է, որ կառուցումից երկու տարի առաջ «Շինարար» կոոպերատիվի նախագահ Արարատ Անդրեասյանը դիմել էր իրեն եւ խնդրել ընտրել ՀԷԿ-ի տեղն ու տալ դրա կառուցման տեխնիկական լուծումները. «Նույնիսկ պայմանագրի նախագիծ կար: Սակայն, այն չստորագրվեց: Կոոպերատիվի նախագահ Ա. Անդրեասյանն ասաց, որ գումար չունի: Առաջարկեց սկսել աշխատանքները՝ երաշխավորելով հետագայում կնքել արտոնագրային պայմանագիր, որով էլ կփոխհատուցվեն գյուտն օգտագործելու ծախսերը»,-պատմում է գյուտարարը: 

Կոոպերատիվի նախագահը պրոֆեսորի հետ ունեցած խոսակցությունները չի հերքում, սակայն գյուտի օգտագործման ու պայմանագիր կնքելու մասին նախնական պայմանավորվածություններ երբեք չի ունեցել: Իր կառուցած ՀԷԿ-ում Ա. Անդրեասյանն օգտագործել է «Նախագիծ-6» ՍՊԸ-ի նախագիծը: Ժան Դավիդյանի գյուտը, Անդրեասյանի հավաստմամբ, չի օգտագործվել: 

Սակայն Ժ. Դավիդյանը վստահեցնում է, որ իր գյուտն իսկապես կիրառված է: Այդ էին հաստատել նաեւ Լոռու մարզի առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանները, որոնք 2002-ին կայացրած իրենց վճիռներով հաստատել էին գյուտի առկայությունը ՀԷԿ-ում եւ «Շինարար» կոոպերատիվին պարտավորեցրել կնքել արտոնագրային պայմանագիր, որով կփոխհատուցվեն գյուտարարի կրած վնասները: «Առաջացավ այնպիսի վիճակ, երբ պայմանագիր չկնքվեց եւ մենք ստիպված բռնեցինք վնասների փոխհատուցման ճանապարհը»,-ասում է Ժ. Դավիդյանի փաստաբան Էդուարդ Մամիկոնյանը: Ըստ նրա՝ մի քանի անգամ հանդիպել են կոոպերատիվի նախագահի հետ, սակայն այդ հանդիպումներն արդյունք չեն տվել: 

 «Շինարար» կոոպերատիվն առհասարակ մտադիր չէ որեւէ պայմանագիր կնքել: Ա. Անդրեասյանը հայտարարում է, որ թե՛ Լոռու մարզի առաջին ատյանի, թե՛ Վերաքննիչ դատարանները վճիռ են կայացրել առանց համապատասխան փորձաքննության ու փորձագետների. «Ուստի ապացուցել, որ ՀԷԿ-ում առկա է Ժան Դավիդյանի գյուտը, անհիմն է»,-բողոքում է կոոպերատիվի նախագահը: 

«Պարզապես Արարատ Անդրեասյանն ուզում է խուսափել պատասխանատվությունից»,-ասում է տեխնիկական գիտությունների դոկտորը: Նա հաշվարկել է վնասի չափը, որը կազմել է ավելի քան 15 միլիոն դրամ: Գործը հասել է Տնտեսական դատարան՝ վնասների փոխհատուցման պահանջով: Ժ. Դավիդյանը պահանջում է փոխհատուցել այն վնասը, որ ինքը կրել է որպես գյուտարար, քանի որ ՀԷԿ-ն աշխատում է ու շահույթ բերում, որի մի մասն իրեն է պատկանում: Ա. Անդրեասյանն էլ շարունակում է պնդել, որ գյուտը ՀԷԿ-ում չի օգտագործել: Նույնիսկ կասկածներ է հայտնում, որ ընդհանրապես գոյություն ունի նման գյուտ: Նա արդեն ունի հանրապետության մի քանի մասնագետների եզրակացությունները, որոնք մերժում են գյուտի գոյությունը եւ այն համարում չարիք փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման համար: 

Տեխնիկական գիտությունների դոկտոր, ԵՊՃՀ պրոռեկտոր Ա. Բարխուդարյանը գյուտը հաստատող արտոնագիրը համարում է անհիմն ու գտնում, որ «բնագավառի ունակ մասնագետների կարծիքը հարցնելու դեպքում փորձագետները դժվար թե կարողանային հիմնավորել եւ արտոնագրել էական նորույթ չպարունակող գյուտի հայտը»: 

 Տեխնիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Մարգարյանը եւս գյուտը նորույթ չի համարում եւ առաջարկում է հանձնաժողով կազմել ու լուծել արտոնագրի հետագա իրավասության հարցը:

 Ժան Դավիդյանի գյուտարարությունը հաստատվել է 2000թ. ՀՀ Արտոնագրային վարչությունում: «Հիդրոէլեկտրակայան» գյուտի համար տրված հայտը անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրված է արտոնագիր: «Հիդրոէլեկտրակայանը» տեխնիկական գիտությունների դոկտոր Ժան Դավիդյանի տասներկուերորդ գյուտն է: 

 Ժ. Դավիդյանի գյուտարարության համար տրված արտոնագիրը չեղյալ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը Վանաձորի Տնտեսական դատարանը այդպես էլ չընդունեց, ուստի Արարատ Անդրեասյանն այն ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարան: 

«Ամրակից-1» ՀԷԿ-ը պատկանում է փոքր հիդրոէլեկտրակայանների թվին, որոնց աշխատանքի յուրահատկությունը Ժ. Դավիդյանն ամրագրել է իր նախագծերում: Ըստ նրա՝ այս դասի ՀԷԿ-երը էներգիա արտադրելու համար օգտագործում են գոյություն ունեցող ջրատարերը, այսինքն` խմելու ջուրը, տեխնիկական կամ էլ ոռոգման ջրերը, եւ սովորական ՀԷԿ-երից տարբերվում են նրանով, որ աշխատում են ջրային ռեժիմից անկախ: Ասինքն՝ սովորական ՀԷԿ-երին պահանջվում է այնքան ջուր, որքան հարկավոր է էներգիա արտադրելու համար: Փոքր կայաններում ջուրը հոսում է իր պահանջների համաձայն: Այս հիդրոէլեկտրակայանների աշխատանքի առանձնահատկությունը նաեւ այն է, որ բարձրանում է կայանի հուսալիությունն ու արտադրողականությունը: «Այն վնասը, որ ես կրել եմ որպես գյուտարար, պետք է փոխհատուցվի»,-համոզված է տեխնիկական գիտությունների դոկտոր Ժ. Դավիդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter