
Գյուղերի խանութների տերերը դժգոհում են ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերի չափերից
Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի փոքր և միջին առևտրականները իրենց դժգոհությունն են հայտնում մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի եռամսյակի համար համայնքի ավագանու որոշումով սահմանված բարձր տուրքերից:
Օրենսդիրը մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող շինությունների ներսում ոգելից խմիչքի վաճառքի եռամսյակի առավելագույն տուրքը սահմանել է մինչև 10 001 դրամ: Նույնքան էլ սահմանել է ծխախոտի արտադրանքի վաճառքի առավելագույն տուրքի չափը:
Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի առաջարկությամբ Ալավերդու ավագանին ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար սահմանել է տուրքերի առավելագույն՝ 10 հազարական դրամ չափը:
Խոշորացումից հետո Ալավերդի համայնքի մեջ մտնող Աքորի գյուղի մթերային 10 խանութների սեփականատերերը հայտնվել են ծանր տուրքերի տակ: Խոշորացումից առաջ նրանք մեկ եռամսյակում 3 հազար դրամ վճարել են ոգելից խմիչքներ վաճառելու, 3 հազար դրամ էլ՝ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տուրք:
Հրահատ Սիմոնյան |
Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանի խոսքով` խանութների սեփականատերերը Աքորի համայնքի բյուջեին ամսական վճարել են 1000 դրամ ոգելից ու խմիչքի և 1000 դրամ էլ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տուրք: Այն մեկ եռամսյակում կազմել է 6 հազար դրամ: «Խոշորացումից հետո այդ տուրքերը դարձել են եռամսյակը 20 հազար դրամ: Աքորիում ծխախոտի ու ոգելից խմիչքների տուրքերը մեկ եռամսյակում, փաստորեն, ավելացել են 14 հազար դրամով, տարվա ընթացքում՝ 56 հազար դրամով»,- ասում է Հ. Սիմոնյանը:
Աքորիի խանութների մի մասը տուրքերի ավելացումից հետո միայն ոգելից խմիչք են վաճառում, ծխախոտ չեն վաճառում: Եթե նաև ծխախոտ վաճառեն, ապա տարեկան վճարելու են 80 հազար դրամ տուրք, որը, ըստ վաճառողների, Աքորիում գրեթե անհնարին է:
Ավագանին Աքորիի նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների վարձերը 2,5 հազար դրամից դարձրել է 5 հազար դրամ: ոփոխություններ կան նաև գյուղի երաժշտական դպրոցի վարձավճարներում:
«Համայնքի ավագանին հնարավոր չի համարել օրենքով սահմանված կարգով խոշորացված առանձին բնակավայրերի համար առանձին տուրքեր և վճարներ սահմանելը»,-դժգոհում է Աքորիի վարչական ներկայացուցիչը:
Գյուղի մանկապարտեզը հիմա չի աշխատում, աշխատելու է մարտի 1-ից: Հ. Սիմոնյանի խոսքով` մարտի 1-ից արդեն կերևան մանկապարտեզի երեխաների վարձավճարների կրկնակի թանկացման հետևանքները: Ուսման վարձի թանկացման պատճառով երաժշտական դպրոցի մեկ աշակերտ դադարեցրել է հաճախումները: Հ. Սիմոնյանը ծնողներին խոստացել է անձամբ վճարել երեխայի ուսման վարձը:
Աքորիի գյուղամիջում գտնվող մթերային խանութներից մեկի սեփականատեր Ռազմիկ Պողոսյանը դժգոհեց համայնքի ավագանու կողմից սահմանած ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի տուրքերի չափից։
Ռազմիկ Պողոսյան |
«Հիմա ծխախոտ չեմ ծախում, միայն ալկոհոլային խմիչքներ եմ ծախում: Դրա համար եռամսյակում 10 հազար դրամ տուրք եմ վճարում: Ստիպված կամ խանութը փակիլ տես, կամ տուրքը տաս: Դրա համար էլ իմ խանութում դատարկություն է: Սարսափելի տուրքեր դրին: Ստիպված խանութը կփակեմ, էլի: Իմ առևտուրը եդ ամառները մի քիչ ակտիվանում է՝ միրգ , բանջարեղեն էլ եմ վաճառում»,-բացատրեց Ռազմիկը:
Աքորիի մթերային խանութներից մեկի սեփականատեր Վրույր Սիմոնյանն ասում է, որ իր համար նույնպես դժվար է ծխախոտի և ոգելից խմիչքների սահմանված տուրքեր վճարելը: «Ես և´ ծխախոտ եմ վաճառում և´ ալկոհոլային խմիչք: Մեկ որոշել էի ծխախոտ ընդհանրապես չվաճառեմ, որովհետև ինչ իմաստ ունի վաճառելը, 320 դրամանոց պապիրոսում 20 դրամ փող են թողնում, էդ էլ, որ հարկերը դուրս գաս, օգուտ էլ չի մնում: Պետք է ավտոյով պապիրոս ծախես, որ օգուտ ունենաս»,-բացատրեց Վրույրը:
Վրույր Սիմոնյան |
«Ձեր կարծիքով` տուրքերի որ չափը կարդարացվի Աքորիի խանութների դեպքում»,- հարցրինք: «Ես ո՞վ եմ, որ առաջարկեմ: Ռազմիկ Պետրոսյանի հարկը իր տարածքի քառակուսի մետրով են առաջարկել, բայց դե կարող է մարդը շատ մեծ տարածք զբաղեցնի, բայց մեջին առևտուր չլինի: Իրենք են տերը, կարան էգուց էլ գան, ասեն՝ գնացեք էս գյուղիցը։ Խոշորացումից հետո գյուղի ապագան խաթարվեց: Գյուղը չի կարելի բերել քաղաքի հետ միացնել ու քաղաքի չափերով չափել»,-ասում է Վրույրը:
Ալավերդի համայնքի մեջ մտնում են Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ բնակավայրերը: Սահմանային Ջիլիզայում վերջին տարիներին մթերային խանութ չկա: Ջիլիզցիները քաղաքից են գնում իրենց անհրաժեշտ ապրանքները։
«Կարող է առաջիկայում խանութ ունենանք, մի փոքրիկ տնակ ունենք, երևի որպես խանութ վերաբացենք»,- ասաց Ջիլիզայի վարչական ներկայացուցիչ Մհեր Վարդանյանը: Մհերը վստահ է` որպես սահմանային գյուղ Ջիլիզայի փոքրիկ կրպակը կօգտվի ցածր տուրքեր վճարելու արտոնությունից:
250 բնակիչ ունեցող Ծաղկաշատի վարչական ներկայացուցիչ Սամվել Թանդիլյանի խոսքով` «մի ստից կրպակ» կա իրենց գյուղում: «Բնակիչները իջնում են քաղաք իրենց առաջին անհրաժեշտ ապրանքները գնելու համար»,-ասաց Ս. Թանդիլյանը: Վերադառնալով ծխախոտի ու ոգելից խմիչքներ վաճառելու համար համայնքի ավագանու սահմանած տուրքերին` Ս. Թանդիլյանը հայտնեց, որ տուրքերի սահմանած բարձր դրույքաչափերի պատճառով Ծաղկաշատի միակ կրպակում ոգելից խմիչքներ չեն վաճառվում:
«Տարվա մեջ կրպակի տերը ծխախոտի վաճառքից 40 հազար դրամ եկամուտ չի ստանում, ո՞նց է կարողանալու 40 հազար դրամ տուրք տալ»,- ասում է Ս․ Թանդիլյանը:
Կաճաճկուտի վարչական ներկայացուցչությունից մեզ տեղեկացրին, որ գյուղում 343 բնակիչ է ապրում, մթերային խանութ չունեն, սակայն ոգելից խմիչքների և ծխախոտի մեկ խանութ ունեն: Ասացին նաև, որ տուրքերը բարձրացնելուց հետո խանութի տերը սկզբում փակել է խանութը, սական օրերս համայնքապետարանից նորից թույլտվություն է վերցրել ոգելից խմիչքներ և ծխախոտ վաճառելու համար:
830 բնակիչ ունցող Հաղպատի վարչական ներկայացուցիչ Վահրամ Քառյանից տեղեկացանք, որ Հաղպատում երկու մթերային խանութ կա։
Վրույր Սիմոնյանի խանութը |
«Սահմանված տուրքերը վճարում և հարմարված աշխատում են խանութները»,- հայտնեց Վահրամ Քառյանը:
Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ղեկավարն ու ավագանին որքան անողոք են եղել մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից ու խմիչքներ և ծխախոտ վաճառող փոքր ու միջին առևտրականների նկատմամբ, նույնքան էլ բարեհոգի` 500 և ավելի քառակուսի մետր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչք և ծխախոտ վաճառողների նկատմամբ: Դրանց մեջ է մտնում նաև Լոռու մարզպետին պատկանող «Կատա» առևտրի տունը: Վերջիններիս ոգելից խմիչք վաճառելու թույլտվության համար Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ավագանուն առաջարկել է մեկ եռամսյակի համար օրենսդիրի կողմից առաջարկած տուրքի առավելագույն 100 հազար մեկ դրամից 30 հազար դրամ պակաս՝ 70 հազար դրամ տուրք, իսկ ծխախոտի վաճառքի թույլտվության համար մեկ եռամսյակի համար` 60 հազար դրամ տուրք, որը օրենսդիրի կողմից առաջարկած առավելագույն 100 հազար մեկ դրամ տուրքից պակաս է 40 հազար դրամով:
Մեկնաբանել