HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անձնագիր են ուզում, ծննդականն էլ հետը»

Նանե Մակուչյան

Դեպքը պատահել է հայաստանյան հայտնի բանկերից մեկում` «Հայէկոնոմբանկում»: Ընդամենը փորձում էի հաշվեհամար բացել նորաստեղծ հասարակական կազմակերպության համար: Այստեղ լավ էր. ի տարբերություն HSBC բանկի` ոչ մի գումար չէր պահանջվում այն բացելու համար: Սա, իրոք, մեր հայաստանյան բանկերի նվաճումներից մեկն է: Բայց, թերեւս, վերջինը, որովհետեւ այստեղից սկսվում է անտրամաբանության մի շղթա, որը համաճարակի պես պատել է ոչ միայն «Հայէկոնոմ»-ին: 

 Որպես իրավաբանական անձ` ինձանից, բնականաբար, պահանջվեց Պետռեգիստրի գրանցման վկայականը: Ներկայացրի: Հաջորդը կազմակերպության տասը էջանոց կանոնադրությունն էր, որը, վստահաբար, բանկի եւ ոչ մի պաշտոնյա չէր կարդալու: Բայց սա էլ ոչինչ: Բանկի երիտասարդ մի աշխատակցուհի վճռական տոնով ասաց, թե պահանջվում է եւս մեկ փաստաթուղթ` ոչ ավել, ոչ պակաս` հասարակական կազմակերպության հիմնադիրների ժողովի արձանագրությունը: Նրանց համար, ովքեր առիթը չեն ունեցել առնչվելու հ/կ ստեղծելու գործին, տեղեկացնենք, որ հիմնադիրների ժողովի արձանագրությունն ընդամենը նախնական մի փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է Պետռեգիստրում գրանցվելու համար, եւ դրա մեջ չկա մի հավելյալ տեղեկություն, որն այս կամ այն կերպ ամրագրված չլինի Պետռեգիստրի վկայականի կամ կանոնադրության մեջ: Միակը, թերեւս, հիմնադիրների անձնագրային տվյալներն են, բայց սա էլ բանկին անհրաժեշտ չէ, որովհետեւ որեւէ օրենքով կամ կանոնադրության դրույթներով, բացի կազմակերպության նախագահից եւ գլխավոր հաշվապահից, այլ անդամ կամ հիմնադիր իրավունք չունի գործարքներ կատարել բանկում: Ավելին` Պետռեգիստրից ստացված պարզաբանմամբ, այդ հարցի որոշումը կազմակերպության նախագահի իրավասությունն է: Այսքանից հետո «Հայէկոնոմի» գլխավոր մասնաճյուղի մի երիտասարդ իրավաբան, որը համառորեն այդպես էլ չներկայացավ, մեզ սպառնաց, թե եթե հերյուրանքներ գրենք, պատասխան կտանք: Փոխարենը նույն այդ երիտասարդը ինքնավստահ տոնով փոխանակ իրավաբանական պարզաբանումներ տալու, անընդհատ հայտարարում էր. «Թուղթը պահանջվում է եւ վերջ, ամեն մեկին բացատրություն չենք տալու»:

 Մնում է ապշել, թե ով է այս անհեթեթ պահանջի հեղինակը, եւ ինչ օրենքներով է նա առաջնորդվել: Մենք, իհարկե, գնացինք այս անտրամաբանական պահանջի հետքերով: Ասենք, որ «Հայէկոնոմից» այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան մեր հարցին չլսեցինք: Անգամ, երբ հարցին խառնվել էր բանկի փոխկառավարիչը` Էդիկ Մարությանը: «Հայէկոնոմի» իրավաբանական ծառայության ղեկավար պրն Գյոզալյանն այսպես արձագանքեց պարզաբանումների մեր խնդրանքին` «Մենք իրավաբանական կոնսուլտացիաներ չենք անցկացնում»: 

 ՀՀ ԿԲ-ից ստացված պարզաբանմամբ` պահանջվող պարտադիր փաստաթղթերի խնդիրը որոշվում է նախեւառաջ ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Պետեկամուտների եւ Կենտրոնական բանկի համատեղ մշակած կարգով: Կարգում, սակայն, ոչ մի խոսք չկա Պետռեգիստրի վկայականի, կանոնադրության եւ, առավել եւս, հիմնադիրների ժողովի արձանագրության մասին: Այստեղ խոսվում է լիազորագրի մասին, որովհետեւ պահանջվում են բանկային գործարքներ կատարելու համար լիազորված անձանց ստորագրությունները: Այսքանը: Մնացյալը մեր մասնավոր բանկերի ինքնագործունեության արդյունք է: Ինքնագործունեություն, որից, ըստ ամենայնի, գլուխ չեն հանում հենց իրենք` հեղինակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter