
«Մուրաբա» տուն-սրճարանը երազանքից դարձավ իրականություն
Թամարա Աբաջյանն արդեն մեկ տարուց ավել «Մուրաբա» սրճարանի տանտիրուհին է: Ինքն իրեն այդպես է անվանում: Թբիլիսիում ծնված և մեծացած ռեժիսորը սրճարան հիմնելու գաղափար վաղուց ուներ: Ասում է` մի քանի անգամ նախաձեռնել է, տարածք է վարձակալել, սակայն նպատակն ի վերջո իրականացել է 2016թ. դեկտեմբերին.
«10 տարուց էլ երկար ժամանակ մտածել եմ նման մի բան հիմնելու մասին: Երբ վերջնականապես որոշեցի, հարցում անցկացրի ընկերներիս շրջանում, որ անուն ընտրեմ: Արդեն 19-րդ տարբերակին էինք հասել, երբ հանկարծ ասացի` «իսկ կարո՞ղ ա «մուրաբա», ու բոլորն այդ պահին ժպտացին»,- պատմում է Թամարան:
«Մուրաբան» տուն-սրճարան է, միևնույն ժամանակ showroom, որտեղ ցուցադրված են տարբեր հեղինակների ձեռագործ իրեր: Վերջերս էլ ատելյե է ավելացել, որտեղ մոդելավորող Տաթև Ավետյանը ձևում է տարատեսակ զգեստներ: Տուն-սրճարանի նոր բաժինը որոշել են անվանել «Մուրաբակուծյուռ»:
Թամարայի խոսքով`«Մուրաբայից» կարելի է ձեռք բերել տան համար նախատեսված ամեն ինչ` կահույք, հագուստ, զարդեր և այլն: Գտնվելով բարձրահարկ բնակելի շենքի առաջին հարկում` սրճարանը սկզբում այդքան էլ դրական արձագանք չի ստացել բնակիչների կողմից.
«Հարևաններիս հետ դժվար էի լեզու գտնում: Իրենց համար այդքան էլ ընդունելի չէր բակում սրճարանի առկայությունը: Բայց հիմա արդեն ամեն բան նորմալ է: Եվ հետո մեզ մոտ աղմուկ չկա, մեր միջոցառումներն էլ հանգիստ են անցնում»,-ասում է Թամարան:
Սկզբնական շրջանում 3-4 ամիս միայնակ է աշխատել, ընկերների օգնությամբ ձեռք է բերել կահույք, ինքնուրույն ներկել ու դասավորել.
«Քանի որ ինքս ոչնչից ինչ-որ բան ստացող եմ, կարող եմ մեկի մոտ մի փայտի կտոր տեսնել, ասել`«վա՜յ, ինչ լավ կախիչ է» (ծիծաղում է):
Հաճախորդների հարցում «տանտիրուհին» կարևորում է որակը, ոչ թե քանակը: Իր խոսքով` մարդիկ հաճախ են առաջարկում սրճարանն ավելի ակնառու վայր տեղափոխել, սակայն դա առանձնապես չի կարևորում: Վստահեցնում է` «Մուրաբա» եկողը պետք է տեղի մթնոլորտին համապատասխանի.
«Չեմ ուզում` սրճարանը բաց տեղում լինի, ես ամեն մեկին չեմ թողնի իմ տուն: Իսկ հաճախորդները հիմնականում ասում են` «կարծես տանը լինենք»:
Թամարան «Մուրաբան» չի դիտարկում որպես բիզնես: Ունի երազանք` նկարահանել մանկական ֆիլմ: Ողջ հասույթը որոշել է այդ նպատակին ծառայեցնել: Նշում է, որ առաջիկայում տուն-սրճարանն անցնելու է «օրվա ուտելիք» ճաշացանկին` ամեն օրվա համար առանձին ուտեստներով:
Նելլի Պետրոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Մեկնաբանել