HY RU EN

Հայկական համարանիշերով մեքենաները Վրաստան մուտք գործելիս մարտի 1-ից պետք է պարտադիր ապահովագրվեն

«2018 թվականի մարտի 1-ից օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը Վրաստանի սահմանը հատելիս պարտավոր է ապահովագրել իրեն պատկանող տրանսպորտային միջոցի նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը»:

Այս բովանդակությունը պարունակող եռալեզու գրքույկը Վրաստանի սահմանապահները տրամադրում են վրաց-հայկական Նինոծմինդա-Բավրա սահմանին հայկական համարանիշերով մեքենաների վարորդներին և սահմանը հատող բոլոր օտարերկրացիներին:

Մարտի 1-ից պարտադիր ապահովագրությունից խուսափողներին սպառնում է 100-200 լարի տուգանք, որը համարժեք է 20-40 հազար դրամին: 

Կախված տրանսպորտայիյն միջոցից և Վրաստանում գտնվելու օրերի քանակից` ապահովագրության համար սահմանված գումարի նվազագույն չափը 14 լարիից  (2800 դրամ) կարող է հասնել առավելագույնը մինչև 610 լարի  (120 հազար դրամ):

Օրինակ` մարդատար ավտոմեքենան պետք է վճարի 30 լարի (6000 դրամ) 15 օր Վրաստանի տարածքում գտնվելու համար: Իսկ 15 օրից պակաս ապահովագրություն նախատեսված չէ: Մանրամասները` աղյուսակում:

Չնայած մարտի 1-ին մնացել են հաշված օրեր, այդուհանդերձ, սահմանապահները դժվարացան պատասխանել մեր հարցին, թե որտեղ և ինչ կարգով է պետք ապահովագրել ավտոմեքենան, արդյոք հենց սահմանին` մուտք գործելիս է դա կատարվելու, թե հնարավոր է հասնել մարզկենտրոն և նոր կատարել անհրաժեշտ վճարումներ:  «Մարտի 1-ից պարզ կդառնա»,- ասաց սահմանապահը: 

Պարտադիր ապահովագրության կենտրոնի կայքում և գրքույկում միայն նշվում է, որ ապահովագրությունը կարելի է գնել բանկերում, Paybox-ի միջոցով, կենտրոնի մասնաճյուղերում, բրոկերներից և կայքէջից: 

Ապահովագրության վաճառքի կետեր նշված է Վրաստանի միայն չորս սահմաններին` Բաթումի մերձակա Սարպիում, վրաց-ռուսական սահմանի Կազբեկի անցակետում, վրաց-հայկական սահմանի Բագրատաշենի անցակետում և վրաց-ադրբեջանական սահմանի Ծիթելի Խիդիում: Բավրայի մասին որևէ տեղեկատվություն ոչ գրքույկում, ոչ էլ կայքէջում չկա:

Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդը կամ սեփականատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել պատահարի մասին Վրաստանի Ներքին գործերի նախարարության թեժ գծին` զանգահարելով 112  համարին և «Պարտադիր ապահովագրության կենտրոն»-ին` +99532 23011 հեռախոսահամարով: Վարորդը կամ սեփականատերը պետք է մնա ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում և սպասի իրավասու անձին, եթե չկա անհապաղ շտապ բժշկական օգնություն ստանալու անհրաժեշտություն: