HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դա յուրօրինակ սխրանք էր, հայրենասիրության լավագույն դրսեւորում»,- ԼՂՀ նախագահը՝ խորհրդարանի կազմման մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին մասնակցել է ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը` նվիրված ԼՂՀ-ում առաջին խորհրդարանի պատգամավորների ընտրությունների օրվան եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպմանը` նվիրված ԼՂՀ-ում առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների օրվան

Սրբազան Հայր, 
Հարգարժան պատգամավորներ,
Թանկագին հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ` ԼՂՀ բոլոր գումարումների Ազգային ժողովի պատգամավորների հավաք-հանդիպման մասնակիցներին, եւ շնորհավորել ԼՂՀ-ում առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների օրվա կապակցությամբ: Դա հիշարժան օր է, որը կարեւորագույն նշանակություն ունեցավ մեր նորանկախ պետականության կերտման գործում: 

20 տարի առաջ` 1991 թվականի դեկտեմբերի 28-ի ընտրությունները դարձան ժողովրդավարության ուղին բռնած Արցախի Հանրապետության կայացման առաջին քայլերից մեկը: Ձեւավորվեց օրենսդիր մարմինը, որին վիճակված էր ընդունել մեր պետական անկախության մասին հռչակագիրը` օրենսդրորեն ամրագրելով Անկախության հանրաքվեի արդյունքները, կազմավորել պետական կառավարման մարմինները, ստեղծել օրենսդրական դաշտ, ապահովել պետության լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններ: Եվ այդ ամենի նշանակությունը կրկնապատկվում է, եթե հաշվի առնենք, որ երկիրը գտնվում էր մեզ պարտադրված պատերազմի մեջ: Դա յուրօրինակ սխրանք էր, հայրենասիրության լավագույն դրսեւորում:

ԼՂՀ-ում առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների առջեւ դրված էին չափազանց բարդ ու պատասխանատու խնդիրներ, որոնց ճիշտ ու արդյունավետ լուծումից էր նաեւ կախված մեր ժողովրդի ապագան: Նրանցից ոմանք իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանության գործին: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նահատակներին:

20 տարվա բարձունքից կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ մեր հանրապետությունն այսօր գտնվում է բոլորովին նոր մակարդակի վրա, եւ դրանում անկասկած մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը: Վստահ եղեք, որ սերունդներն արժանիորեն կգնահատեն ձեր ջանքերը, ինչի շնորհիվ կայուն հիմք դրվեց Արցախի հետագա զարգացման համար:

Թանկագին բարեկամներ,

Այս ամենը չի նշանակում, որ մենք այլեւս անելիք չունենք: Ընդհակառակը, մեր առջեւ ծառացած են լրջագույն խնդիրներ, որոնց լուծման համար մեզնից պահանջվում է համախմբված, սկզբունքային ու հետեւողական աշխատանք: Օրենսդրական դաշտի կատարելագործումը, միջխորհրդարանական կապերի ընդլայնումը, Արցախի պաշտպանունակության ամրապնդմանն ու միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի ակտիվացումը այն հրատապ հարցերից են, որ գտնվում են մեր Ազգային ժողովի օրակարգում: 

Հարգարժան ներկաներ,

Մեր այս հանդիպումը տեղի է ունենում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` հանուն մեր հայրենի երկրի ու ժողովրդի ծաղկուն եւ բարեկեցիկ ապագայի: Թող 2012 թվականը նորանոր հաջողություններ բերի Արցախի Հանրապետությանը եւ ձեզ բոլորիդ:

Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter