
Արմեն Սարգսյանի հանդիպումները Լիբանանում
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։
Ինչպես տեղեկացնում է նախագահի թեկնածուի գրասենյաը, հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։
Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:
Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:
Հանդիպումն անցել է ջերմ գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։
Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժևորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարների իրականացմանը: Ա. Սարգսյանը շեշտադրել է, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները դեռևս բազում են և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք եւ հավաքական ջանքի ներդրում:
Մեկնաբանել