HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Արծրունու հարազատների դիմումը՝ Արման Թաթոյանին եւ Վազգեն Ռշտունուն

Ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հարազատները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին եւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին։ Ստորեւ նեկայացնում են դիմումը․  

« ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Վազգեն Ռշտունուն

Արսեն Արծրունու հարազատներից

25 Փետրվար  2018

Հարգելի պարոնայք,

Ի պատասխան մեր կողմից 2018 թ.-ի փետրվարի 18-ին հրապարակված բաց նամակի, ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը  փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ինքը կապ չունի Արսեն Արծրունու վաղակետ ազատ արձաման հետ», ավելացնելով, որ «նրան մնում է միայն այդ նամակը վերահասցեագրել համապատասխան հանձնաժողովին»:

Սակայն մենք շարունակում ենք համոզված լինել, որ Արսենի նկատմամբ իրականացվող բոլոր անօրինությունների եւ իրավունքի խախտումների համար անձամբ պատասխանատվություն է կրում ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որովհետեւ Արսենը գտնվում է ՀՀ քրեակատարողական հիմնարկում, տառապում է կյանքին սպառնացող հիվանդությամբ եւ ՀՀ դատարանները, իրավական տեսչությունները ցարդ իրավական եւ բարոյական համապատասխան վերաբերմունք չեն դրսեւորել նշված հանձնաժողովի կողմից ցուցաբերված ծայրաստիճան անիրավ, անարդար, անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ  գործելաոճի նկատմամբ:

Հարգելի պարոնայք, սույն ամսի 27-ին տեղի է ունենալու Վերաքննիչ դատարանի հերթական նիստը եւ Արսենի հարցով հրապարակվելու է վճիռ:

Բացի այն փաստից, որ հանձնաժողովն ու Առաջին Ատյանի դատարանը ցարդ արձանագրել են ՀՀ ընդունված օրենքների կոպիտ խախտումներ, նաեւ Վերաքննիչ դատարանին ներկայացվել են Արսեն Արծրունու՝ վերջերս բացահայտված առողջական վիճակի մասին ապացույցներ, որոնք փաստում են որ արգելափակման մեջ անցնող յուրաքանչյուր օր անդառնալիորեն վնասում է Արսենի առողջությանը եւ սպառնում նրա կյանքին:

Պարոն Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե այս գործն ու Արսենի նկատմամբ գործվող ոտնձգություններն իր հետ կապ չունեն, ցույց է տալիս, որ նա անտեղյակ է գործի բոլոր մանրամասնություններին: Սույն դիմումին կից ձեզ ենք ներկայացնում Հանձնաժողովի եւ Առաջին ատյանի կողմից արձանագրված Արսենի իրավունքների խախտման փաստերից մի քանիսը:

Հարգելի պարոնայք, որպես ՀՀ արդարադատության եւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպաններ, մենք՝ Արսեն Արծրունու հարազատներս, սույնով դիմում ենք Ձեզ հետեւյալով.

Վերաքննիչ դատարանի վճիռը Արսեն Արծրունու գործում առկա խայտառակության սրբագրության եզակի առիթ է: Արսենի կյանքը վտանգված է, նրա՝ մարդու տարրական իրավունքները կոպտորեն խախտված: Հասարակությունը իրազեկ է, եւ օր օրի ահագնանում է հայկական սփյուռքում եւ հայրենի հասարակության շրջանակներում այս խնդրի նկատմամբ ստեղծված անհանգստությունը:

Արդ, հորդորում ենք՝

Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել Արսենի գործը տխրահռչակ հանձնաժողովի գործունեության մեկնարկի օրվանից,

Միջնորդել ՀՀ արդարադատության նախարարին` ծանոթանալ գործի նյութերին,

Արսեն Արծրունու եւ նրա ճակատագրով անհանգստացած հազարավոր հարազատների, ընկերների եւ խղճի տեր մարդկանց ձայնը հասցնել ՀՀ պետության համապատասխան մարմիններին եւ գերատեսչություններին:

Մեր մեծ ընտանիքն անցած տասնամյակներում հավատարիմ եւ նվիրված է եղել ՀՀ պետականության ստեղծման եւ հզորացման գործընթացներին, եւ այս դեպքում նույնպես մենք ձեզ դիմում ենք միմիայն հավատքով եւ դրական սպասումներով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter