
Երբ երեխան ասում է` հաց եմ ուզում
Արցախի փողոցի չորրորդ նրբանցքում գտնվող Գեղարվեստի ուսումնարանի վթարային շենքերից մեկում մոտ մեկ տարի առաջ սկսեցին տեղավորվել անօթեւան ընտանիքներ (Տես նաեւ` «Մենք էլ ենք մարդիկ») : Այսօր շենքում ապրում է 26 ընտանիք` 106 մարդ: Մինչեւ վերջերս շենքը տեր չուներ. պարզվում է` այն որեւէ գերատեսչության հաշվեկշռում չկա: Մեկ ամիս առաջ կառավարության որոշմամբ շենքը հանձնվել է Շենգավիթի թաղապետարանին: Ինչպե՞ս կվարվի թաղապետարանը շենքի «բնակիչների» հետ, դեռեւս պարզ չէ. «Բարդ հարց է, հիմնական մասը կարիքավորներ են, սակայն դեռ պետք է գույքագրում կատարվի` պարզելու, թե ինչ կա-չկա այնտեղ: Հետո, յուրաքանչյուր դեպք առանձին պետք է ուսումնասիրվի: Մենք արդեն գիտենք, որ կան նաեւ մարդիկ, ովքեր բնակարաններ ունեն, տեսել են ազատ տեղ է, եկել, մտել են»,-ասաց Շենգավիթ համայնքի փոխթաղապետ Համլետ Հակոբյանը:
Մեր ծանոթությունը շենքի բնակիչների հետ նման եզրահանգման հիմք չեն տալիս: Այնտեղ տեղավորվածներն իսկապես աղքատ, անպահով եւ գործազուրկ մարդիկ են:
Ուսումնարանի շենքի երկրորդ հարկի զուգարանի տեղում այս պահին վերանորոգման աշխատանքներ է կատարում Սուսաննա Բոյաղջյանը: Նա աշխատում է երկաթգծի կայարանի մերձակայքում գտնվող «քրչի» շուկայում. հին շորեր է վաճառում: «Տղաս կամավոր գնաց կռվելու, քսաներկու օր հետո վերադարձավ վիրավորված` թիակն էր, ողնաշարը եւ այլն ... 1992 թվականն էր, այդ ժամանակ այստեղ շունը տիրոջը չէր ճանաչում, չգիտեի` ում դիմել, վերցրի տղայիս եւ տարա Ռուսաստան` Տուապսե: Տղայիս բուժել է տիեզերագնացների բժիշկ Վիկտորը, որը Տուապսեում հանգստանում էր: Տղայիս ոտքի կանգնեցրեց, երկու մետր չորս սանտիմետր հասակից մնացել է մեկ ու ութսունչորս: Էդքան կռացել է, մեջքը դուրս է եկել: Ողերը ուղիղ չէին կպել, մեկ տարի հետո պիտի տանեինք ձգեինք, փող չունեինք, դրա համար էլ այդպես դարձավ: Եկանք Երեւան, դժբախտության մեջ ընկանք, տղաս մտերմացավ մի մարմնավաճառ աղջկա հետ: Այդ աղջիկը հետո գնաց ոստիկանություն եւ հայտնեց, թե իբրեւ տղաս հարեւանի տնից երեք հազար դոլարի իրեր է գողացել: Դատեցին, տունն էլ բռնագրավեցին: Տղաս մեկ տարի ութ ամիս բանտ նստեց: Էդ աղջկան` Քրիստինե Պետրոսյանին, մեկ ամիս հետո կալանավորել են մարդասպանության համար, 12 տարի ազատազրկման է դատապարտված: Հետո մեր տունը դրեցին աճուրդի»:
![]() |
![]() |
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հաջողացրել է մեկ սենյականոց բնակարանը վաճառել հազար երկուհարյուր դոլարով: Միայն նշենք, որ երկու հազար թվականին նման բնակարանը նվազագույնը արժեր 5 հազար դոլար: Սա, թերեւս, հարկադիրի աշխատաոճն է: Բնակարանը մի քանի անգամ դնում են աճուրդի` իբրեւ չի վաճառվում, եւ ամեն անգամ գինը նվազեցվում է 20 տոկոսով: Այնուհետեւ վաճառում են իրենց ծանոթներից մեկին` նրանից վերցնելով որոշակի փոխհատուցում, սակայն սա առանձին նյութ է:
«Որդիս հաշմանդամ է, ամուսնացել է, յոթ ամսական տղա ունի, չի աշխատում, ես եմ պահում նրա ընտանիքը: Բժիշկն ասել է, որ կգա ժամանակ, որ կռացած է քայլելու, ես էլ ունեմ-չունեմ միայն այդ տղան ունեմ: Ամուսինս բռնցքամարտիկ էր, մահացել է, մնացել ենք այսպես: Տղաս երկու տարեկան ութ ամսական էր, երբ մահացավ ամուսինս: 2000թ.-ից, փաստորեն, տուն չունենք: Ես ապրանքագետ եմ, շեֆ խոհարար եմ եղել, լավ գործեր եմ ունեցել»,-շարունակում է պատմել Սուսաննան:
Չնայած հաշմանդամության փաստին` Սուսաննայի որդին հաշմանդամության թոշակ չի ստանում, որեւէ թուղթ չունի, որ մասնակցել է ռազմական գործողություններին. «Մի քանի տեղ գնացի, բանի տեղ չդրին, ես էլ աչքաթող արեցի: Էս շենքի մարդկանց պետք է տեր կանգնեն, երեխեքը մեղք են, չգնան բոմժ դառնան: Թողնեն գոնե սեփականաշնորհենք, գրանցվենք, որ ոտքի կանգնենք: Եթե հարուստները գռփում են հեկտարներով, մեր երկրից թող մեզ էլ էս հասնի: Քսանհինգ տարի աշխատել եմ, էսօր եկել զուգարանի ենք արժանացել:
Սուսաննա Բոյաղջյանը թոշակառու է, 4300 դրամ թոշակ է ստանում: Սակայն ոչ ինքը, ոչ էլ որդին գրանցում չունեն:
Արցախի փողոցի Գեղարվեստի ուսումնարանի շենքում կան կանայք, ովքեր փող աշխատելու համար նաեւ տղամարդիկ են ընդունում:
«Էս աղջիկներին չեմ մեղադրում, երեխա ունեն: Արտաշատցի մի աղջիկ կար, գեղեցիկ էր, ոնց որ մատիտով նկարված լիներ, ամուսինը բանտ ընկավ, ինչպե՞ս պիտի պահեր երեխուն: Ի՞նչ անի, ես նրան չեմ մեղադրում: Կան որոշները, որ լկտի են, էդ կյանքով են միայն ապրում, բայց որոշներն էլ կան, որ էդ կյանքին գնացել են կարիքից ելնելով: Գիտե՞ս ինչքան ցավալի է, երբ մարդու երեխեն ասում է` հաց եմ ուզում, չի ասում` միս եմ ուզում, խաղող եմ ուզում, դեղձ եմ ուզում, ասում է` հաց եմ ուզում»-արտասվելով ասում է Սուսաննան:
«Երկրորդ հարկի վերջին տանը մի նիհար աղջիկ կա երեք երեխաների հետ, մի օր մտա, ասաց` նստի սուրճ տամ: Ես վիճակները գիտեմ, չէի ուզում նեղություն տալ, ասի` չէ, չեմ ուզում: Ասաց` ես էլ եմ ուզում, միասին կխմենք: Նայեց` պեսոկը չկար, ասաց` վա~յ, էլի երեխեքը պեսոկը կերել են: Մարմինս մռմռաց, պատկերացրի, թե իմ թոռն է էդպես սոված: Այստեղ բոլորը դժբախտ մարդիկ են, եւ եթե կարող եք, մի բանով թեթեւացրեք նրանց հոգսը»-,ասաց Սուսաննա Բոյաղչյանը:
Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի
Մեկնաբանել