
Արթուր Օսիկյանը պաշտոնավարման տարիներին ավելացրել է իր անշարժ գույքի քանակը
Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը հունվարի 28-ից դադարեցրել է պաշտոնական պարտականությունները և այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագրեր:
Դրանց ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Օսիկյանը, 2014թ. սեպտեմբերի 3-ից, երբ ստանձնեց պաշտոնը, մինչև հրաժարականի օրը, ավելացրել է իր անշարժ գույք: Սակայն, ուշագրավն այն է, որ տարեկան հայտարարագրերում նա անշարժ գույք ձեռք բերելու մասին երբևէ չի նշել:
2014թ. ունեցել է մեկ բնակարան, որի արժեքը կազմել է 57 մլն դրամ, և այն ստացել է նվիրատվության կարգով: Սակայն, 2018թ. բնակարանների թիվը դարձել է 2, ավելացել է նաև հողամաս, ավտոտնակ:
Անփոփոխ է մնացել 2014թ. գնած ավտոմեքենան՝ TOYOTA 4 RUNNER 4.0, որի արժեքը կազմել է 18 մլն 680 հազար դրամ: Արթուր Օսիկյանը նշված ավտոմեքենան գնել է վարկով:
Նրա կինը՝ Ադրինե Սողոմոնյանը, ևս գույք ձեռք բերելու մասին չի նշել իր հայտարարագրերում: Մասնավորապես, վերջինս 43 մլն 442 հազար դրամով վաճառել է իր բնակարանը:
2015թ. վաճառել է երկու հողամաս՝ 900 հազար և 4 մլն 500 հազար դրամով: Իսկ 2016թ. 5 մլն դրամով վաճառել է TOYOTA CAMRY 2,4 L մակնիշի ավտոմեքենան: Այսինքն, Ադրինե Սողոմոնյանը միշտ գույք է վաճառել և չի գնել:
Մեկնաբանել