
3 տարուց ավելի է` դատարանը քննում է «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու գործը
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, արդեն 3 տարուց ավելի է` քննում է քրեական աշխարհում «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու վերաբերյալ խուլիգանության հոդվածով մի գործ, որը, սակայն, ավարտին չի հասնում:
Ըստ մեղադրանքի` Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Մասնավորապես՝ Սերժ Վարդանյանը և ընկերը՝ Ռոբերտ Հայրապետյանը, երթևեկության կանոնների շուրջ վիճաբանել են մեկ այլ մեքենայում գտնվող Շանթ Մարգարյանի հետ, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել:
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Այս գործը դատարան է ուղարկվել դեռևս 2014 թվականի նոյեմբերին, ու մինչ այսօր շարունակվում է քննվել:
Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ու թեև Սերժ Վարդանյանը պարբերաբար չի ներկայացել դատական նիստերին, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել:
Այս պահին, սակայն, Վարդանյանը մեկ այլ գործի շրջանակներում կալանավորվել է: Այսօր դատարան էր բերվել կալանավայրից, սակայն գործի քննությունը հետաձգվեց:
Դատական նիստին Վարդանյանի պաշտպանը չէր ներկայացել: Վերջինս դատարանին հեռախոսազանգի միջոցով հայտնել էր, որ այլ նիստով է ծանրաբեռնված, ինչպես նաև տեղեկացրել, որ Վարդանյանն իրենից հրաժարվում է: Ամբաստանյալն էլ հաստատեց այս հանգամանքը, և հաջորդ դատական նիստին նրա շահերը ներկայացնելու համար այլ պաշտպան կներգրավվի:
Դատավոր Գագիկ Պողոսյանը երեք տարուց ավելի ձգձգվող նիստի վերաբերյալ այսօր մտահոգություն հայտնեց:
«Արդեն որերորդ տարին է` ձեր գործը քննվում է ու անընդհատ ձգձգվում, կամ պաշտպան եք փոխում կամ չեք ներկայանում»,- Սերժ Վարդանյանին դիմելով՝ ասաց Գագիկ Պողոսյանն ու փորձեց պարզաբանում ստանալ Վարդանյանի նման վարքագծի վերաբերյալ, սակայն ամբաստանյալը ոչինչ չպարզաբանեց, ապա դատավորի օգնությամբ ձևակերպելով իր խոսքը՝ խնդրեց այսօրվա նիստը հետաձգել:
«Հաջորդ դատավճռին պաշտպանս կգա»,- ասաց Վարդանյանը՝ նկատի ունենալով, որ հաջորդ դատական նիստին նոր պաշտպանը ներկա չլինի:
Նշենք, որ Սերժ Վարդանյանը կալանավորված է խուլիգանության և կողոպուտ կատարելու մեկ այլ գործի շրջանակներում:
Այն բանից հետո, երբ Վարդանյանի եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը դարձավ երկու ոստիկանի մահվան ելքով վթարի մասնակից և կալանավորվեց, հերթական անգամ ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Սերժ Վարդանյանը: Շուտով տեղեկություն տարածվեց նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, Սերժ Վարդանյանը հայտնաբերվեց ու կալանավորվեց:
Նշենք, որ ինչպես Սերժ, այնպես էլ Սարգիս Վարդանյանը պարբերաբար հայտնվել են աղմկոտ իրադարձությունների կենտրոնում: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նրանց երկուսի վերաբերյալ էլ մի քանի քրեական գործ է առկա:
Սերժ Վարդանյանի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 14-ին:
Գլխավոր լուսանկարում դատավոր Գագիկ Պողոսյանն է
Մեկնաբանել