
Նախագահականում քննարկվել և ամփոփվել են 2017թ. սոցիալ-տնտեսական ոլորտի հարցեր
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական և տնտեսական ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ազգային վիճակագրական ծառայության նախագահը, ախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:
Վարչապետը նշել է, որ վերլուծություններում այսօր ներկայացվելիք նախնական ցուցանիշները նախատեսվում է այնուհետ համադրել ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող` տարվա ամբողջական ցուցանիշների հետ և ըստ այդմ ճշգրտումներ կատարել:
Օրակարգի շրջանակներում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել են ՀՀ 2017թ. տնտեսական աճի ընդհանուր նկարագիրը և հիմնական արդյունքները:
Հանրապետության նախագահը կարևորել է տնտեսական և սոցիալական ոլորտների արդյունքների պարբերական վերլուծությունը տնտեսական քաղաքականության մշակման, ճշգրտման և բարելավման համար: Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Այս առումով, Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Մեկնաբանել