
Մայիսյանում պատրաստ են ծրագրեր իրականացնել, միայն թե աջակիցներ գտնվեն
Մայիսյանի համայնքապետարանը գյուղի կենտրոնում չէ: Գյուղամիջում հանդիպած կանացից մեկը ձեռքով ցույց է տալիս ծայրը չերեւացող ճանապարհն ու բացատրում. «Ըսպես ու~ղիղ կերթաք մինչեւ վերջ ու կթեքվիք աջ, ընտեղ կտեսնիք գյուղապետարանը»: Ընթացքում ճանապարհին հադիպած հատուկենտ անցորդներից կրկին ճշտում եմ` չմոլորվելու համար: Ի վերջո, գյուղի ծայրամասում կառուցված աղյուսաշեն տների արանքում գտնում եմ այն շինությունը, որը զբաղեցնում է գյուղի վարչական ղեկավարությունը: Դուռը բաց է: Համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը տեղում չէ, բայց միակ աշխատակիցը` համակարգչային օպերատոր Աշոտ Կարապետյանը, սիրալիր ներս է հրավիրում ու տեղեկացնում, որ համայնքապետն աշխատակազմի քարտուղարի հետ մարզպետարանում են, տարել են բյուջեն հաստատելու, իսկ հաշվապահը` գանձապետարանում է: 10 րոպե անց մեզ է միանում համայնքապետի տեղակալ Արման Զաքարյանը:
Ասում եմ, որ հույս չունեի նախատոնական այս օրերին բաց տեսնել համայնքապետարանի դուռը: Աշոտն ու Արմանը ներողամիտ ժպտում են: «Մենք աշխատող գյուղապետարաններից ենք, ըդպես բան չկա, որ գաք դուռը փակ տեսնիք,-նկատում է Արման Զաքարյանը,- երբ էլ գաք, ըստեղ մարդ կա: Մենք առավոտվա 9-ից մինչեւ իրիկվա 7-ը աշխատանքի մեջ ենք»: «Իսկ ինչո՞ւ է համայնքապետարանը հայտնվել գյուղի ծայրին,- հարցնում եմ զրուցակիցներիս,- գերադասելի՞ չէր այն կառուցել գյուղի կենտրոնում»:
Աղյուսաշեն կառույցը, որտեղ ներկայումս տեղավորված է համայնքապետարանը, պատկանում է մանկապարտեզին: Երկրաշարժից հետո լիտվացի շինարարները Մայիսյանում 50 տնից բաղկացած թաղամաս են կառուցել անօթեւանների համար: Համայնքապետարանը, որ աղետից հետո տեղավորված է եղել տնակներում, 90-ականներին տեղափոխվել է մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենք, այդպես հայտնվելով ծայրամասում:
Գյումրիից 6 կմ հեռավորության վրա գտնվող Մայիսյանը 2114 բնակիչ ունի: Ամեն տարի մայիսյանցի 100-110 տղամարդ մեկնում է արտագնա աշխատանքի, մի մասն էլ գյուղի հարեւանությամբ գտնվող սեւ տուֆի հանքում է աշխատանք գտել: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ ու մեղվապահությամբ: Ժամանակին մայիսյանցիները նաեւ ճակնդեղի մշակությամբ են զբաղվել: Ախուրյանի շաքարի գործարանի կառուցման փաստը, սակայն որեւէ կերպ չանդրադարձավ գյուղի ապրելակերպի վրա: Մարդիկ հաշվարկեցին իրենց օգուտն ու վնասը ու ճակնդեղի փոխարեն որոշեցին դարձյալ կարտոֆիլ մշակել: «Դե, ճակնդեղ մշակելը շատ աշխատատար է, տանջանքը շատ, օգուտը քիչ, դրա համար էլ մերոնք որոշեցին չմշակել: Ավելի լավ է ցորեն ցանեն, մանավանդ որ մեր դաշտերից նորմալ բերք կհավաքեն»,- ասում է Արման Զաքարյանը:
Զրուցակիցներս պարծենում են, որ 2008թ.-ին հաստատված քառամյա ռազմավարական ծրագրի 80%-ը հասցրել են իրականացնել: 2009թ.-ին կառուցել, իսկ 2010թ.-ից երկու հակակարկտային կայան են շահագործել սեփական ուժերով: 12 մլն դրամ արժեքով կայանները սեփական եկամուտների հաշվին են կառուցել, որեւէ պետական կամ դոնոր կազմակերպության աջակցությունից չեն օգտվել: Եվ ամենակարեւորը, այն ներառված չի եղել զարգացման քառամյա ծրագրում: Իրականացրել են հաշվի առնելով եկամուտների հավաքագրումն ու ֆինանսական մուտքերը: Գյուղում գազիֆիկացման խնդիր չունեն: Գյումրիին մոտ գտնվելը շատ տարիներ առաջ այդ խնդիրն էլ է լուծել:
19 մլն դրամ պետական դոտացիա, 35 մլն դրամ սեփական եկամուտների հաշվին շատ մեծ ծրագրեր չէ, բայց որոշ բաներ հնարավոր է իրականացնել: Գյուղում ամեն տարի 19 կմ ընդհանուր երկարությամբ ներհամայնքային ճանապարհների կոպճային եղանակով նորոգման ու հարթեցման աշխատանքներ են իրականացնում: Ամեն տարի 10-ական կետով ընդլայնում են գյուղի գիշերային լուսավորության ցանցը:
Հաջորդ տարի շահագործման կհանձնվի Մայիսյանի մշակույթի տունը: 2004 թ.-ին ֆինանսավորման պատճառով կիսատ կառուցված շենքը ավարտուն տեսքի բերելու համար պետբյուջեից այս տարի հատկացվել է 65 մլն դրամ: «Դե, արդեն կարելի ասել, որ շենքը ավարտուն տեսք ունի, 320 տեղանոց դահլիճ ունի: Նախատեսված է մի հատվածում էլ տեղավորել համայնքապետարանը,- տեղեկացնում է Արման Զաքարյանը,- այնպես որ ծայրամասից կտեղափոխվենք կենտրոն, գյուղ էկող անծանոթի համար էլ արդեն հեշտ կլինի մեզ գտնելը»:
Գյուղի համար մյուս մեծ խնդիրը ոռոգման ցանցի վերանորոգումն է: Եթե կառուցվի եւս 3 կմ ոռոգման ցանց, ապա 180-200 հա հողատարածք այլեւս ջրաբերիացման խնդիր չի ունենա: Սա մի խնդիր է, որի մասին պարբերաբար բարձրաձայնում է համայնքապետը: «Եթե գտնվի որեւէ դոնոր կազմակերպություն կամ հիմնադրամ, մենք պարտաստ ենք 15-20% ներդրում կատարելու»,- ասում է համայնքապետարանի աշխատակից Աշոտ Կարապետյանը: Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւ դեռեւս տնակներում բնակվող 14 ընտանիք Մայիսյանում բնակարանամուտի են սպասում ամենաուշը 2013թ.-ին:
74-ամյա Հերբերթ Եղիազարյանը գյումրեցի է, բայց արդեն 23 տարի ապրում է Մայիսյան գյուղում: Երկրաշարժի ժամանակ 3 սենյականոց բնակարան է կորցրել, սակայն փոխհատուցումը սպասում է հարազատ դարձած այս բնակավայրում: «Դե, կինս ըստեղ դպրոցում դաս կուտար, մենք էլ մեր ստացած դոմիկները բերեցինք, դպրոցի հայաթը դրեցինք, ապրանք: Ես նույնիսկ Լեննականի գրանցումից եմ դուրս եկել, այսինքն 20 տարի է մայիսյանցի եմ, դպրոցը պահակ կաշխատիմ: Հեչ մե անգամ հույս չեմ ունեցել, թե քաղաք տուն կրնա սարքեն, ընձի էլ տուն տան, ըդուր համար գրանցումից էլ հրաժարվա: Կինս մահացել է, էն երկու էրեխեքս ամուսնացել, բաժան կապրին, մնացել ենք ես ու աղջիկս, օր տան բդի 2 սենյականոց տան: Հմի կսպասենք, տեսնինք, մեր թղթերը սաղ ղրկած է մարզպետարան,- ասում է Հերբերթ պապիկն ու խնդրում պահարանից սկուտեղը հանել: Հետո քաղցրեղեն ու ընդեղեն է բերում, որ գնել են Ամանորի սեղանի համար, ստիպում է օգտվել` ասելով. «Կե՛ր, կե՛ր, դու լեննագանցու տուն ես էկել, հանգիստ օգտվի: Ըսինք գրանցումով մայիսյանցի ենք, բայց հո հոգով լեննագանցի ենք մնացել, չենք փոխվել»:
Մեկնաբանել