
Երշիկ և օղի արդարադատության նախարարությանը՝ «անհայտ» նվիրատուներից
Անի Հովհաննիսյան
Ամանորին Արդարադատության նախարարությունն իր աշխատակիցներին նվիրել է երշիկ և խոզապուխտ՝ արտադրված նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի հոր ընկերությունում։
Բացի երշիկեղենից՝ նախարարության աշխատակիցները նվեր են ստացել նաև «Բելայա բերյոզկա» օղիներ, որը ներկրում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի «Սովռանո» ՍՊԸ-ն։
Նվերի փաթեթում գտնվող երշիկեղենն արտադրում է «Լումա» ՍՊԸ-ն, որի տնօրենը եւ բաժնեմասի 70%-ի սեփականատերը նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանի հայրն է՝ Սևակ Դավթյանը։ «Լումա» ՍՊԸ-ի արտադրամասը գտնվում է Աբովյան քաղաքում։ Այդ ընկերության արտադրանքի երշիկներն ու խոզապուխտը հնարավոր չէ գտնել երևանյան խանութներում և սուպերմարկետներում։ «Լումա»-ի երշիկեղենը վաճառվում է հիմնականում արտադրամասին կից խանութում և Աբովյան քաղաքի սուպերմարկետում։ Ընկերության մասին համացանցում շատ քիչ հիշատակում կա։ 2012 թ․-ին «Լումա»-ն եղել է այն 21 ընկերությունների ցանկում, որտեղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արտադրական կոպիտ խախտումներ է հայտնաբերել։
Լուսանկարում «Լումա» ՍՊԸ-ի երշիկի արտադրամասն է, որը գտնվում է Աբովյան քաղաքում։
Լուս․՝ Նարեկ Ալեքսանյանի
«Հետքը» փորձեց պարզել, թե արդյոք նախարարությունը գնել է երշիկեղենը իր աշխատակցի՝ Գարուշ Դավթյանի հոր ընկերությունից, քանի որ պետական մարմնի կողմից իր աշխատակցին փոխկապակցված անձից գնում կատարելը շահերի բախում է։
Նախարարությունից պատասխանեցին, որ նշյալ ապրանքատեսակները ոչ թե գնել, այլ նվեր են ստացել։ «Նախարարության աշխատակազմը նվերների փաթեթներ է տրամադրել իր աշխատակիցներին, որն աշխատակազմին տրամադրվել էր տարբեր նվիրատուների կողմից. վերջիններիս խնդրանքով նրանց անունները բարձրաձայնել չենք կարող»,- մեջբերում պատասխանից:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին նաև, որ երշիկ, խոզապուխտ և օղի պարունակող նվերի փաթեթ է ստացել 250 աշխատակից։
«Պիկանտնայա» տեսակի երշիկն արտադրողի խանութում 2100 դրամ է, իսկ շուկայում՝ 2400 դրամ։ Ֆիլեի մեկ կիլոգրամն արտադրողի խանութում 3800 դրամ է, իսկ Աբովյան քաղաքի սուպերմարկետում՝ 4100 դրամ։ Օղու մեկ շշի գինը տատանվում է 2750 – 2990 դրամի շրջանակներում։ Եթե գումարենք բոլոր ապրանքատեսակների միջին գինը, ստացվում է, որ ինչ-որ «անհայտ» նվիրատու Արդարադատության նախարարության ողջ կենտրոնական ապարատին 2 մլն 267 հազար դրամի նվեր է տվել։
Հանրային ծառայողին արգելվում է նվեր ստանալ
Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին վստահեցնում են, որ Ամանորի նվերների համար 2017 թվականի ՀՀ պետական բյուջեից և արտաբյուջետային միջոցներից գումարներ չեն ծախսել։
Եթե նույնիսկ Ամանորյա նվերի փաթեթի պարունակությունը նախարարությունը չի գնել, այլ նվեր է ստացել, ապա խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածը, որը սահմանում է պաշտոնյայի կողմից նվեր ընդունելու արգելքը։
Ով է նախարարությանը երշիկ և օղի նվիրում
Նախարարությունը ոչ միայն օրենքի խախտմամբ նվերներ է ընդունել, այլև գաղտնի է պահում նվիրատուների անունները։ «Հետք»-ը փորձեց ճշտել նվիրված ապրանքների արտադրող և ներկրող ընկերություններից, թե արդյոք իրենք են նման ճոխ նվերներ տրամադրել նախարարության աշխատակիցներին։
«Սովռանո» ՍՊԸ-ի հիմնադիր, պատգամավոր Արման Սահակյանը «Հետք»-ին ասաց, որ ինքն անձամբ որևէ մեկին որևէ բան չի նվիրել։ Իսկ ընկերության տնօրեն Գառնիկ Կիրակոսյանը մանրամասնեց․ «Մենք այդպիսի պրակտիկա չունենք և, ընդհանրապես, չենք նվիրել։ Բայց դե յուրաքանչյուր խանութում կա, յուրաքանչյուր մեծածախ վաճառողի մոտ կա։ Մենք՝ ընկերությունը, հաստատ նվեր որևէ մեկին չի տվել, դա հաստատ է»,- ասաց ընկերության տնօրենը։ Գառնիկ Կիրակոսյանն ընկերության հաշիվ-ապրանքագրերը ստուգելուց հետո հայտնեց նաև, որ Արդարադատության նախարարությունն իրենցից գնում չի կատարել։
Արդեն երկու օր է, ինչ «Լումա» ՍՊԸ-ից «Հետք»-ին հայտնում են, որ տնօրեն Սևակ Դավթյանը, ով նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի հայրն է, տեղում չէ, բայց երկրում է։ Անհասանելի է նաև Սևակ Դավթյանի բջջային հեռախոսահամարը։
Առաջին լուսանկարում՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է և աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը։
Անիմացիան՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել