
ՍԱՊԾ․ իրացման ցանցերը պետք է ունենան որակի պատասխանատուներ
Սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելու նպատակով՝ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն են հրավիրվել իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն։
Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք պետք է ապահովեն իրացման ցանցերի պատասխանատուները: Դա, նախ և առաջ, վերաբերում է իրացման ցանցերում որակի հսկողության պատասխանատուների նշանակմանը կամ ստորաբաժանումների ձևավորմանը: Ըստ բանախոսի՝ սա սննդամթերքի անվտանգությունը ապահովելուն միտված անհրաժեշտություն է: Վ․ Դանիելյանի խոսքով՝ անհրաժեշտ է սահմանել խիստ հսկողություն ընդունվող սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերի՝ համապատասխանաության հայտարարագրերի կամ պետական գրանցման վկայականների, պիտանության ժամկետի մակնշման, սննդամթերքի պահման պայմանների, ընդունվող սննդամթերքի ամբողջականության, տեղափոխող տրանսպորտային միջոցի մաքրության ու համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և սանիտարական նորմերի ու աշխատակիցների հիգիենայի նկատմամբ:
Որակի հսկողության պատասխանատուները պետք է հետևեն նաև, որ ժամկետանց կամ «ապագայի» սննդամթերքի ընդունումը, առավել ևս՝ վաճառքը, բացառվի:
Տեսչության պետը հատկապես կարևորել է սննդամթերքի հետկանչի դեպքերում տվյալ խմբաքանակի հաշվառման և առանձնացման ապահովումը, որի համար առաջարկվել է ստեղծել տեղեկատվության փոխանակման և գործողությունների օպերատիվության հստակ մեխանիզմ:
Ծառայությունը հիշեցնում է՝ յուրաքանչյուր տնտեսավարող ինքն է պատասխանատու իր արտադրանքի, մատուցած ծառայությունների որակի և անվտանգության համար:
Մեկնաբանել