
Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին մասնակցող օտարերկրացիները կազատվեն մուտքի արտոնագրի վճարից
Հուլիսի 19-29-ը Երևանում կայանալիք Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին և 11-րդ բանակումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի վճարից: Այս որոշումը կառավարության այսօրվա նիստին ընդունվեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով:
Սփյուռքի նախարարը մինչև հուլիսի 10-ը արտաքին գործերի նախարարություն և ոստիկանություն պետք է ներկայացնի Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները: Կառավարությունն իր պահուստային ֆոնդից, սփյուռքի նախարարի առաջարկով, գումար կհատկացնի նախարարությանը, որպեսզի վերջինս պետական բյուջե վճարի մուտքի արտոնագրերի վճարները:
Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ համատեղ մշակվել և իրականացվում են մարզամշակութային, կրթադաստիարակչական, քարոզչական և այլ ծրագրեր ու ձեռնարկներ, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նվիրված երիտասարդական, մարզական և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, աջակցություն է ցուցաբերվում սկաուտական բանակումների կազմակերպական և համահայկական խաղերի իրականացման աշխատանքներին: Սփյուռքի նախարարության 2018 թվականի գերակա խնդիրներից է Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ երիտասարդական կազմակերպությունների դերի ակտիվացումը, որի շրջանակներում էլ տեղի են ունենալու Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարությունները:
Մեկնաբանել