
Կստեղծվի բժշկական կենտրոն, որը պետք է պահպանի և վերականգնի կալանավորված անձանց, դատապարտյալների առողջությունը
Կառավարությունն այսօրվա նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով որոշեց ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ:
Բժշկական կենտրոնը պետք է պահպանի և վերականգնի քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջությունը, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկման ծառայություններ մատուցի կալանավորված անձանց:
«Առաջարկվում է ստեղծել արդարադատության նախարարության ենթակայության բժշկական սպասարկում իրականացնող կառույց: Դա հնարավորություն կընձեռի, մի կողմից` բարձրացնել վստահությունը, թերևս ամենակարևորը, որ կապահովի անկախությունը քրեակատարողական ծառայությունից»,- հարցը զեկուցելիս նշեց Հարությունյանը:
Բժշկության կենտրոնը նաև առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտություններ, ուսումնասիրություններ կիրականացնի, մասնագետների համար շարունակական մասնագիտացված զարգացման ծրագրեր կմշակի, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն կանի, քրեակատարողական բժշկության ոլորտում կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելներ, նորմատիվներ կմշակի:
Ինչպես ասվում է կառավարության ներկայացված որոշման նախագծում՝ վերջին տարիներին կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց է:
Նախարարությունն ակնկալում է, որ այս նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, կբարձրացվի մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը:
Մեկնաբանել