
Eurasia House International-ի կողմից կեղծ տեղեկություն ներկայացնելը օրինազանցություն է. բրիտանական ռեգիստրի պարզաբանումը
Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցը: Ընտրությունը կկայանա վաղը: Միակ թեկնածուն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների առաջադրած և «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը վայելող Արմեն Սարգսյանն է:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մինչ այժմ չի ներկայացրել փաստաթղթեր, որոնք կապացուցեն իր՝ վերջին 6 տարիներին միայն Հայաստանի քաղաքացի լինելու և Հայաստանում բնակված լինելու հանգամանքները, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:
Անդրադառնալով բրիտանական Eurasia House International ընկերության փաստաթղթերի «Հետք»-ի հրապարակմանը, որոնց համաձայն՝ դեռ 2014թ. Սարգսյանը ներկայացել է որպես Բրիտանիայի քաղաքացի, դեսպան Սարգսյանն ասել էր. «Դուք պատկերացնում եք՝ որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցի՞ն»: Այն, որ իր անունը ռեգիստրներում շարունակվել է նշվել «իներցիայով», Սարգսյանն ասել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Նա պնդում է, որ 2011 թվականին հրաժարվել է քաղաքացիությունից, և այն փաստաթղթերը, որոնք որ կան համացանցում, դրանք պարզապես այդպես իներցիայով շարունակել են նշել բրիտանական քաղաքացիությունը»,- հանդիպումից հետո ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։
Բրիտանական աղբյուրները գուցե շարունակեին «իներցիայով» բրիտանացի ներկայացնել Սարգսյանին, եթե այդ փաստաթղթերը չներկայացներ հենց իր ղեկավարած ընկերությունը: Companies House-ը, որին հղում էինք արել, ընկերությունների տվյալները ներկայացնում է ոչ թե իր ունեցած աղբյուրներից, այլ ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Արմեն Սարգսյանի ստորագրությունն առկա է նույն տարում՝ 2014-ին, ինչպես նաև ընկերության գոյության վերջին տարում (2015թ.) ներկայացրած այլ փաստաթղթերում:
Այս դեպքում արդյոք փաստաթղթերի մի մասը ներկայացվել է «իներցիայով», մյուս մասը՝ ընկերության ներկայացուցիչների կողմից:
Բրիտանական Companies House ռեգիստրից հայտնում են, որ սխալ տեղեկություններ գրանցելու պատասխանատվություն կրում է ընկերությունը: «Մենք մի շարք ստուգումներ ենք իրականացնում՝ համոզվելու համար, որ փաստաթղթերը համապատասխանում են իրավական պահանջներին, բայց չունենք օրենքով սահմանված ուժը կամ կարողությունը՝ ստուգելու ընկերությունների՝ մեզ ուղարկած տեղեկության ճշգրտությունը», - «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ռեգիստրի մամուլի գրասենյակից:
«Հաշվի առնելով այն, որ ներկայացվող տեղեկությունն անցնում է մեր ներքին ստուգումները, մենք ընդունում ենք այն և տեղադրում հանրային գրառումների բաժնում: Փաստը, որ տեղեկությունը տեղադրվել է հանրային գրառումներում, չպետք է ընկալվի որպես վկայություն նրա, որ Companies House-ը ստուգել կամ հաստատել է այն որևէ կերպ: Ընկերությունները պարտավոր են ապահովել, որ ներկայացնում են ճշգրիտ տեղեկություն, և օրինազանցություն է (offence)՝ ընկերությունների ռեգիստրին գիտակցաբար կամ անխոհեմաբար կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություն ներկայացնելը»,- գրված է Companies House-ի պատասխանի մեջ:
Նշենք, որ բրիտանական ընկերությունների ռեգիստրին դիմելուց բացի, «Հետք»-ը հարցումներ է ուղարկել նաև պետական մարմիններին՝ խնդրելով պարզաբանել Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: Պատասխանները կհրապարակենք ստանալուց հետո:
Մինչ այդ, Արմեն Սարգսյանը պնդում է, որ նրանց համար, որոնք երկքաղաքացի են, Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը «պարզ-մեխանիկական» է, այսինքն՝ պատասխանի կամ հաստատման սպասելու կարիք չկա: «Այն պահից, երբ որ դիմում ես քաղաքացիությունից հրաժարվելու, և դա տեղի է ունեցել 2011թ. (դեկտեմբերի 2-խմբ.), դու այլևս կարող ես քեզ համարել, որ էդ երկրի քաղաքացի չես»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ասել է Սարգսյանը և նույն միտքը կրկնել այսօր՝ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ. «Կրկնակի քաղաքացիություն ունեցող անհատների համար մերժման պրոցեդուրա չկա... և նույնիսկ անհատը չի կարող ինքը հետ կանչել իր դիմումը»:
Լուսանկարում՝ արքայազն Չարլզը և Արմեն Սարգսյանը / eurasiahouse.com
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել